ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՉԷԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ՄԵՐ ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՏԻԿ-ՏՈԿՈՎ ԷՐ ԴԱՏՈՒՄ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

  • Առնվազն վերաբացված նոր քննության շրջանակներում ներկայացրել ենք ապացույցներ, որ նախկին արդարադատութան նախարար, հետագայում՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ճնշված է եղել իմ և այլ դատավորների խոսքերից ու ամեն ինչ արել է մեր լիազորությունները դադարեցնելու համար:
  • Չեմ կարծում, որ բացառապես ինձ վրա էին սևեռված, բայց իմ հարցազրույցն առնվազն պատճառ դարձավ, որ այդ սևեռումներն իրագործվեն:
  • Մեզ մոտ ընդունված է ասել, թե դատավորները չպետք է խոսեն, սահմանափակված են գործող օրենսդրությամբ, բայց իրականությունն այն է, որ միջազգային օրենքներով՝ դատավորները պարտավոր են խոսել, հատկապես, երբ վտանգ են զգում իրենց անկախության համար: Երբ դատավորները վերահաս կամ արդեն իսկ հասած վտանգների մասին են խոսում, սահմանափակման որևէ մեխանիզմ չի կարող գործել:

  • Կարեն Անդրեասյանը, լինելով ԲԴԽ ոչ դատավոր անդամ, ԲԴԽ նախագահ, այդ օրը՝ ապրիլի 7-ին, փորձել էր միջամտել այդ օրը տեղի ունեցող Դատավորների ընդհանուր ժողովին, իր խոսնակի էջով քննադատել էր դատավոր Արշակ Վարդանյանին, ու ընտրության նախօրեին՝ լռության օրը, փորձել միջամտել ընտրություններին:
  • Վնգստացող դատավորների մասին Նիկոլ Փաշինյանի խոսքի առաջին հասցեատերը պետք է լիներ ԲԴԽ-ն: Ես վնգստացող դատավոր չեմ տեսել, ու դա շատ վիրավորական է առհասարակ լսել:
  • Ես չգիտեմ՝ կոնկրետ էս պահին ես դատավո՞ր եմ, թե՞ չէ: Իմ գրավոր միջնորդություններին չեն պատասխանում: Ես վերջին մեկ տարին փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվում ու հարցրել եմ՝ կարո՞ղ եմ զբաղվել այդ գործունեությամբ, թե՞ դեռ դատավոր եմ: Դեկտեմբերից պիտի պատասխանեն, մինչև հիմա ԲԴԽ-ն դեռ չի պատասխանել: Ուզում եմ իմանալ՝ եթե դատավոր եմ, փաստաբանություն չանեմ, որ չասեն՝ դատավոր է, փաստաբանություն է անում, ու հիմա էլ լիազորություններս այդ հիմքով դադարեցնեն:
  • ԲԴԽ-ն, երբ իմ լիազորությունները դադարեցրել է, իմ «մեղադրանքի» մեջ այս նշանը (…) կոնկրետ կիրառել է, ու դա արել են, որ իմ խոսքը կիսատ լինի, որ հեշտ կարողանան հիմնավորել, որ էթիկական խախտում եմ թույլ տվել: Արդարադատության նախարարությունն ու ԲԴԽ-ն էլ դրա հիման վրա վերլուծություն են արել: Պնդում եմ՝ եթե ԲԴԽ անդամները հարցազրույցս լսած լինեին, եթե նախարարության սղագրությունը կարդային, միգուցե այլ որոշում ունենային:
  • Իմ նիստը դռնփակ էին անում՝ հիմնավորելով, որ դա բխում է արդարադատության շահից: Սահմանադրական դատարանը դա չընդունեց ու անվանեց «ստվերային արդարադատություն», մի բան, որ ես անգամ առաջին ատյանի դատարանների վերաբերյալ չեմ լսել: Իրականում ոչ թե արդարադատության շահերի վտանգման մասին էին մտահոգ, այլ իրենց սեփական շահերի: Ասում էին՝ եթե հարցազրույցը դռնբաց նիստով տարածվի, ավելի շատ կհեղինակազրկի դատական իշխանությանը:
  • Կարեն Անդրեասյանն ավելի վաղ՝ 2022թ. իր հարցազրույցում ասել էր՝ ես իրեն ճնշել եմ կարծիքով: Ի՞նչ էի արել. դատավորներից կարծիքներ էի հավաքել ու ուղարկել իր էլփոստին. Ինքն էլ ճնշվել էր: Հետագայում Վենետիկի հանձնաժողովն ու ՍԴ-ն փաստեցին՝ մեր կարծիքը ճիշտ էր ու կարող էր կյանքի կոչվել: Եվրոպական դատարանի՝ նախադեպը չունեցող որոշման տեսքով փաստվեց, որ Հայաստանի Հանրապետությունում «դատախազն ու դատավորը» կարող են միմյանց հետ ֆինանսական կապ ունենալ, ու դա նշանակություն չունենա: Խոսքը Գրիգոր Մինասյանի ու Կարեն Անդրեասյանի մասին է: Բայց այս ընթացքում իրենք բազմաթիվ դատավորների լիազորություն են դադարեցրել:

