Այն, ինչ չի կարելի «Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն»-ին, կարելի է դիջեյների՞ն
«Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն» նախաձեռնությունը չորս տարի է՝ փորձում է Կառավարության թույլտվությունը ստանալ՝ վերականգնելու Պարիս Հերունու ստեղծած աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակը: Նախաձեռնության անդամների պնդմամբ, սակայն, իրենց այս նպատակի իրագործումը բախվում է արհեստածին խոչընդոտների:
Գիտնական, ակադեմիկոս Պարիս Հերունին դիտակը ստեղծել է 1985-ին՝ Երևանից 40 կմ-ի վրա՝ Արագածոտնի Օրգով և Տեղեր գյուղերի միջև։ Այստեղ Հերունին նախաձեռնում և կառուցում է նաև անտենային չափման 11 էտալոնները, որոնցից միայն չորսն են այսօր մնացել:
Ուշագրավ է, որ անտենային չափման էտալոններն առաջինն էին աշխարհում և ճանաչվել էին ԽՍՀՄ-ի պետական չափանմուշներ, հետագայում՝ Հայաստանի պետական ազգային էտալոններ։ Նկատենք՝ միայն ԱՄՆ-ը ու Հայաստանն ունեն անտենային չափումների ազգային էտալոններ:
Աստղադիտակի վերագործարկմամբ զբաղվող թիմը վստահեցնում է՝ այս գիտական հսկայի վերականգնումը Հայաստանն առավել ճանաչելի կդարձնի աշխարհի գիտական քարտեզի վրա։
Սակայն, պարզվում է՝ սա չի հուզում աննախադեպության սինդրոմով տառապող հայրենի իշխանություններին, քանի որ առկա են ինչ-ինչ «շահեր»:
Նշենք, որ ռադիոդիտակը 2012 թվականից հանձնվել է Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» հիմնարկին:
Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ հիմնարկը պետությունից ամեն տարի 45 միլիոն դրամ է ստանում՝ անտենային չափումների էտալոնների պահպանման և զարգացման նպատակով, մինչդեռ գումարը, կարելի է ասել, չի ծառայում նպատակին. միայն նշենք, որ, օրինակ, 2019 թ. այդ էտալոններից երկուսը գողացվել են փակ, կնքված դռան պայմաններում:
Ինչպես նշում են «Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն» ծրագրի անդամները՝ աստղադիտակը վերագործարկելու խնդրով այս կառավարության հետ երկարատև նամակագրությունները բախվել են կա՛մ մերժումների, կա՛մ ձգձգումների, իսկ ռադիոդիտակը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ից առանձնացնելու և Պոլիտեխնիկական համալսարանի գիտահետազոտական և ուսումնական բազա դարձնելու առաջարկը ցայսօր առկախ վիճակում է:
Բայց սա էլ դեռ ամենը չէ։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»-ը խանդով է վերաբերում «Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն»-ի անդամների ներկայությանը աստղադիտակի տարածքում, իսկ որ ամենահետաքրքրականն է՝ նրանց ամեն կերպ խոչընդոտում են ներկայացնել ռադիոդիտակին առնչվող հարցերն ու խնդիրները:
Խանդի հերթական դրվագի մասին տեղեկացանք օրերս.
Այսպիսով, ամերիկյան կրթական և գիտական բազմալեզու Discovery Channel–ը հուլիսի 26-ին նախատեսել էր «Գիտական և ինժեներական լքված հսկաներ» հաղորդման հերթական նկարահանում իրականացնել Պարիս Հերունու ստեղծած ռադիոդիտակի տարածքում, սակայն պարզվում է՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ ղեկավարությունը չի ցանկանում, որ նկարահանող թիմն իր աշխատակիցներից զատ՝ լսի այլ կարծիք, այդ թվում՝ «Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն»-ի ղեկավարին:
Մեր տեղեկություններով՝ նկարահանող խումբը դիմել է նախարար Վահան Քերոբյանին՝ ակնկալելով, որ գոնե նրա միջամտությամբ իրենք կստանան թույլտվություն և հնարավորություն կունենան ռադիոդիտակի տարածքում նկարահանել և լսել խնդրով մտահոգ բոլոր կողմերին՝ լիարժեք նկարահանում իրականացնելու նպատակով:
Շեշտենք, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն իր պահանջկոտությունը դրսևորում է միայն «Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն»-ի հարցում, բայց բարեհաճություն է դրսևորում տարբեր դիջեյների նկատմամբ՝ անհասկանալի հիմունքներով համագործակցելով նրանց հետ և թույլ տալով այդ տարածքում նկարահանել տեսահոլովակներ, իրականացնել միջոցառումներ:
Ի դեպ, հերթական միջոցառումը՝ եռօրյա միջազգային «դիջեյ փարթին», աստղադիտակի տարածքում տեղի է ունենալու սեպտեմբերին. ասում են՝ հայաստանյան կազմակերպիչներն են իշխանամերձ ու իշխանական շրջանակները ներկայացնող Հովհաննես Ազոյանը և Էդվարդ Աղաջանյանը (Դիջեյ Էդո-ն):
Ստացվում է՝ Պարիս Հերունին ջանք ու եռանդ չի խնայել տեղական ու միջազգային դիջեյների համար: