Նիկոլ Փաշինյան-Աննա Վարդապետյան հարաբերությունների դարձերեսները. իրավապահ համակարգը՝ գլխավոր դատախազի դեմ
Երբ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության՝ գլխավոր դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է, որևէ մեկը չզարմացավ: Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնականն էր և անգնահատելի ծառայություններ էր մատուցում նրան:
Լինելով քրեական իրավունքի՝ բավականին գրագետ մասնագետ, ինչպիսիք մեծ շքեղություն են Նիկոլ Փաշինյանի թիմում, Աննա Վարդապետյանը համակարգում էր իրավապահ համակարգի աշխատանքը, ցուցումներ տալիս կոնկրետ քրեական գործերով, այդ թվում՝ նաև գրավոր տարբերակով, ինչպես օրինակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործով, խորհրդակցություններ կազմակերպում Քննչական կոմիտեում, ուր քննարկումեր էր անցկացնում քաղաքական հնչեղություն ունեցող գործերով մարտավարության ընտրության վերաբերյալ, և անգամ սկանդալային ևս մեկ ձայնագրություն հրապարակվեց, որում ընդհանուր չաթում ՔԿ պաշտոնատար անձը քննիչներին հիշեցնում էր՝ վաղը Վարդապետյան Աննան է գալու ժամը 10:00-ին, չուշանաք:
«Բարի լույս բոլորին. մի րոպե ուշադրություն։
Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ, ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որևէ բան արված չլինի»,- ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալի օգնականը։
Աննա Վարդապետյանը նաև հաճախ էր լինում ԲԴԽ-ում, երբ Խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Գագիկ Ջհանգիրյանն էր: Ռաֆիկ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը գրավոր հարցմամբ դիմել էր ԲԴԽ ու ստացել պատասխան, որ առնվազն երկու անգամ Նիկոլ Փաշինյանի օգնականը եղել է ԲԴԽ-ում, իսկ թե ինչ հարցեր նա կարող էր քննարկել ԲԴԽ նախագահի ժպ-ի հետ, դժվար չէ կռահել:
Ինչևէ, Աննա Վարդապետյանը նշանակվեց գլխավոր դատախազ, և հիմա Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների նոր մակարդակ, բնականաբար, պետք է ձևավորվի՝ հաշվի առնելով նրա զբաղեցրած պաշտոնի կշիռը:
Այս առնչությամբ, սակայն, իրարամերժ տեղեկություններ են տարածվում, թեպետ Նիկոլ Փաշինյանին ճանաչողները բավականին արժանահավատ են համարում առաջին հայացքից իրար հակասող տեղեկությունները:
Գաղտնիք չէ, որ իրավապահ համակարգում բոլոր դերակատարներն էլ խնդիրներ ունեն Աննա Վարդապետյանի հետ և, մեղմ ասած, տանել չեն կարողանում նրան Նիկոլ Փաշինյանի օգնականի թե խորհրդականի պաշտոնում նրա ծավալած գործունեության պատճառով:
Մեր աղբյուրներն այդ հարաբերությունների վերաբերյալ երկու պատմություն պատմեցին:
Այսպես՝ իր նշանակվելուց հետո, ըստ այդ տեղեկությունների, Աննա Վարդապետյանն աշխատանքային խնդիրներ է ունեցել ոստիկանության պետ Վահե Ղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ, որոնց մասին, իհարկե, տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանին:
Այստեղ հետաքրքիրն Աննա Վարդապետյանի շեֆի արձագանքն է: Մեր տեղեկություններով՝ օրինակ, Վահե Ղազարյանի դեպքում Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պետին հրահանգել է անվերապահորեն ընդունել Աննա Վարդապետյանի դիտարկումներն այս կամ այն առնչակցելի հարցի վերաբերյալ, իսկ այ, Արգիշտի Քյարամյանի դեպքում հակառակ իրավիճակն է եղել. Նիկոլ Փաշինյանը պաշտպանել է իրեն ոչ պակաս մեծ ծառայություններ մատուցած Արգիշտի Քյարամյանին:
Սա Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է՝ թիմում ինտրիգներ հրահրելու, պաշտոնատար անձանց միմյանց դեմ հանելու արդյունքում կոմպրոմատային փաթեթներ հավաքելը, ինչը վերջնարդյունքում միտված է միակ նպատակին՝ իր իշխանության մեկ օր ավել պահպանմանը:
Իսկ Քննչական կոմիտե-Աննա Վարդապետյան դեռևս խուլ հակամարտությանը կանդրադառնանք հաջորդիվ: