Աննա Վարդապետյանի «կանտոռայի» «ծառայողական անփույթ» վերաբերմունքի կամ անգործության մասին

Մայիսի 8-ին խորհրդարանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուշադրությունը հրավիրել էր այն փաստի վրա, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում իր պատասխանատվությունն ունի նաև Դատախազությունը՝ սկսած բուն պատերազմից՝ մինչև 44-օրյային առնչվող քրեական գործերը դատարան ուղարկելու ժամանակահատվածը, որոնցով հիմնականում անցնում է զինվորականությունը, հատկապես՝ օպերատիվ օղակի:

Գլխավոր դատախազը բարձրացված այս և այլ կարևոր հարցերին կոնկրետ պատասխաններից խուսափել էր և սահմանափակվել՝ ասելով, թե երբ գործն ուղարկվում է դատարան, իրենք դա հրապարակայնացնում են, ավելին՝ կան գործեր, որոնք քննվում են դռնբաց:

«Մի շարք դրվագների մասով ունենք մեղադրական դատական ակտեր, և ունենք ավարտական փուլում գտնվող վարույթներ, որոնք վերաբերում են տարբեր զինվորական պաշտոններ զբաղեցնող ծառայողների կողմից կամ անփութության, կամ դիտավորությամբ կատարված արարքներին»,- մասնավորապես, շարունակել էր Գլխավոր դատախազը:

168.amգրել է, որ 44-օրյային առնչվող բարձրաստիճան զինվորականության դեմ քրեական գործերը հիմնականում վերաբերում են ծառայողական և պաշտոնական անփութությանը և իշխանության անգործությանը և այդօրինակ արարքներին:

Կարդացեք նաև

Մայիսի 9-ին մենք գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետևյալ հարցադրումներով՝

-2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող բարձրաստիճան զինվորականության, հրամանատարների դեմ քանի՞ քրեական գործ է հարուցվել ծառայողական կամ պաշտոնական անփութություն կատարելու մեղադրանքով, քանի՞ գործ անգործություն դրսևորելու, ի՞նչ գործեր են դրանք, ովքե՞ր են մեղադրվող բարձրաստիճան զինվորականները:

-2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող բարձրաստիճան զինվորականության, հրամանատարների դեմ քանի՞ քրեական գործ է հարուցվել, որոնք վերաբերում են դիտավորությամբ կատարված արարքներին, ինչի մասին, ի պատասխան «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, ԱԺ-ում նշել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

-Ապրիլի 21-ին խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում մեղադրանքներ էր հնչեցրել զինվորականության և ՀՀ զինված ուժերի ռազմական նախկին ղեկավարության հասցեին՝ ասելով, թե՝ «զինվորականները սուտ տեղեկություններ են պատմել ռազմաճակատում տեղի ունեցած իրավիճակի ժամանակ, հինգ տարբեր տեղեկություններ են հայտնել. մեկը մի բան է ասել, մյուսը՝ մեկ այլ բան, այդ ընթացքում պետության ներսում գործի է դրվում 5-րդ շարասյունը»:

Ըստ այդմ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քանի՞ քրեական վարույթ կա զինվորականների դեմ, որը վերաբերում է պատերազմի դաշտից սուտ տեղեկություններ հայտնելուն կամ զեկուցելուն, 5-րդ շարասյան տրամաբանության մեջ գործողություններին կամ համապատասխան արարքներին, եթե նման դեպքերում օրենքով կա սահմանված պատասխանատվություն:

Մոտ մեկ շաբաթ հետո իր ուղարկած պատասխան գրության մեջ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցը մի փոքր այլ ձևակերպմամբ, ըստ էության, «քոփի» է արել ԱԺ-ում արած հայտարարությունը՝ չտալով հստակ պատասխան, որը պահանջել ենք մեր հարցման մեջ:

«Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ ավագ և բարձրագույն սպայական կազմի մի շարք զինծառայողների կողմից զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված՝ ինչպես անզգուշությամբ (այդ թվում՝ զինվորական պաշտոնական անփութության), այնպես էլ դիտավորությամբ կատարված (իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու, խաբեության եղանակով զինվորական առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտադաշտն ինքնակամ լքելու և այլն) հանցանքների կատարման դեպքերի առթիվ նախաձեռնվել են մի շարք վարույթներ, որոնցից մի մասը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ մյուս մասը նախաքննության փուլում են»,- շարադրել կամ արտատպել է Դատախազությունն իր գրության մեջ:

Կարո՞ղ ենք ասել, որ իր ձևի մեջ Աննա Վարդապետյանը կամ նրա ղեկավարած կառույցը դրսևորել է ծառայողական կամ պաշտոնական անփութություն, ինչո՞ւ չէ՝ անգործություն, երբ կարող էին բարձրաստիճան զինվորականության դեմ հարուցված մի քանի գործ հիշատակել, որպեսզի որոշակի պատկեր ձևավորվեր՝ 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան զինվորականությունը կամ հրամանատարությունն ի՞նչ տեսակ արարքներ է թույլ տվել հիմնականում, թեպետ վերևում հիշատակեցինք մեր հոդվածը, որտեղ բերել ենք ՀՀ ԶՈՒ ԳՇ և ՊԲ ղեկավարությանն առնչվող հստակ օրինակներ: Մասնավորապես՝

– ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան- մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանց ոչ պատշաճ կատարումը հանգեցրել է ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանության ձախողմանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ խարխլվել է զորքերի կառավարման համակարգը, խափանվել է ԶՀԽ-ին առաջադրված մարտական առաջադրանքի կատարումը, տապալվել է ՀՀ ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանությունը։

հնչեցրել 

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյան- մեղադրվում է  «Արեգա» բարձունքը թողնելու և այդտեղից նահանջելու հրաման տալու համար (մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին-Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը):

Բացի այս, ՊԲ նախկին հրամանատարը մեղադրվում է նաև Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու համար (մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն):

– ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյան- Սկզբում մեղադրանք էր առաջադրվել 2 դրվագով՝ հակահարվածի հայտնի օպերացիայի, որով արդարացվել էր Ջալալ Հարությունյանը, և «Ցորի» զորամասի՝ Դ-20 դիվիզիոնի վրա հարձակման դրվագով, որով դատարանը մեղավոր է ճանաչել:

Երկու դրվագն էլ վերաբերում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի դրսևորմանը կամ զինվորական պաշտոնեական անփութությանը:

– ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանմեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում հանդիսանալով պաշտոնատար անձ, պետ՝ ենթակա անձակազմի նկատմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ցուցաբերել է իշխանության անգործություն, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են նյութական ծանր հետևանքներ:

Այս շարքը կարելի է շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով, ինչը, կրկնում ենք, զլացել է անել Գլխավոր դատախազությունը:

Ընդ որում, Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցն իր գրության մեջ մեր պահանջած տեղեկությունը, այդ թվում՝ թվային, չի համարել հրապարակման ոչ ենթակա, պարզապես դրսևորվել է ոչ պատշաճ աշխատելաոճ:

Եվ սա հարցման մեջ առկա առաջին երկու հարցադրումների հետ է կապված, իսկ վերջին հարցն առհասարակ անտեսվել է:

Ի դեպ, Քննչական կոմիտեն դրա վերաբերյալ ավելի վաղ մեզ հայտնել էր, թե վիճակագրություն չեն վարում զինվորականների՝ 5-րդ շարասյան համատեքստում արարքներին առնչվող դեպքերի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս