«Ալիևը քաղաքական մակարդակում աղաղակում է գոյություն չունեցող խնդիրները, ինչը մեծ հաշվով եզրեր չունի իրական փաստերի հետ». Սիրանուշ Սահակյան
Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահը կրկին հիշել է Արցախյան առաջին ազատամարտում անհետ կորած ադրբեջանցի զինվորների մասին և բողոքել, թե իբր Հայաստանը պետք է Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրի նրանց ճակատագրի և «զանգվածային գերեզմանների» ճշգրիտ վայրերի մասին։
Ալիևը դժգոհում է, թե շուրջ երկու տարի է՝ պահանջում են այդ տեղեկատվությունը, բայց Հայաստանի կառավարությունը չի տրամադրում այն։
«Հայաստանի կառավարությունը, հրաժարվելով փոխանցել Ադրբեջանին այդ տեղեկատվությունը, նմանվում է նախկին հայկական վարչակարգերի առաջնորդների հետ»,- ասել է նա, չհիշատակելով, թե Ադրբեջանն ինչ վայրագություններ է թույլ տվել հայ զինվորների հետ Արցախյան առաջին և վերջին պատերազմում, վերջին օրինակներից է սեպտեմբերի հարձակման ժամանակ Ադրբեջանի հատուկ ջոկատի զինծառայողների կողմից հայ զինծառայողներին գնդակահարելու փաստը։ Բազմաթիվ են նման վայրագությունները նաև առաջին պատերազմի ժամանակ։ Ադրբեջանը հրաժարվում է նաև Հայաստան վերադարձնել հայ ռազմագերիներին։
Ինչո՞ւ հայկական կողմը ևս նման պահանջ չի ներկայացնում Ադրբեջանին։
168.am-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն անդրադառնալով հարցին, նկատեց՝ Ադրբեջանն արդեն իսկ նման դատական գործընթաց է սկսել, երբ Հայաստանը դիմեց Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ-ի արդարադատության դատարան։ Հասկանալի էր, որ Ադրբեջանը խախտումների վերաբերյալ տեղեկություններ չուներ, բայց պետք է հայելային տարբերակով հակընդդեմ հայց ներկայացներ Հայաստանի դեմ։
«Հայցի մեծ մասը՝ չեմ ասի ամբողջովին, բայց էական մասը վերաբերում է հենց Արցախյան առաջին պատերազմին, ուստի Ալիևի հայտարարությունն էլ այս կոնտեքստում պետք է տեսնել։ Ի տարբերություն Հայաստանի բարձր ղեկավարության, ովքեր իրենց հայտարարություններում անզգույշ ու անփույթ են և նույնիսկ միտումնավոր տեսակետներ կարող են արտահայտել, որոնք կվնասեն միջազգային գործընթացներին, Ալիևն իր հայտարարություններով աջակցում է և փորձում է ապացուցողական նշանակություն տալ Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերին։ Ուստի, քաղաքական մակարդակում աղաղակում է գոյություն չունեցող խնդիրները և նախադրյալներ է ստեղծում, որպեսզի միջազգային իրավաբանները կարողանան արդյունավետ պաշտպանել Ադրբեջանի շահերը միջազգային դատական ատյաններում»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ զուտ իրավական առումով՝ ՄԻԵԴ-ը ենթարկվում է ժամկետային սահմանափակումների։ Եվրոպական դատարանում կարող են բարձրաձայնվել այնպիսի խնդիրներ, որոնք առաջ են եկել Կոնվենցիան վավերացնելուց հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ խախտումն ունի շարունակական բնույթ։
«Հասկանալի է, որ նրանց կողմից բարձրաձայնված բազմաթիվ խնդիրներ շարունակական չեն, շարունակական կարելի է դիտարկել անհետ կորածների խնդիրը, որը, բնականաբար, սիմետրիկ է, որը քննարկման առակա է դառնալու դատարանում, ուստի մերկապարանոց հայտարարություներին զուգահեռ՝ ադրբեջանական կողմը պետք է ունակ լինի ներկայացնել փաստեր և ապացույցներ, ընդ որում՝ ազնվորեն ընդունելով, որ այդ խնդիրը միակողմանի չէ, և հազարավոր հայ զինծառայողներ նաև հայկական կողմից անհետ կորած են համարվում։ Այդ պատճառով էլ կարծում եմ՝ պետք չէ խորքային ու համակողմանի վերլուծության ենթարկել, սա քաղաքական անձի հայտարարություն է, որի սպառողը միջազգային հանրությունն է, և այն մեծ հաշվով եզրեր չունի իրական փաստերի ու ապացույցների հետ»,- հավելեց Սիրանուշ Սահակյանը։
Նրա դիտակմամբ, Ադրբեջանն այս հարցը բարձրաձայնելով՝ փորձում է բարոյապես արդարացնել ներկայիս անմարդկային և հակահումանիտար վերաբերմունքը, որովհետև որևէ արդարացում չունեն, թե ինչո՞ւ են արգելում դիակների որոնողական աշխատանքները։ Կամ՝ ինչո՞ւ են արգելում փրկարարների կողմից անտառներում որոնողական աշխատանքները, սակայն իրենք փնտրում, գտնում ու գնդակահարում են հայ զինծառայողներին։
«Քանի որ այս բոլոր հարցերի պատասխանները նրանք չեն կարողանում տալ, ինքնախոստովանելով էթնիկ ատելությունն ու բնաջնջման քաղաքականությունը, փորձում են ցույց տալ, որ մարդասիրական խնդիրներով զոհ են, և աշխարհը նույն հետևողականությամբ չպետք է բարձրաձայնի հայ զոհերի խնդիրները, քանի որ ադրբեջանական կողմը և նրանց խնդիրները տևական ժամանակ աշխարհը չի կարողացել լուծել։ Այսինքն՝ այստեղ Ադրբեջանը նաև հոգեբանական հնարքների է դիմում»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։