  • Ստացվում է՝ հասել են իրենց նպատակին, որովհետև այնպիսի վախի մթնոլորտ են ստեղծել, որ ինձնից հետո այլևս որևէ դատավոր խոսքի համար կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել: Ըստ ԲԴԽ-ի՝ Դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության կրող չէ, իսկ ԲԴԽ-ն՝ իր ոչ դատավոր անդամներով, հենց այդ իշխանության կրողն է: Ես չեմ կարծում, որ որևէ դատավոր լրատվամիջոցների հետ շփվելու համար կարիք ունի դիմել խոսնակների, ինչպիսի ցանց ստեղծել էր ԲԴԽ-ն:
  • ԲԴԽ նախագահ լինելով՝ այդ անձը՝ Կարեն Անդրեասյանը, Ձմեռ պապիկի գործառույթով ստատուս է գրում, հետո գնում Հ1՝ հարցազրույց է տալիս, ասում՝ 5 դատավորների վերաբերյալ վարույթ են ուզել: 5 դատավորների մասին պատվիրված տեսանյութ են նկարահանում Դատական դեպարտամենտում, որտեղ 3 դատավորի պախարակում են, 2-ին՝ գովում: Մեդիան տարածում է, վերցնում են իրենց իսկ նկարած տեսանյութը մեդիայից, տանում են Արդարադատության նախարարություն, ու այդ դատավորների լիազորությունները դադարեցվում են: Սա ուղղակի չտեսնված բան է ոչ միայն մեր իրականության, այլև համաշխարհային դատական պրակտիկայի համար:
  • Երբ ԲԴԽ-ն ստեղծվում էր, անձամբ ես մտածում էի, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամները կլինեն նվազ խոցելի, որովհետև պրակտիկ դատավորները միշտ ավելի խոցելի են: Բայց վերջին 8 տարիների պատմությունն ապացուցեց, որ հակառակն է: Դատավորներն առնվազն ունեն իմունիտետ: Բայց այսօր ԲԴԽ գիտնական անդամները շատ դեպքերում նշանակվում են առանց մրցույթների, ու երբ դրանց այդ մասին ասում ես, նեղանում են:
  • Անկախ դատավոր որևէ օրենքով չեն դառնում: Ինչպես ազատությունը, այնպես էլ դատավորի անկախությունը պետք է նվաճել ճանապարհ անցնելով: Դա ամենօրյա աշխատանք է, դիմադրություն, պայքար սեփական իրավունքների համար:
  • Եթե մարդը քաղաքականությունից միանգամից նշանակվում է որպես դատավոր, առանց cooling period-ի, ինքը կախված է լինում իրեն նշանակողներից, քաղաքական հայացքներից ու կապերից: Դրա համար պետք է որոշակի ժամանակ անցնի, և այդպիսի մի օրենք հիմա դրաֆտ տարբերակով կա: Ու դա շատ լավ է:

