Ադրբեջանը կրկին դրական չի պատասխանել տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու Հայաստանի առաջարկին․ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցման ուղիները։ Այս մասին «Թվիթեր»-ի էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը, ով հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Ես Պրահայում կրկին վերահաստատել եմ տարածաշրջանային բոլոր հաղորդակցություններն ապաշրջափակելու մեր առաջարկը։ Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել։ Ես վերահաստատում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները՝ լիովին հարգելով մեր ինքնիշխանությունն ու օրենսդրությունը»,- գրել է Փաշինյանը։
Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն, որում ասվում է․ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»։