Արցախի մասին չխոսելու Հայաստանի քաղաքականությունը շատ վտանգավոր է և շատ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ. Կարեն Միրզոյան

«Այն տեքստը, որը հրապարակվել է, և դրան հաջորդած՝ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է հաջողությամբ առաջ տանել իր օրակարգը, իսկ ՀՀ ներկայիս վարչակազմը, ՀՀ անունից բանակցողները  չեն կարողանում առաջ տանել հայ ժողովրդի շահերից բխող օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներին՝ նշեց  Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Հիշեցնենք՝  Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունն արձանագրում էր. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և, որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով՝ սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

Հայտարարութունից հետո պարզվեց, սակայն՝ կողմերի  «համաձայնությունը» բոլոր դրվագներով չի եղել․ թվիթերի էջում Նիկոլ Փաշինյանը  տեղեկացրել էր՝  Պրահայում վերահաստատել է տարածաշրջանային բոլոր հաղորդակցություններն ապաշրջափակելու առաջարկը, իսկ «Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել»:

Կարդացեք նաև

Կարեն Միրզոյանի գնահատմամբ՝ տեղի է ունեցել ևս մեկ հանդիպում, որի ընթացքում Ադրբեջանին հաջողվել է ամրագրել այն դրույթները, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում առաջ են մղում:

Ի դեպ, Պրահայի հայտարարության տեքստում որևէ կերպ չէր հիշատակվում Լեռնային Ղարաբաղը. Արցախի հարցը շրջանցելու հայկական կողմի քաղաքականության մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ Արցախի նախկին արտգործնախարարը նկատեց՝ վտանգավոր է Արցախի մասին չխոսելու՝ Հայաստանի քաղաքականությունը:

«Այդ քաղաքականությունը՝ փորձել հասնել ինչ-ինչ անվտանգության երաշխիքների Արցախի հաշվին, ոչ միայն տապալված քաղաքականություն է, այլև վտանգավոր է և շատ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ:

Մենք ականատես ենք, որ ադրբեջանական կողմը, չնայած հայկական կողմից առաջ քաշվող բազմաթիվ զիջումների, շարունակում է իր ծավալապաշտական նկրտումները և ընդհակառակը՝ ժողովրդական լեզվով ասած, ախորժակն ավելի ու ավելի է մեծանում: Այդ առումով, թյուրըմբռնումը, որ հնարավոր է հասնել ՀՀ անվտանգությանն Արցախի հաշվին,  ուղղակի հիմարություն է և շատ վտանգավոր է»,- մանրամասնեց նա:

Նկատենք՝ Պրահայում կայացած հանդիպումից ժամեր առաջ Իլհամ Ալիևը թվիթերում ցուցադրել էր իր նկրտումները՝ գրելով․ «Մենք կվերականգնենք Ղարաբաղն ու Զանգեզուրը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31