Մաքրողի 200 հաստիքը չենք կարողացել համալրել, և, եթե քաղաքացիներ կան, ովքեր պատրաստակամություն ունեն աշխատել մեր հիմնարկում, մեծ սիրով սպասում ենք. Հրաչյա Սարգսյան
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը հայտնեց, որ սեփական տների բնակիչները դժգոհում են, որ գույքահարկը և ամեն ինչ թանկացել է, դժգոհում են նաև, որ չեն մաքրվում բակերը:
«Հիշում եմ, որ բավականին շատ աշխատողներ ընդունեցինք, բայց անարդար է, որ շենքերի բակերը մաքրվում են, իսկ սեփական սեկտորի բակերն ու փողոցները՝ ոչ»,- ասաց ավագանու անդամը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց. «Դուք ճիշտ եք հիշում, դեռ տարվա սկզբին էր, որ հաստիքացուցակ ավելացրեցինք 200 մաքրուհիներով, բայց ցավոք, այդ 200 հաստիքը չենք կարողացել համալրել: Եթե չեմ սխալվում՝ շուրջ 50-ն ենք կարողացել համալրել: Այսինքն, այս պահի դրությամբ մենք խնդիր ունենք, և եթե քաղաքացիներ կան, ովքեր պատրաստակամություն ունեն աշխատել մեր հիմնարկում, մեծ սիրով սպասում ենք, անպայման կընդունենք աշխատանքի»:
Ինչ վերաբեում է սեփական տներին հարակից փողոցների մաքրմանը՝ քաղաքապետը կարծիք հայտնեց, որ կոմունալ վարչությունը պետք է հասկանա, թե ինչ պարբերականությամբ են իրականացվում այդ մաքրման աշխատանքները:
«Ես գիտեմ, որ նույնիսկ այս պահի դրությամբ բազմաբնակարան շենքերում այնպես չէ, որ ամենօրյա աշխատանք են իրականացնում: Այսինքն, մի պլանի մեջ պետք է ներառվի և ինչ-որ պարբերականությամբ արվի»,- ասաց Հրաչյա Սարգսյանը: