Բաժիններ՝

«Մամ ջան, ամեն ինչ նորմալ է, քույրերիս լավ կպահես․․․»․ Ջերմուկի պաշտպանության ժամանակ զոհված Բորիսը վերջին անգամ մոր հետ էր խոսել

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի  ինքնիշխան Հանրապետության տարածքում թշնամու  սանձազերծած պատերազմի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, 23-ամյա Բորիս Կարախանյանը։

Բորիսը ծնունդով Արցախի Մեծ Շեն գյուղից էր, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ընտանիքը բնակություն էր հաստատել Հայաստանում՝ Հրազդան քաղաքում։

«Բորիսը շատ խելացի, հայրենասեր տեսակ էր։ Դեռ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ լինելով անչափահաս՝ չէր ուզում դուրս գալ իր հայրենի հողից, ընկերների, համագյուղացիների հետ պայքարում էր․․․»,- 168.amի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայրը՝ Արմինե Հյուսնունցը։

Բորիսն ունի 2 եղբայր և 2 քույր, ինքը եղբայրներից ավագն էր, մի եղբայրն այս պահին ծառայում է, մյուսը դպրոցական է։

Կարդացեք նաև

Զոհված զինծառայողի մայրը պատմեց, որ Բորիսը 13-14 տարեկանում առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, թեև բուժվել էր, այդուամենայնիվ զինկոմիսարիատից արգելել էին պարտադիր զինվորական ծառայություն անցնել, բայց Բորիսը վճռական էր տրամադրվել և 2018 թվականին զորակոչվել էր․

«ՊԲ ամբողջ կամիսիաները չէին թողնում, որ գնար ծառայության, բայց տղաս ասում էր՝ ձայն չհանեք, մեկ է, ես գնալու եմ ծառայեմ ու գամ։ Ասում էր՝ մամ, հանկարծ չխոսես, հանկարծ բժշկական թուղթ չտանես, ուզենաս ինձ ազատել, մեկ է, ես գնալու եմ ծառայեմ։ Ինքը չէր ընդունում, որ հիվանդություն է ունեցել ու դրա համար կարող էր ազատվել բանակից, ասում էր՝ եթե տղամարդ ես՝ ուրեմն պետք է ծառայես։

2018 թվականին զորակոչվել է, ստացել է «Բանակի գերազանցիկ» կրծքանշան։ Ինքը հրետանավոր էր, իրեն չէր հասնում «Քաջարի մարտիկ» կրծքանշան, բայց հրետանավորների օրվա կապակցությամբ Կարեն Շաքարյանն իրեն «Քաջարի մարտիկ» կրծքանշանով է պարգևատրել․․․»։

2020 թվականի հունվարի 15-ին՝ զորացրվելուց ընդամենը 1 շաբաթ անց, Բորիսը հայտ է ներկայացրել և ծառայությունը շարունակել՝ որպես պայմանագրային զինծառայող։

«Մտել էր Օմարի պաշտպանական զորամաս։ Օմարը հանձնելուց հետո Բորիսենց զորամասը տեղափոխել էին Ջերմուկ, բայց Բորիսը ծառայել է Սիսիանի, Գորայքի սարերում, թե կոնկրետ ո՞ր մասն էր, չգիտեմ։ Մի քանի ամիս առաջ տեղափոխել էին Ջերմուկ։ Լուրեր կան, թե իբր որդիս Վարդենիսում է զոհվել, սո՛ւտ է, Բորիսս զոհվել է Ջերմուկի պաշտպանության ժամանակ․․․

Միշտ ասում էր՝ ի՞նչ տարբերություն՝ Արցախի՞, թե՞ Հայաստանի սահմանն ենք պահում, պետք է դիրքդ պահես, պետք է հային հայ պահես, ուրիշ բան չենք անում։ Ինքը միայն դա էր մտածում՝ հային հայ պահի, ասում էր՝ հայաստանցի, արցախցի գոյություն չունի, բոլորս էլ հայ ենք, ու իմ ընտանիքը պետք է հայ մնա, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի հողում պայքարը նույնը պետք է լինի, մեր հողի համար ենք կռվում։

Շատ էր սիրում ծառայությունը, իրեն լավ ծառայության համար առաջարկել էին տեղափոխվել, ասում էին՝ փողը շատ է, բայց չհամաձայնեց, ասաց՝ մարտական ընկերներիս հո չե՞մ թողնի, փողի համար գնամ։ Ինքը նաև 44-օրյա պատերազմին էր մասնակցել, ասաց՝ իմ մարտական ընկերներն են, միասին պատերազմ ենք անցել, գիտենք՝ որս որի համար ինչի է պատրաստ․․․»,- պատմեց տիկին Արմինեն։

Բորիսը դիրքեր էր բարձրացել սեպտեմբերի 6-ին՝ կռվից 1 շաբաթ առաջ։ Վերջին անգամ մարտի դաշտից մոր հետ է խոսել․

«Լսեցինք՝ պատերազմ է սկսվել, շատ զանգեր էինք թողել, ինքը 13-ի առավոտը զանգեց ինձ՝ մամ ջան, ամեն ինչ նորմալ է, չզանգես։ Տխուր էր, ասաց՝ ընկերներիցս շատերը էլ չկան, բայց խնդրում եմ՝ չզանգես։ Ինքը 44-օրյա պատերազմի ժամանակ էլ երբեք վատ բան չի ասել, միշտ ասում էր՝ շատ լավ եմ, ինձ բան չի լինելու, ոչ մի բան չմտածես։ Նույն ձևով էլ այս անգամ էր համոզում։ Այդ օրը 2-րդ անգամ ցերեկը խոսեցի տղայիս հետ, արդեն սիրտը կախ էր, ուղղակի ասաց՝ մամ, քույրերիս լավ կպահես, տիրություն կանես, իմ տեղը շատ լավ ա։ Դա էր իր վերջին խոսալը, դրանից հետո չէի կարողանում կապի դուրս գալ, խաբում էին, թե կապ չկա, և այլն, բայց ես զգում էի, որ նման մի բան կա, որովհետև գոնե մի անգամ կհարմարացներ ու կզանգեր, որ գոնե ձայնը լսեի․․․»։

Տիկին Արմինեն ասաց, որ որդու զոհվելուց հետո համացանցում տարբեր լուրեր էին շրջանառվում Բորիսի հոր զոհվելու վերաբերյալ, ապա մանրամասներ հայտնեց այդ միջադեպից:

Բորիսը 2006-ից, երբ դեռ  7 տարեկան էր, անհայր է մեծացել. «Հայրը 90-ականների կռիվներին է մասնակցել, վիրավորվել, բայց մահացել է 2006 թվականին՝ ադրբեջանական դիվերսիայի պատճառով․․․ էլի հերոս է եղել, բայց մարտում չի զոհվել։

Բորիսն ապագայի հետ կապված շատ պլաններ ուներ։

«Մենք հիմա վարձով ենք ապրում, ուզում էր տուն առներ, որ ընտանիքն անտուն չմնար, սիրուն ապագա էր պլանավորում իմ տղան․․․»,- ասաց մայրը։

Տեսանյութեր

Լրահոս