Աղքատի կարգավիճակում են հայտնվում մարդիկ, որոնք անգամ աշխատում են. մասնագետները՝ պարենային անվտանգության խնդիրների մասին

Հոկտեմբերի 16-ը Պարենի միջազգային օրն է. մասնագետներն արձանագրում են՝ պարենային անվտանգության առկա խնդիրներն առավել են սրվել համաշխարհային մարտահրավերների պայմաններում:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեր երկրում պարենային անվտանգության խնդիրներին՝ նկատեց, որ Հայաստանը դրանց սկսեց առավել կտրուկ արձագանքել հատկապես 2020 թվականից, երբ կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված՝ լոգիստիկ շղթաները սկսեցին վատ աշխատել, և ապա դրան հաջորդեցին 44-օրյա պատերազմի և ռուս -ուկրաինական հակամարտության թողած հետևանքները:

«Պատճառն այն է, որ մենք առավելապես ներկրող երկիր ենք, և, ցավոք, մեր արդյունաբերության մեջ պարենային ապրանքների բավարարումը մեր ներքին պահանջների մակարդակին համահունչ չէ: Ու, բնականաբար, արտահանման, ներմուծման, միջազգային լոգիստիկ շղթաների որևէ խախտման պարագայում կանգնում ենք այդ ապրանքների ուղղակի ստացման ռիսկի առաջ»,- պարզաբանեց տնտեսագետը:

Լիլյա Ամիրխանյանը լոգիստիկ հարցերին հավելեց նաև Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով թշնամու վերահսկողության տակ հայտնված վարելահողերի խնդիրը՝ նկատելով, որ ՀՀ կարիքների բավարարման համար անհրաժեշտ ցորենի 30-50 տոկոսն ապահովվել է Արցախից ներկրված ցորենի հաշվին:

Կարդացեք նաև

Ի լրումն այս ամենի՝ փորձագետն առաջարկեց նաև պարենային անվտանգության խնդիրները դիտարկել ոչ միայն՝ մեզ անհրաժեշտ ապրանքների, մթերքի որ մասն է գալիս, որը չի գալիս, կամ ինչքան կուտակված պահուստներ ունենք՝ հարցերի համատեքստում, այլ նաև այն տեսանկյունից՝ երբ մարդը, թեկուզ առկա պարենային ապրանքը, պարզապես չի կարողանում ձեռք բերել:

«2020 թվականից հետո գնաճի հետ կապված այս իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, արդյո՞ք այդ պարենային անվտանգության խնդրի հետ ուղիղ կապ չունի. ի՞նչ տարբերություն սպառողի համար՝ ապրանքը կա, չի՞ կարողանում ձեռք բերել, թե՞ ապրանքը չկա»,- նշեց մեր զրուցակիցը՝ ուշադրություն հրավիրելով բնակչության աղքատության մակարդակի ցուցանիշի վրա, որն ըստ Համաշխարհային բանկի վերջին զեկույցի՝ այս տարի կանխատեսվում է 43 տոկոսի շրջանակներում.

«Աղքատանում են կամ աղքատի կարգավիճակում են հայտնվում են մարդիկ, որոնք անգամ աշխատում են: Այսինքն՝ խնդիրն այլևս չի վերաբերում միայն այն մարդկանց, որոնք չունեն եկամուտներ, գործազուրկ են, կամ ունեն նվազագույն եկամուտներ. այսօր ՀՀ-ում անգամ միջին եկամուտներ ունեցող անձը կանգնած է այդպիսի խնդիրների առաջ, երբ չի կարողանում ամբողջովին ապահովել իր կենսական նշանակության կարիքները:

Եվ որևէ կերպ ընկալելի չէ, որ այսպիսի սրությամբ հարց ունեցող երկրում գյուղատնտեսության նախարարություն չկա: Նախարարություն, որն այսօր, առավել, քան երբևէ, պետք է գերծանրաբեռնված աշխատանք իրականացներ՝ առնվազն սննդամթերքի մասով պարենային անվտանգության խնդիրներն իր վրա վերցնելու և ինքնաբավության մակարդակ բարձրացնելու համար: Մենք ունենք գյուղատնտեսության անկումային ոլորտ (որքան էլ հակադարձ պնդումները լինեն), և սա՝ այն պարագայում, երբ շուտով կլինի 2 և ավելի տարի, ինչ ունենք պարենային անվտանգության հետ կապված բավականին լուրջ մարտահրավերներ»,- եզրափակեց Լիլյա Ամիրխանյանը:

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը 168.am-ի հետ զրույցում պարենային անվտանգության խնդիրներին անդրադառնալով՝ դարձյալ ուշադրություն հրավիրեց գյուղատնտեսության ոլորտում առկա իրավիճակի վրա:

«Միայն վիճակագրական տվյալներով առաջին կիսամյակում, անցյալ տարվա համեմատ, գյուղատնտեսությունը 4 տոկոս անկում է ունեցել, դրան հավելենք, որ այս տարի գարնանը շատ մեծ չափով խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակ է կրճատվել, ցորենի առումով էլ որոշ գոտիներում այդքան բերքառատ տարի չի եղել, ծիրանի արտահանումը նորմալ չի կազմակերպվել, ինչի հետևանքով ծիրանն է փչացել, և այլն»,- մանրամասնեց գյուղատնտեսը:

Պարենային անվտանգությանն ուղղված կառավարության ծրագրերին անդրադառնալով՝ նա նշեց՝ դրանք համակարգված չեն:

«Ցորենի սերմացուի հետ կապված մինչև հիմա չունենք նորմալ սելեկցիոն կայաններ. նորմալ որակի սերմեր չենք ստանում և, հետևաբար, նորմալ բերք չենք ստանում, սերմերը ներմուծում են, բայց վերահսկողություն չի իրականացվում, որպեսզի լինի էլիտար սերմ, և ոչ թե՝ էլիտարի անվան տակ՝ երկրորդ, երրորդ կամ առաջին վերարտադրության սերմեր, ինչն ազդում է ցորենի բերքատվության վրա, պետությունը չի վերահսկում ցանքաշրջանառության հետ կապված գործընթացը, չի կարողանում ամբողջապես վերահսկել, քվոտավորել պարարտանյութերը. անընդհատ պարարտանյութ տալու պատճառով մեր հողերը դեգրադացվում են, չի կարողանում վերահսկողություն իրականացնել տնկիների ներմուծման որակի վրա, և այգետերերն ունենում են սպառման խնդիր:

Պետությունը չփորձեց փետրվարից մինչև հիմա կանխել անասունների գլխաքանակի շեշտակի կրճատումը, ինչը վատ հետևանքներ է ունենալու առաջիկա կարճաժամկետ, միջնաժամկետ ժամանակահատվածում, եթե շարունակի՝ երկարաժամկետում ևս»,- կառավարության ծրագրերին առնչվող հիմնական խնդիրները թվարկեց գյուղատնտեսը:

Պարենային անվտանգության համատեքստում Հարություն Մնացականյանը շեշտեց Արցախում թշնամու վերահսկողության տակ հայտնված 90 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի կորստի թողած հետևանքների մասին, ապա հավելեց, որ միայն սեպտեմբերին, երբ թշնամին մտել է ՀՀ սուվերեն տարածք, 60 քկմ-ից ավելի արոտավայրեր ենք կորցրել:

Տեսանյութեր

Լրահոս