Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է ռուս գեներալի վրա կրակողի ինքնությունը
Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի կատարող Լյուբոմիր Կորբան ձերբակալվել է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնից։
«ԱՄԷ գործընկերների աջակցությամբ Դուբայ քաղաքում ձերբակալվել և ռուսաստանյան կողմին է հանձնվել Ռուսաստանի քաղաքացի Լյուբոմիր Կորբան, ծնված 1960 թ․, որը հանցագործության անմիջական կատարողն է եղել», — նշել են հատուկ ծառայությունից։
Քննչական կոմիտեն հավելել է, որ Կորբան ծնունդով Տերնոպոլի մարզից է։ Նա դեկտեմբերին եկել էր Ռուսաստան՝ Ուկրաինայի հանձնարարությամբ ահաբեկչություն իրականացնելու նպատակով։
Ուրբաթ առավոտյան նա Վոլոկոլամսկի խճուղու տան մեջ Ալեքսեևի վրա է կրակել առնվազն երեք անգամ «Մակարով» ատրճանակից՝ օգտագործելով խլացուցիչ, ապա փախուստի դիմել։ Գեներալը տեղափոխվել է հիվանդանոց։ Մի քանի ժամ անց Կորբան լքել է երկիրը։ Արտահանձնումից հետո նրան Մոսկվայում կալանավորել են։
Կորբայի համախոհներն էին ռուսաստանցի Վիկտոր Վասինը և Զինաիդա Սերեբրիցկայան։ Առաջինը ձերբակալվել է Մոսկվայում, իսկ երկրորդը մեկնել է Ուկրաինա։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի, զինծառայողի կյանքի դեմ ոտնձգության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Կազմակերպիչների որոնումները շարունակվում են։


