Առաջին երկու փորձարկումներն ենք կատարել, որոնք ապացուցում են, որ անտենան շնչում է, այն կարող է աշխատել. Պնդում է Հերունու ազգային տիեզերական կենտրոնի նախագծի ղեկավարը
Հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակը և հարակից տարածքը մի քանի տարով տրամադրվել է ինչ-որ ընկերության, որի նախաձեռնությամբ էլ սեպտեմբերի 10-12-ին այնտեղ կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն: Լուրը տարածվելուց հետո ահազանգել էր «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ն: Ըստ նրանց՝ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանըպատկանող «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, չնայած սարքի պահպանման համար պետությունից տարեկան ստանում է 45 մլն դրամ, ոչ միայն այդ միջոցները չի ծախսում սարքի պահպանության նպատակով (գործիքը, այնուամենայնիվ, չի հսկվում և թալանվում է), այլև աստղադիտակը վարձով տրամադրում է՝ որպես երաժշտական խմբերի հարթակ, տեսահոլովակների նկարահանման և անվաչմուշկներով սահելու տարածք: Վերոնշյալ գործողություններից գործիքը ֆիզիկական վնասներ է կրել, ինչի արդյունքում է՛լ ավելի են խաթարվել անտենայի ճշգրիտ աշխատանքի պայմանները, և միևնույն ժամանակ այն «նվաստացվել է բարոյապես»։
Իրականությունը պարզելու, ինչպես նաև բարձրացված խնդրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը: Պատասխանում նշված էր, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը պատկանող Արագածի գիտական կենտրոնը և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը որևէ ընկերության վարձակալությամբ չի տրամադրվել գումարի դիմաց։ Գիտական կենտրոնի տարածքը և աստղադիտակը պահպանվում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից։ Տարածքում գտնվող 4 անտենային էտալոնները ճանաչվել են ազգային չափանմուշներ, որոնց պահպանության և զարգացման համար պետական բյուջեից ամեն տարի ՄԺԾԾ շրջանակներում տրամադրվում է 45 միլիոն դրամ։ Նաև հավելել էին, որ պայմանագրով հստակ ամրագրված է. «Արգելվում է փառատոնի մասնակիցներին և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության աշխատակիցներին մտնել կամ օգտագործել այն տարածքները, որոնք չեն ներառված միջոցառման անցկացման համար դիտարկված հատակագծի մեջ՝ մասնավորապես ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի և նրան հարող հարավային թունելի հատվածը, ինչպես նաև՝ ազգային չափանմուշների համար նախատեսված շինությունները»։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունից նշել էին նաև. «ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակը ենթակա է վերազինման և վերաշահագործման» արտահայտությունը սխալ է, քանի որ դիտակը նախկինում չի գործել՝ ռադիոաստղադիտակի կարգաբերման (юстировка) անհնարիության և կոնստրուկտիվ համադրման տեսակետից կոպիտ սխալներով կառուցված լինելու պատճառով: Ընդամենը կատարվել են մի քանի փորձնական չափումներ, որոնք ի հայտ են բերել դիտակի կոնստրուկտիվ թերությունները։ Անգամ ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական կոմիտեի նախագահի 14.04.2015թ. № 10-Ա/Ք հրամանով ստեղծված աշխատանքային խումբն է եկել այն եզրակացության, որ ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակն ի վիճակի չէ գործարկվել և գիտության ժամանակակից խնդիրներ լուծել: Եվ, եթե ռադիոդիտակը գործարկել հնարավոր լիներ, ապա դա կկատարվեր հենց ակադեմիկոս Պարիս Հերունու կենդանության օրոք կամ նրա մահից հետո ինստիտուտի աշխատակիցների կողմից: Սակայն հնարավոր չի եղել, քանի որ ռադիոդիտակի շինարարական աշխատանքներն ավարտվել են 1987 թ.-ին, իսկ կարգաբերման և համալարման (юстировка) աշխատանքներն ավարտին չեն հասցվել նրա ղեկավարման ժամանակաշրջանում՝ մինչև 2008 թվականը։
