Ովքե՞ր են սեպտեմբերի 21-ին ծառայություն իրականացրել Եռաբլուրում՝ ոստիկաննե՞ր, թե՞ ինչ-որ օլիգարխի զինված խմբեր. ՔԿ-ի անգործության հետքերով

Եռաբլուր զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողներից 6-ն արդեն տուժող են ճանաչվել՝ քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ Եռաբլուրից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ իրենց որդիների մահվան մեղավորը չի կարող մուտք գործել Եռաբլուր։

Զոհված զինծառայողների մայրերին կարմիրբերետավոր ոստիկանները տառացիորեն քարշ էին տալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտի ասֆալտապատ տարածքի վրայով:

Կարդացեք նաև

Ոստիկանությունից հայտնել էին, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեև տեսանյութերում պարզ երևում է, որ ոստիկանները որևէ պահանջ չեն ներկայացրել: Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից հինգը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը  «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է նաև, որ վարույթի շրջանակներում պետք է հարցաքննվի ընդհանուր առմամբ 37 ծնող։ Տուժող կճանաչվեն այն ծնողները, ում նկատմամբ ոչ իրավաչափ բռնություն է կիրառվել՝ առանց իրավական պահանջ ներկայացնելու։ Ծնողների և ոստիկանության ծառայողների միջև առերես հարցաքննություն դեռևս տեղի չի ունեցել։

Ու հիմա, փաստորեն, տուժողները կան, բայց մեղադրյալները՝ ոչ, և սա՝ այն դեպքում, երբ ամենը տեղի է ունեցել տասնյակ տեսախցիկների ու վկաների ներկայությամբ:

Քննչական կոմիտեն դեպքից շուրջ երկու շաբաթ անց չի կարողանում նույնականացնել վայրագ ոստիկաններին, և սա կլիներ շատ զավեշտալի, եթե այդքան ողբերգական չլիներ:

Բացի նրանից, որ բազմաթիվ լրատվամիջոցներ ուղիղ եթերի ռեժիմում ու առանձին տեսանյութերով մանրամասն լուսաբանել են տեղի ունեցածը, և դրանցում հստակ երևում են գազանաբարո կարմիր և սև բերետավոր ոստիկանների դեմքերը, նաև առանձին փաստաբաններ են զբաղվում խնդրով, և նրանք նույնպես հրապարակել են այդ ոստիկանների լուսանկարները:

Դեռևս սեպտեմբերի 28-ին փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր 45 լուսանկար և խնդրել դրանցում պատկերված ոստիկաններին ճանաչողներին տվյալներ հայտնել:

«Նկարներում երևում են Եռաբլուրում 21.09.2022 թվականին անբարոյական հրաման կատարողներից որոշները /ակտիվները/: Եթե ճանաչում եք, խնդրում եմ մեկնաբանությամբ կամ PM (գաղտնիությունը կպահեմ) այս անձանց մասին տվյալներ տվեք: Մի մասի տվյալները արդեն կան, բայց դեմքերը մյուսների հետ թող երևան: Կրկնվող նկարներ էլ կան, տարբեր դիրքերից են նկարվել: Խնդրում եմ, օգնեք տարածել»,- գրել էր Հովհաննես Խուդոյանը՝ գրառմանը կցելով, կրկնում ենք՝ 45 լուսանկար:

Այսինքն՝ Քննչական կոմիտեն ցանկանում է ասել, որ ուսումնասիրել է այդ լուսանկարները և որևէ ոստիկանի չի՞ կարողացել նույնականացնել:

Այդ ոստիկանները հստակ տարբերանշան ունեն, ներկայացնում են ոստիկանության առանձին ստորաբաժանում, որի քարտադարանում վստահորեն կան լուսանկարների ոստիկանների դեմքերը: Եվ եթե այս լուսանկարների ոստիկաններին ՔԿ-ն ուզել է, շատ է ուզել, բայց չի կարողացել նույնականացնել, նշանակում է այդ համազգեստի ներքո ինչ-որ մերձիշխանական օլիգարխի անձնական թիկնազորի անդամներն են ծվարած:

Ու հիմա Քննչական կոմիտեն, Ոստիկանությունն արդեն խնդիր ունեն հանրությանը ներկայացնելու՝ ովքե՞ր են սեպտեմբերի 21-ի առավոտյան ծառայություն իրականացրել Եռաբլուրում:

Տեսանյութեր

Լրահոս