Աննա Վարդապետյանի ջանասիրությունը «խորհուրդներ տալու» հարցում ակնհայտորեն նյարդայնացնում է իրավապահ համակարգին

Դեռևս մարտի 10-ին 168.amտեսանյութ հրապարակեց, որում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Փաստեր էին հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ տեսանյութերի, Աննա Վարդապետյանին է փոխանցել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև գործով անցնող վկաների վերաբերյալ տեղեկատվություն:

Մենք գրեթե ամենօրյա ռեժիմով լուսաբանել ենք այս խայտառակ գործելակերպի ու բացահայտված առերեևույթ հանցագործության ոդիսականը՝ ՀՀ գլխավոր դատախազությունից մինչև Ազգային անվտանգության ծառայություն, նյութերի նախապատրաստության 11-օրյա շրջան, և վերջում՝ մարտի 26-ի երեկոյան, մերժում քրեական գործ հարուցելու մասին:

Առավել զավեշտալի էր ԱԱԾ հիմնավորումը քրեական գործը մերժելու վերաբերյալ, ուր ըստ էության չէին հերքել, որ Նիկոլ Փաշինյանի օգնականը միջամտում է քրեական գործերի ընթացքին, սակայն նշել էին, որ քննիչը սոսկ խորհրդատվության համար է դիմել Աննա Վարդապետյանին՝ որպես ՀՀ քրեական իրավունքի «միակ և բացառիկ մասնագետի»:

ԱԱԾ-ում հաշվի չէին առել այն փաստը, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի օգնականը որևէ իրավունք չունի որևէ գործով խորհրդատվություն տալու, ուր մնաց թե՝ աշխատանքային փաստաթղթերում ուղղումներ կատարելու: Անտեսել էին նաև այն հանգամանքը, որ սույն տիկինը հաճախ է լինում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի առանձնասենյակում:

Քրեական գործի հարուցումը մերժվեց, ինչը, իհարկե, կբողոքարկվի, և վստահաբար դեռ այս թեմայով զարգացումների մենք ականատես կլինենք, սակայն բոլորն էին ակնկալում, որ կլինեն Աննա Վարդապետյանի՝ ապօրինի կերպով արդարադատությանը միջամտելու փաստով բազմաթիվ դեպքերի առարկայական ապացույցներ, ինչը չուշացավ:

Այսօր «Մեդիապորտ» տելեգրամային ալիքը հրապարակեց ևս մեկ ձայնագրություն, որում Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։

«Բարի լույս բոլորին. մի րոպե ուշադրություն։
Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ, ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որևէ բան արված չլինի»,- ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալի օգնականը։

Թե սրա տակից ինչպես դուրս կգան իրավապահ համակարգում, կարող ենք միայն ենթադրել. օրինակն աչքներիս առաջ է: Միայն թե այս անգամ դժվար թե պրծնեն սոսկ «խորհրդատվություն է տալիս» մանկամիտ ձևակերպումով:

Վստահաբար այսպիսի ձայնագրություններ շատ կլինեն, գուցե դրացից որոշները դառնան նաև հասարակության սեփականությունը, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ Աննա Վարդապետյանի «ջանասիրությունը» խորհուրդներ տալու հարցում ակնհայտորեն դուր չի գալիս կամ նախաքննական մարմնին, և կամ դատախազությանը, կամ էլ՝ երկուսին միասին, այլապես նախանձելի արագությամբ այսպիսի արտահոսքեր չէին լինի:

Տեսանյութեր

Լրահոս