  • Ես չեմ հավատում, որ որևէ քաղաքական իշխանություն կուզեր իր կողքին տեսնել անկախ դատական համակարգ: Դրա համար պետք է լինեն սահմանադրական երաշխիքներ: Դա միայն հայաստանյան երևույթ չէ:
  • ՄԻԵԴ-ը դատավորների գործերին առաջնահերթություն տալու որոշում ունի, քանի որ դատավորների իրավունքների խախտումների հետևանքով խախտվելու են այլ քաղաքացիների իրավունքներ:
  • Երբ իմ միջազգային գործընկերներին պատմում էի, որ մեր ԲԴԽ նախագահը դատավորներին Տիկ-տոկով է դատում, ու որոշում կայացնելուց առաջ նրանց մեղավորության մասին Տիկ-տոկում հրապարակում է անում, ինձ չէին հավատում: Փառք Աստծո, գոնե այս պահին Տիկ-տոկով դատավոր չեն պատժում:
  • Ցանկացած դատավոր փորձում է իր անկախությունը նվաճել, և եթե չլինեն ճնշումներ, դատավորներն ավելի ազատ ու անկաշկանդ կաշխատեն: Բայց այսօր իրավիճակն այնպիսին է, որ անգամ օրենքով են նրանց կաշկանդում: Այսօր, օրինակ՝ մի դատավոր 200-300 գործ է քննում, ու փոխանակ դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնեն, նոր օրենսդրական նախագիծ են բերում, որ գործերի քննության ժամկետներով կաշկանդեն նրանց: Այսօր ցանկացած ծանրաբեռնված դատավոր պոտենցիալ թիրախ է:
  • ԲԴԽ-ում այսօր փաստացի 9 դատավոր կա, որոնցից 4-ը ոչ դատավոր անդամ է, և այդ 9-ից 7-ը մեկ կամ 2 անգամ իմ գործով սխալ որոշում է կայացրել: Այս իրավիճակում իրենք ոչ թե իմ գործով, այլ իրենք հենց իրենց գործերով են դատավոր: Գոնե հոգեբանական տեսանկյունից իրենք ոչ նախանձելի վիճակում են գտնվում: Եթե ՍԴ-ն 2 անգամ իմ օգտին որոշում է կայացրել, իրենց համար հոգեբանորեն դժվար է 3-րդ անգամ ստորագրություն դնել ու որոշում կայացնել: Իրենք իրենց անցյալի դեմ են պայքարում: Շատ դժվար է կանգնել ու ասել՝ գիտե՞ք, սիրելի հանրություն, ես սխալ որոշում եմ կայացրել: Բարձր դատարան լինելով՝ դատավորի վերաբերյալ սխալ որոշումներ են կայացնում: Բոլոր հնարավոր միջոցներով փորձում եմ այս նույն կազմին բացատրել, որ կարելի է ընդունել նախկինում թույլ տված սխալները: Արատավոր շղթայի մեջ ենք: Նախկինում որոշում կայացրածները ներքաշում են ԲԴԽ նոր անդամներին:
  • Եթե Դատավորների ընդհանուր ժողով է, ի՞նչ գործ ունեն ոչ դատավոր անդամներն այնտեղ: Կամ Դատավորների օրը հենց դատավորները պետք է ներկա լինեն իրենց օրվա միջոցառմանը: Այլ հարց է, թե ուրիշներին ո՞վ է հրավիրել:
  • Գործադիրը կարող է դժգոհել դատավորներից, ամեն տեղ էլ դժգոհում են, այլ հարց է, թե դա ինչպես է արտահայտվում:

  • Ցանկացած խոհեմ իշխանություն պետք է իմանա՝ քննադատություններն առաջին հերթին իրենց են օգուտ: Կարող են չլսել կամ լսել միայն գովասանքներ ու գնալ ՄԻԵԴ որոշումներ բերել՝ անդառնալի ռեպուտացիոն վնասներ հասցնելով երկրին: 
  • Երբ դատավորները հարգալից տոնով մասնագիտական կարծիք են հայտնում ընդունվելիք օրենքի մասին, իսկ Կարեն Անդրեասյանն ասում է՝ ինձ ճնշում են, դատավորները քաղաքականությամբ են զբաղվում, ու մինչև վերջին շունչս դատավոր եմ հեռացնելու համակարգից, հասկանում ես՝ մի բան էն չէ, մարդն ադեկվատ չի արձագանքում: Եթե մարդն օրենսդրական նախագիծ է կազմում ու սկզբում գրում՝ դատավորների մազածածկույթի օրինակելի նմուշ պետք է սահմանել, ու դա հանվում է միայն լրատվամիջոցների աղմուկից հետո, նման մարդն ինչպե՞ս կարող է ընդունվել համակարգի կողմից:
  • Պրոբլեմը ոչ այնքան իր sms ստանալն էր, որքան այն, որ ինքը ոնց եկել էր առանց cooling period-ի, այնպես էլ հեռացավ: Ու ԲԴԽ-ն հայտարարություն անգամ չարեց: Sms կարող էր ստանալ, բայց դա պետք է անտեսվեր, եթե ինքը դատավոր լիներ ու մրցակցային պայմաններում դատավոր դարձած լիներ:
  • Դատավորների թիվը պետք է ավելացնել, հաստիքներ տալ, ուրիշ տարբերակ չկա, հակառակ դեպքում քաղաքացին միշտ բախվելու է

Մատչելիության իրավունքի չիրացման հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս