Պաշտոնական Ստեփանակերտը տեղին չի համարում մեկնաբանել անանուն աղբյուրներից ստացած տեղեկությունների հրապարակումները. Արցախի նախագահի խոսնակը՝ ՀԺ-ի հրապարակման մասին

Հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակվեց  «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ և «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերնագրով հոդվածը, որտեղ իբրև ներկայացրել են Հայաստանին  Ադրբեջանի ներկայացրած 5 պահանջները։ Մինչդեռ, 2022 թվականի մարտին մամուլում հրապարակված Ադրբեջանի հինգ պահանջները բոլորովին այլ բովանդակություն ունեին, մինչդեռ «Հայկական Ժամանակ»-ում հրապարակված պահանջները սրանք էին.

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում։

2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

3. Միջանցք Հայաստանի տարածքով:

Կարդացեք նաև

4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):

5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Թեպետ հրապարակման հեղինակը ստորագրել էր «Հավաստի աղբյուր», սակայն Նիկոլ Փաշինյանի ձեռագրին և ոճին ծանոթ մարդիկ պնդեցին, որ «Հավաստի աղբյուրը» նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է։

Այդուհանդերձ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի  պահանջների վերաբերյալ 168.am-ը հարց ուղղեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին։

Մասնավորապես հետաքրքրվել էինք՝ Արցախի նախագահը ծանոթացե՞լ է այս հրապարակմանը, ի՞նչ դիրքորոշում ունի։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Արցախի իշխանությունը տեղյակ է բանակցային ողջ գործընթացից, արդյո՞ք Արցախի իշխանությունը մանրամասն տեղյակ է, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ, Փաշինյան-Ալիև բանակցություններում կա՞ Արցախի հիմնախնդիրը, Արցախի նախագահն այս պահին տեղյա՞կ է, թե ինչ կատարվում այդ բանակցություններում։

Առաջին հարցի վերաբերյալ Լուսինե Ավանեսյանը պատասխանել էր.

«Անանուն աղբյուրներից ստացած տեղեկությունների հրապարակումներին Ստեփանակերտի պաշտոնական արձագանքը տեղին չեմ համարում»:

Իսկ ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա Լ. Ավանեսյանը մասնավորապես պատասխանել էր, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների իշխանությունների միջև պարբերաբար տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ, որոնց ընթացքում  Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահին է ներկայացնում միջազգային բանակցությունների մանրամասներ, Նախագահն էլ իր հերթին՝ արտահայտում է Արցախի իշխանությունների դիրքորոշումները, այդ թվում՝ անհամաձայնությունները:

«Արցախի նախագահը տեղի ունեցող խորհրդակցությունների մանրամասները ներկայացնում է  ԱՀ Անվտանգության խորհրդի անդամներին»,- ասել էր Լուսինե Ավանեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս