Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը՝ Հերունու ռադիոօպտիկական դիտակի չգործելու պատճառների, տարածքում էլեկտրոնային երաժշտության փառատոն անցկացնելու մասին
Հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակը և հարակից տարածքը մի քանի տարով տրամադրվել է ինչ-որ ընկերության, որի նախաձեռնությամբ էլ սեպտեմբերի 10-12-ին այնտեղ կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք: Լուրը տարածվելուց հետո ահազանգել էր «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ն՝ նշելով. ««Փառահեղ գործիքը նրանց կողմից մատուցվում է՝ որպես «լքված աստղադիտակ», «պատմական հուշարձան», և այլն։ Հերունու աստղադիտակը ենթակա է վերազինման և վերաշահագործման, ինչը փաստել են նաև մի շարք արտասահմանյան մասնագետներ, բայց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որին պատկանում է գործիքը, շարունակաբար խոչնդոտում է այդ գործընթացին և ինչ-ինչ պատճառով շահագրգռված չէ, որ այն աշխատի իր գործառույթների շրջանակներում՝ ի փառս հայ ազգի գիտական մտքի և ի օգուտ Հայաստանի:
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որը պատկանում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, չնայած սարքի պահպանման համար պետությունից տարեկան ստանում է 45 մլն դրամ, ոչ միայն այդ միջոցները չի ծախսում սարքի պահպանության նպատակով (գործիքը, այնուամենայնիվ, չի հսկվում և թալանվում է), այլև աստղադիտակը վարձով տրամադրում է՝ որպես երաժշտական խմբերի հարթակ, տեսահոլովակների նկարահանման և անվաչմուշկներով սահելու տարածք: Վերոնշյալ գործողություններից գործիքը ֆիզիկական վնասներ է կրել, ինչի արդյունքում է՛լ ավելի են խաթարվել անտենայի ճշգրիտ աշխատանքի պայմանները, և միևնույն ժամանակ այն նվաստացվել է բարոյապես։
Մասնագետների կարծիքով՝ աստղադիտակը պետք է վերականգնվի իր ամբողջական ներուժին համապատասխան և ծառայի գիտական, ռազմական ու այլ ասպարեզներում իր նպատակներին, որտեղ ապացուցված է դրա գերազանց պիտանելիությունը։ Որպես աստղադիտակ աշխատացվելու պարագայում, իր տեսակի մեջ աշխարհում եզակի այս գործիքն արդյունքում շատ ավելի մեծ եկամուտ, օգուտներ և այլ համբավ կբերի մեր Հայրենիքին»:
Իրականությունը պարզելու, ինչպես նաև բարձրացված խնդրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով գրավոր հարցում էինք ուղարկել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը: Ստորև ներկայացնում են մեր հարցերն ու դրանց տրված պարզաբանումները
– Կա տեղեկություն, որ ակադեմիկոս Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակը և հարակից տարածքը մի քանի տարով տրամադրվել է ինչ-որ ընկերության, որի նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-12-ն այնտեղ կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք: Ո՞ր ընկերությունն է, քանի՞ տարով է տրամադրվել տարածքը և որքա՞ն գումարի դիմաց:
– «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը պատկանող Արագածի գիտական կենտրոնը և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը որևէ ընկերության վարձակալությամբ չի տրամադրվել գումարի դիմաց։ Գիտական կենտրոնի տարածքը և աստղադիտակը պահպանվում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից։ Տարածքում գտնվող 4 անտենային էտալոնները ճանաչվել են ազգային չափանմուշներ, որոնց պահպանության և զարգացման համար պետական բյուջեից ամեն տարի ՄԺԾԾ շրջանակներում տրամադրվում է 45 միլիոն դրամ։
Ինչ վերաբերում է 2022 թվականի սեպտեմբերի 10-12-ն Արագածի գիտական կենտրոնի տարածքում կայանալիք էլեկտրոնային երաժշտության փառատոնին և քեմփինքին, փաստենք, որ «ՍԵՆՍՈՐ» միջազգային փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության միջև կնքվել է թույլտվության Պայմանագիր, համաձայն որի՝ «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպությունն իրավունք է ստանում 2022թ.-ի սեպտեմբերի 5-15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավոր անհատույց տիրապետել և օգտագործել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արագածի գիտական կենտրոնի անշարժ գույքի որոշակի մասը։
Պայմանագրով հստակ ամրագրված է. «Արգելվում է փառատոնի մասնակիցներին և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության աշխատակիցներին մտնել կամ օգտագործել այն տարածքները, որոնք չեն ներառված միջոցառման անցկացման համար դիտարկված հատակագծի մեջ՝ մասնավորապես ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի և նրան հարող հարավային թունելի հատվածը, ինչպես նաև՝ ազգային չափանմուշների համար նախատեսված շինությունները»։
Հավելենք՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը ողջունում է տուրիզմի զարգացմանը նպաստող ցանկացած ողջամիտ գաղափար, ինչի արդյունքում Հայաստանը՝ իր պատմամշակութային և գիտական պոտենցիալով, կարող է լավագույնս ներկայանալ աշխարհին։
– Մինչև 2020 թվականը մի շարք տեսահոլովակներ են նկարահանվել այս տարածքում. ի՞նչ պահանջներ են դրվել նկարահանող խմբի առջև, քանի որ նրանք նաև այլ երկրներից են եղել: Արդյո՞ք տեսահոլովակներում նշվել է, որ դիտակը կամ տարածքը Հայաստանում է:
– Հատկապես վերջին 3 տարվա ընթացքում՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության այժմյան ղեկավարության օրոք, գործում է Արագածի գիտական կենտրոնի տարածքի մուտքի թույլտվության հստակ ընթացակարգ՝ սկզբում [email protected] պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկվում են այցելուների ցուցակն ու անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, նամակով հստակեցվում է այցելության օրն ու ժամը (պետք է ընտրվի աշխատանքային օր), այնուհետև այցելության ժամանակ՝ կենտրոնի մուտքի մոտ այցելուները «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության պահակային ծառայության աշխատակիցներին ևս ներկայացնում են այցելուների ցուցակն ու անձը հաստատող փաստաթղթերը և նոր միայն պահակային ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք գործում գիտական կենտրոնի տարածք։ Մուտքի թույլտվության բոլոր գրություններում անխտիր նշվում է, որ արգելվում է մուտք գործել ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակի հարավային թունելի և թասի ներսի հատված` անվտանգության պահպանման անհրաժեշտությունից ելնելով:
Վերջին տարիներին՝ 2020 թվականի համավարակի շրջանում, ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառման նկարահանման ընթացքում միայն, ՀՀ կառավարության հանձնարարությամբ, թույլատրվել է Բամբիռ ֆոլկ-ռոք խմբի ելույթը ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակի թասի ներսում։
Օտարերկրյա նկարահանող խմբերի դեպքում մինչև նկարահանման աշխատանքների իրականացումը մշտապես հանդիպում է կազմակերպվում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում՝ առավել հանգամանալից ներկայացնելու Արագածի գիտական կենտրոնը և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը։ Օտարերկրյա հյուրերին հակիրճ տեղեկատվություն է տրվում նաև Հայաստանի մշակութային և գիտական ժառանգության վերաբերյալ։
– «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ նախագահ Նանա Հերունին նշում է, որ Հերունու աստղադիտակը ենթակա է վերազինման և վերաշահագործման, ինչը փաստել են նաև մի շարք արտասահմանյան մասնագետներ, բայց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որին պատկանում է գործիքը, շարունակաբար խոչնդոտում է այդ գործընթացին, և «ինչ-ինչ պատճառով շահագրգռված չէ, որ այն աշխատի իր գործառույթների շրջանակներում՝ ի փառս հայ ազգի գիտական մտքի և ի օգուտ Հայաստանի»: Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինն ինչո՞ւ է խոչընդոտում վերաշահագործման գործընթացին: Վերազինման, վերաշահագործման համար որքա՞ն գումար է պահանջվում:
– «ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակը ենթակա է վերազինման և վերաշահագործման» արտահայտությունը սխալ է, քանի որ դիտակը նախկինում չի գործել՝ ռադիոաստղադիտակի կարգաբերման (юстировка) անհնարիության և կոնստրուկտիվ համադրման տեսակետից կոպիտ սխալներով կառուցված լինելու պատճառով: Ընդամենը կատարվել են մի քանի փորձնական չափումներ, որոնք ի հայտ են բերել դիտակի կոնստրուկտիվ թերությունները։ Անգամ ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական կոմիտեի նախագահի 14.04.2015թ. № 10-Ա/Ք հրամանով ստեղծված աշխատանքային խումբն է եկել այն եզրակացության, որ ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակն ի վիճակի չէ գործարկվել և գիտության ժամանակակից խնդիրներ լուծել: Եվ, եթե ռադիոդիտակը գործարկել հնարավոր լիներ, ապա դա կկատարվեր հենց ակադեմիկոս Պարիս Հերունու կենդանության օրոք կամ նրա մահից հետո ինստիտուտի աշխատակիցների կողմից: Սակայն հնարավոր չի եղել, քանի որ ռադիոդիտակի շինարարական աշխատանքներն ավարտվել են 1987 թ.-ին, իսկ կարգաբերման և համալարման (юстировка) աշխատանքներն ավարտին չեն հասցվել նրա ղեկավարման ժամանակաշրջանում՝ մինչև 2008 թվականը։
ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակը պատրաստվել է նախնական հաստատված նախագծից շեղումներով.
1. աստղադիտակի բազմատոննանոց մեխանիզմները և փոքր հայելին պահող հենարանները, ըստ հաստատված նախագծի, եղել են ուղիղ, բայց փոխարինվել են կոր հենասյուներով՝ անտենայի դիտարկման անկյունը մեծացնելու նպատակով: Այդ հենասյուները սակայն փոքր հայելու շարժման ժամանակ դեֆորմացվում են՝ ստեղծելով անթույլատրելի տատանումներ, որոնք էլ անհնար են դարձնում անտենայի կարգաբերումը և շահագործումը,
2. անտենան ռադիո-օպտիկական կոչելու համար որպես փոքր հայելու հակաբեռ՝ օգտագործվել է թանկարժեք 2.6մ տրամագծով օպտիկական հայելի, որը սակայն ճոճումների պատճառով չի կարող օգտագործվել որպես օպտիկական դիտակ:
ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի համակարգը ներառում է 3 հիմնական բաղկացուցիչ՝
- մեծ հայելին,
- փոքր հայելին՝ իր նավիգացիոն համակարգով, որի աշխատունակության դեպքում հնարավոր է անտենայի ճառագայթն ուղղել երկնակամարի անհրաժեշտ կետ,
- ռադիոընդունիչ համակարգ։
Ռադիոդիտակը գործարկելու անհնարինության թեմայի շուրջ էլ 168.am-ը զրուցել է նաև Պարիս Հերունու հետ աշխատած մի շարք գիտնականների հետ: Նրանք միաբերան պնդեցին, որ եղել են մի շարք թերություններ:
Նշեցին, որ անտենան դեռևս Հերունու օրոք են սկսել կառուցել՝ 1987 թվականից, երբ նա որոշել է, որ դա մենք պետք է պատրաստենք, ոչ թե ուրիշները, ու նպատակն էր՝ ստանալ մի գործիք, որը կաշխատի՝ որպես ռադիոաստղադիտարան:
Մեր զրուցակիցների խոսքով՝ գործը բարդ է եղել, բայց նա կարողացել է ստեղծել այն ինֆրաստրուկտուրան, որ իսկապես ռադիոաստղադիտակը կառուցվեր: Աշխատանքն այնպիսի ծավալ է ունեցել, որ տպավորություն է ստեղծվել, որ միայն դա կառուցելը բավական է, որ գնահատվի: Բայց գիտնականների գնահատմամբ՝ այսօր արդեն ոչինչ հնարավոր չէ փոխել, ռադիոաստղադիտակը զուտ թանգարանային նմուշ է արդեն:
Գիտնականները հաստատեցին, որ կոնստրուկցիայի մեջ եղել են սխալներ, առաջացել են տատանումներ, այնինչ պետք է լինեին սահմանի մեջ, որ դա աշխատեր, սակայն որոշում է ընդունվել, որ երեք ոտքերը, որոնք պահում են շարժվող մասը, պետք է կոր մնան, իսկ աշխարհում նման օրինակ չկա, պետք է ուղիղ լինեին:
Այսինքն, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը Պարիս Հերունու ստեղծած ռադիոաստղադիտակը պահպանում է որպես թանգարանային նմուշ: