«Խայտառակություն եմ համարում». Հերունու ազգային կենտրոնի նախագծի ղեկավարը՝ աղմկահարույց տեսանյութի մասին

Երեկ համացանցում աղմկահարույց տեսանյութեր էին տարածվել Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակի տարածքից․«Սենսոր» երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի մի քանի մասնակիցներ ուղղակի մագլցել էին ռադիոդիտակի մետաղական կոնստրուկցիաների վրա:

Մի քանի րոպեանոց այդ տեսահոլովակը հօդս ցնդեցրեց պատկան մարմինների և միջոցառման կազմակերպիչների այն հավաստիացումները, թե «արգելվում է փառատոնի մասնակիցներին և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության աշխատակիցներին մտնել կամ օգտագործել այն տարածքները, որոնք ներառված չեն միջոցառման անցկացման համար դիտարկված հատակագծի մեջ, մասնավորապես՝ ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի և նրան հարող հարավային թունելի հատվածը, ինչպես նաև՝ ազգային չափանմուշների համար նախատեսված շինությունները»։

Հիշեցնենք՝ դեռ հուլիսին 168.amտեղեկացրել էր աստղադիտակի տարածքում սեպտեմբերին նախատեսվող եռօրյա միջազգային «դիջեյ փարթի»-ի մասին, որի հայաստանյան կազմակերպիչների թվում նշվում էին իշխանամերձ ու իշխանական շրջանակները ներկայացնող Հովհաննես Ազոյանը և Էդվարդ Աղաջանյանը (Դիջեյ Էդո):

Գիտնական, ակադեմիկոս Պարիս Հերունին դիտակը ստեղծել է 1985-ին՝ Երևանից 40 կմ-ի վրա՝ Արագածոտնի Օրգով և Տեղեր գյուղերի միջև։ Այստեղ Հերունին նախաձեռնում և կառուցում է նաև անտենային չափման 11 էտալոնները, որոնցից միայն չորսն են այսօր մնացել: Անտենային չափման էտալոններն առաջինն էին աշխարհում և ճանաչվել էին ԽՍՀՄ-ի պետական չափանմուշներ, հետագայում՝ Հայաստանի պետական ազգային էտալոններ։ Նկատենք՝ միայն ԱՄՆ-ը ու Հայաստանն ունեն անտենային չափումների ազգային էտալոններ:

Կարդացեք նաև

Օրերս հենց այս գյուղերի բնակիչներն էին նաև ահազանգել միջոցառման մեկնարկով սկսված արտառոց երևույթների մասին:

«Գյուղացիները ծառերին, պատերին ինչ-որ գրություններ են տեսել՝ անգլերենով, միայն մի բառն էինք հասկացել՝ Spice: Նաև հեռախոսահամարներ էին գրված, հասկացանք, որ թմրանյութերի մասին է խոսքը։ Բացի դա, խմում և տարօրինակ վարք են դրսևորում, գյուղից մարդիկ են եղել, որ մոտիկ ձորում մերկ աղջիկների են տեսել և այլն։ Այս ամենը մեզ անհանգստացնում է, մենք չենք ուզում, որ էս կատեգորիայի մարդիկ մնան մեր գյուղում ու պղծեն մեր մշակույթը, մեր ավանդույթները․․․»,- պատմել էին նրանք:

Հերունու ազգային տիեզերական կենտրոնի նախագծի ղեկավար, պրոֆեսոր Արևիկ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով գիտական, պատմամշակութային կոթողի հանդեպ «ոտնձգության» դրվագին, նշեց. «Խայտառակություն եմ համարում, որովհետև մեր պետությունում չի կարևորվում գիտական պոտենցիալը: Շատ հեռու չենք գնա՝ Պարիս Հերունու խոսքերն են. երկիրը, որը գիտությունը չի կարևորում, չի կարող զարգանալ, գոյատևել»:

Նա այս դրվագը դիտարկեց առկա իրողությունների համատեքստում՝ նկատելով, որ պետական առաջին դեմքերի մակարդակով է գիտության հանդեպ հակաքարոզը:

«Այսօր Հայաստանում քչերն են երազում դառնալ գիտնական. Իհարկե, չեն երազի, եթե երկրի թիվ 1 մարդն ասի՝ բարձագույն կրթությունը պարտադիր չի ոստիկան դառնալու համար, եթե կառավարությունը, չգիտես ինչու, բուհերը Երևանից Աշտարակ տեղափոխելու նախաձեռնությամբ է հանդես գալիս: Եվ հավատացեք, նաև մեր դեպքում ոչ այնքան փողը, ֆինանսական ռեսուրսն է կարևոր, որ պետք է ներդրվի կրթության, գիտության մեջ, ինչքան հոգածությունը, քաղաքական կամքը: Մեր դեպքում՝ պետական մարմինները, փաստորեն, թույլ են տալիս զվարճանքը, մեզ ոչ հարիր բարքերը՝ խանգարելով գիտությանը»,- ասաց պրոֆեսորը:

Ի դեպ, Արևիկ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում տեղի ունեցող գիտական «Սթարմուս» փառատոնի հյուր, Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս Քիփ Թորնը ցանկություն է հայտնել այցելելու գիտական կենտրոն, սակայն կազմակերպիչները խուսափել են գիտնականին տանել այնտեղ՝  չցանկանալով, որ հյուրերը գիտական այդ միջավայրում ականատեսը դառնան Հայաստանում գիտության հետ առնչություն չունեցող իրադարձություններին։

Տեսանյութեր

Լրահոս