Դավիթ Գիշյանի օրինակը ցույց է տալիս Ադրբեջանի՝ առնվազն 2010 թվականից վարվող քաղաքականությունը. Արա Ղազարյան

Օրերս Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության գրասենյակն անդրադարձել էր գերության մեջ սպանված Դավիթ Գիշյանի ողբերգական դեպքին՝ հայտնելով, որ վերջինի մասին տեղեկացրել են Եվրոպական դատարանին:

«Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը։ Դիմել ենք նաև 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։ Պահանջում ենք Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառել հրատապ միջոց, ոչ թե ժամանակ խնդրել պատասխանի համար»,- նշել էր գրասենյակի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:

«Պատերազմական հանցագործություն. խոշտանգում, սպանություն. Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավոր ուղիներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն այս առնչությամբ արձանագրել է, որ նման գործեր ներկայացվում են առնվազն 2016 թվականից՝ եթե խոսքը զինծառայողների մասին է, իսկ դրանից առաջ՝ նաև քաղաքացիական անձանց վերաբերյալ:

«Ադրբեջանը, իհարկե, կփորձի ներկայացնել որևէ բացատրություն, բայց, բնական է՝ նման դեպքերով խախտում միանշանակ կարձանագրվի: Ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանը շարունակում է նման դեպքերն օգտագործել՝ որպես պատերազմի գործիք: Այսինքն՝ 2016 թվականից սկսած՝ իրավական գործընթացները դեռ իրենց հավաքական ազդեցությունը չունեն այնպես, որ կարողանան հակազդել Ադրբեջանի գործողություններին»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Միջազգային իրավունքի մասնագետը, սակայն, անհրաժեշտ համարեց այս իրավական գործընթացների շարունակականությունը՝ վստահությամբ, որ, ի վերջո, կգա մի պահ, երբ Ադրբեջանի ռեսուրսները միջազգային իրավական տարբեր պլատֆորմներում կսպառվեն և կձևավորվի հանրային գլոբալ կարծիք, որ Ադրբեջանը սպառնալիք և վտանգ է միջազգային և տարածաշրջանային խաղաղությանը:

«Արդեն ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում առաջին անգամ օգտագործվեց «ագրեսոր» պիտակը՝ թեև դեռ ոչ վստահաբար և ոչ բոլորի կողմից, բայց այդ մեկ օրինակը՝ Գիշյանի օրինակը, ընդհանրացնող օրինակ է, դա ցույց է տալիս Ադրբեջանի քաղաքականությունը, որն առնվազն 2010 թվականից է, երբ Ադրբեջանը սկսեց էսկալացիա սահմանի վրա:

Կարծում եմ՝ մոտ ապագայում, երբ Հաագայի դատարանում դատական գործերը կմտնեն իրենց հիմնական՝ եզրափակիչ փուլը, արդեն ավելի ու ավելի շատ միջազգային դերակատարներ, սուբյեկտներ կսկսեն բացեիբաց խոսել, որ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև, ընդհանրապես, միջազգային անվտանգությանը:

Իսկ դա արդեն կարող է բերել լուրջ հետևանքների տվյալ պետության համար: Առայժմ կողմերը դեռ բավարարում են՝ այս դեպքերը ներկայացնելով որպես սահմանային միջադեպ, բայց որքա՞ ն պետք է պնդեն, որ սա սահմանային միջադեպ է. դա ուղղակի արդեն տանում է աբսուրդի դաշտ»,- հավելեց բանախոսը:

Տեսանյութեր

Լրահոս