Ռադիոդիտակը գործարկելու անհնարինության թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է նաև Պարիս Հերունու հետ աշխատած մի շարք գիտնականների հետ: Նրանք միաբերան պնդեցին, որ եղել են մի շարք թերություններ:
Նշեցին, որ անտենան դեռևս Հերունու օրոք են սկսել կառուցել՝ 1987 թվականից, երբ նա որոշել է, որ դա մենք պետք է պատրաստենք, ոչ թե ուրիշները, ու նպատակն էր՝ ստանալ մի գործիք, որը կաշխատի՝ որպես ռադիոաստղադիտարան:
Մեր զրուցակիցների խոսքով՝ գործը բարդ է եղել, բայց գիտնականը կարողացել է ստեղծել այն ինֆրաստրուկտուրան, որ իսկապես ռադիոաստղադիտակը կառուցվեր: Աշխատանքն այնպիսի ծավալ է ունեցել, որ տպավորություն է ստեղծվել, որ միայն դա կառուցելը բավական է, որ գնահատվի: Բայց գիտնականների գնահատմամբ՝ այսօր արդեն ոչինչ հնարավոր չէ փոխել, ռադիոաստղադիտակը զուտ թանգարանային նմուշ է արդեն:
Գիտնականները հաստատեցին, որ կոնստրուկցիայի մեջ եղել են սխալներ, առաջացել են տատանումներ, այնինչ պետք է լինեին սահմանի մեջ, որ դա աշխատեր, սակայն որոշում էր ընդունվել, որ երեք ոտքերը, որոնք պահում են շարժվող մասը, պետք է կոր մնան, իսկ աշխարհում նման օրինակ չկա, պետք է ուղիղ լինեին:
Հերունու ազգային տիեզերական կենտրոնի նախագծի ղեկավար, պրոֆեսոր Արևիկ Սարգսյանը, սակայն, համաձայն չէ գիտնականների ներկայացրած պնդումների հետ: Նրա գնահատմամբ՝ պնդումները, թե գիտական գործունեությունն այնտեղ հնարավոր չէ ծավալել՝ հիմարություն են:
«Անցած դարում մնացած 2 աշխատակից ունեն, որոնք ստում են, թե իբր Հերունու հետ միասին մասնակցել են նախագծմանը, շինարարությանը: Նման բան չկա: Հիմնարկը 1970-ական թվականներին է ստեղծվել, Ռուբեն Տեր-Անտոնյանը, չգիտեմ, մի 10 տարի աշխատել է, թե ոչ, աշխատանքից ազատվել է տարբեր կարգապահական խնդիրների պատճառով, հետո 1990-ական թվականներին որպես գիշերային պահակ է ընդունվել աշխատանքի, ապա արդեն Հերունու մահվանից հետո ինստիտուտում դարձել է ավագ գիտաշխատող և իրեն իրավունք է վերապահում պնդել, որ Հերունին շեղվել է պրոյեկտից, անտենան սխալ է կառուցել, այնինչ տեղյակ էլ չէ, որ եղել են մի քանի պրոյեկտներ՝ տարբեր հիմնարկների կողմից. Սկզբում՝ Մոսկվայում մշակված, հետո փոքրացավ անտենայի չափը՝ ֆինանսավորման հետ: 17 տարի պլանավորվում էր, բայց ֆինանսավորում չկար Սովետական Միությունում, որ անտենան կառուցվեր: Եվ պրոյեկտը տարբեր փոփոխությունների է ենթարկվել, ինքը պարզապես տեղյակ չէ:Մյուս անձինք՝ Խաչատրյան Նորիկ և Յոլչյան Նորիկ, ռադիոընդունիչների մասնագետներ են, ոչ թե անտենաների: Հերունու հրավերով եկել են աշխատանքի այն ժամանակ, երբ արդեն անտենան կառուցված էր:
Չեն մասնակցել անտենայի ոչ նախագծմանը, ոչ շինարարությանը, ու իրավունք չունեն անհիմն պնդումներ անել, թե իբր Հերունուն և թիմին չհաջողվեց ճիշտ կարգավորել անտենան: Ես եղել եմ անտենայի գիտական աշխատանքի պատասխանատուն՝ 1991-2014թթ.: Անտենան՝ ռադիոդիտակը, համարվել է ազգային արժեք, պետությունից ֆինասավորվել է 1991-2011թ. տարեկան միջինում 20 միլիոն դրամով: Չաշխատող օբյեկտի վրա՞ է փող ծախսել պետությունը: Էլ չեմ ասում ԽՍՀՄ-ը: Հսկայական գումար ծախսել է էլի չաշխատողի համա՞ր»,- մեզ հետ զրույցում ասաց Արևիկ Սարգսյանը:
Ճշտող հարցին՝ այսինքն, մինչև 2012 թվականը ուսումնասիրություննե՞ր են կատարվել, վերջինը դրական արձագանքեց՝ մանրամասնելով. «Իհարկե, բազմաթիվ տպագրված աշխատանքներ կան: Իմ, ասպիրանտիս թեկնածուական թեզը, Պոլիտեխնիկի մի շարք բակալավրում ու մագիստրատուրայում սովորողիմ ուսանողներն իրենց աշխատանքները կատարել են այդ անտենայի վրա: Բացի դա, 2020թ. մեծ դժվարությամբ թույլտվություն ստացանք՝ ընդամենը 4օր կատարել տարբեր փորձարկումներ: Հավաքել ենք տվյալների բազա՝մետաղի վիճակի մասին, կատարեցինք մեխանիկական վիճակի ուսումնասիրություն: Անտենայի առանցքի ամրակներից մեկը վնասված է և զոդված է, և այդ առանցքով անտենան շարժվելու հնարավորություն այս պահին չունի: Ունենք քայլ առ քայլ մշակված պլան, թե ինչ պետք է անենք, որ այդ թերությունը շտկենք:
Յուղման և շարժիչներիուսումնասիրության աշխատանքներ ենք կատարել այդ 4 օրում: Առաջին երկու փորձարկումներն ենք կատարել, որոնք ապացուցում են, որ անտենան շնչում է: Այնտեղ տեղադրել ենք ընդունիչ, ճառագայթիչ, 24 ժամ դիտել ենք Տիեզերքը, երկրագունդը պտտվել է, երկրորդ, Կարապ համաստեղությունն անցավ՝ գրանցեցինք: Այսինքն, անտենան, 30 տարի կարգավորված չլինելով, ապացուցեցինք, որ շնչում է: Կա Եվրոպական ռադիոինտերֆերոմոնտական ցանցը, երկու տարի մեզ հետ աշխատելուց հետո, մեր փորձարկումների արդյունքները հաշվի առնելուց հետո, եզրակացություն ներկայացրեց՝ առ այն, որ Հերունու ռադիոդիտակը լուրջ պոտենցիալ ունի: Երկու նամակէ տնօրենների խորհուրդնուղարկել Նիկոլ Փաշինյանին,պատասխան չի եղել»:
Մեր դիտարկմանը, որ հակադարձողները պնդում են՝ ռադիոաստղադիտակը եթե հնարավոր լիներ աշխատացնել, ապա անհնար է, որ ՀՀ որևէ ղեկավարի ժամանակ սա կյանքի չկոչվեր, Հերունու ազգային տիեզերական կենտրոնի նախագծի ղեկավարը նշեց. «Նախագահների չենք դիմել: Մեկ անգամ Սերժ Սարգսյանին ենք դիմել, դա 2018թ. մարտ ամիսն էր: 2012թ. մինչ օրս այդ հիմնարկն է որոշել, կոնսերվացրել է ռադիոդիտակը, փող չի ծախսում դրա վրա ու չի դիմում պետությանը: 2015թ. իրենք որոշել էին դա քանդել, ձուլել, ծախել: Երիտասարդ գիտնականները հանդիպում էին Սերժ Սարգսյանի հետ, ես եմ կարողացել մեծ աղմուկ բարձրացնել: Գիտպետկոմում մի խումբ ստեղծվեց, եզրակացություն կազմվեց,որիմեջ գրված է, որ այո, պետությունը դրա վերականգնման համարփող չունի, և խորհուրդ են տալիս փնտրել արտասահմանյան ներդրումներ: Այդ եզրակացության շնորհիվ ռադիոդիտակը չքանդվեց: 1987-2010թ. ռադիոդիտակն աշխատել ու արդյունքներ է տվել: Պնդումները, թե ժամանակին Հերունին և թիմը, եթե կարողանային, կվերջացնեին աշխատանքը՝ սուտ է: Այն, ինչ չհաջողվեց, ավելի շատ վերաբերում էր միլիմետրային ռադիոալիքների տիրույթին, կարճ և բարձր զգայունության նրբության հարցերին:
Այդ ժամանակ, այո, Հերունու հիմնարկի թիմը եղած սարքավորումների և տեխնոլոգիաների օգտագործմամբ չկարողացավ միլիմետրանոց տիրույթում աշխատեցնել, բայց դա չի նշանակում, որ կարճ սանտիմետրային տիրույթում չի աշխատում: Թող գրեն, որ չի կարգավորվել միլիմետրային տիրույթում, ընդհանրապես են գրում, չէ՞: 30 տարի անց, չհամալրված վիճակում նույնիսկ փորձն արեցինք 6 սմ վրա, որը կարճ տիրույթ է, և հոյակապ աշխատեց անտենան: Այն ժամանակ, երբ Հերունին էր աշխատում՝ թվային տեխնոլոգիաներ չկային, համակարգչային հնարավորություններ՝ նույնպես: Եվ այսօր մենք կարող ենք այդ ամենն անել, այս միլիմետրային տիրույթի աշխատանքները: Նախկինում դա ոչ թե ֆինանսների կամ անկարողության հետ էր կապված, այլ պարզապես տեխնոլոգիայի դարն այն չէր»:
Արևիկ Սարգսյանը, խոսելով սպասելիքներից՝ ընդգծեց. «Մենք պետությունից չենք ուզում ոչ մի ավելիկոպեկ, քան այսօր տալիս է: 45 միլիոն դրամ այնտեղ տարեկան փոշիանում է՝ ազգային էտալոններն իբր պահպանելու, զարգացնելու համար: Այնինչ, վերջին երկու էտալոնը 2019թ. նոյեմբերին այս գործող տնօրենի օրոք գողացան, և այդ գործը կոծկվեց: Չի հարուցվել ոչ մի բան: Անցած տարի ավարտված գույքագրման արդյունքում առաջարկում են դուրս գրել գողացածները, թե իբր փչացել են, ու վերականգնման կարիք չկա: Մեր ուզածն է՝ պահպանվի եղած գումարը, որը կարող ենք ծախսել ռադիոդիտակի ապակոնսերվացման, էտալոնների կատարելագործման, զարգացման համար: Իհարկե, լավ կլինի, որ մինչև 100 միլիոն դարձնեն, բայց դա մինիմում անհրաժեշտ ծախսն է, որ պետությունից ակնկալում ենք: Մնացած բոլոր ծախսերը, որոնք 1-2 տարվա համար, մեր կանխատեսմամբ, 3 միլիոն դոլար է, կշարունակվի տարբեր ինվեստիցիոն ծրագրերով: Ունենք հովանավորներ, գիտենք նաև միջազգային գիտական գրանտների տեղը:
Մեր խնդրանքն է՝ գիտական կենտրոնն իր ամբողջ ռեսուրսով առանձնացնել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնից», Էկոնոմիկայի նախարարությունից, որ չեն կարողանում կառավարել և տեղափոխել ԿԳՄՍ նախարարություն, Պոլիտեխնիկական համալսարանում՝ որպես առանձնացված կենտրոն, որը կդառնա տեխնիկական բազա՝ թե ուսանողների պրակտիկ ուսուցման, թե գիտահետազոտական աշխատությունների համար: Լուրջ մարդիկ ենք, ուզում ենք, որ մեզ թույլ տան՝ աշխատենք: Բանը հասել է նրան, որ ստիպված ասում ենք՝ թույլ տվեք մեզ ապացուցել, որ դուք ճիշտ եք, որ մածունը սև է»:
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև կենտրոնում սեպտեմբերին անցկացվող փառատոնին՝ ասելով. «Ինձ վերջերս արգելել են այնտեղ մտնել՝ միջոցառման նախապատրաստման գործողությունները չտեսնելու համար, բայց լրատվամիջոցներից տեղեկացանք: Մենք դեմ չենք երաժշտությանը կամ փառատոներին, բայց այս միջոցառումը կասկածելի է այն առումով, որ այդ տարածքը զանգվածային միջոցառում կազմակերպելու համար նախատեսված չէ՝ սանիտարական, անվտանգության նորմեր չկան: Աստված չանի՝ մի գինովցած երիտասարդ ընկնի անտենայի մեջ. 27 մետր է: Մարդիկ ոչ միտումնավոր կարող են վնասել սարքերը, այն ամենը, ինչ մեր ցեղի, մեր ժողովրդի հարստությունն է, և մտածում ենք դաաշխատեցնել, որ կրկին ծառայի ժողովրդին, մեր երկրի բարի համբավին: Դիմել ենք ԿԳՄՍՆ, քանի որ իրավախախտում է՝ կենտրոնն իր 11 օբյեկտներով պատմամշակութային արժեք է, թույլտվություն պետք է լիներ, ու «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»-ն ու Էկոնոմիկայի նախարարությունը իրավախախտում են կատարել: Հուսով ենք, մեր երկրում առաջնայինը ոչ թե կերուխումն ու զվարճանքը, այլ գիտությունը պետք է լինի»:
Արևիկ Սարգսյանը հավելեց նաև, որ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանըթույլ է տվել աշխատանքները սկսել անցած տարի հոկտեմբերին: Ալբերտ Բաբայանին էլտեղավորելով Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում՝ որպես խորհրդական:
«Թիմից 4 հոգով այնտեղ էինք, փորձարկում արեցինք, որն ի լուր աշխարհի լուսաբանվեց,հայտարարվեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը սկսել է ծրագիրը, այնինչ ինֆրակառուցվածքային բարեփոխման շրջանակներում մենք սանիտարական էտում և հատում էինք կազմակերպել՝ չոր ծառերը 10 տարի չէին ջրել, չնայած անվճար ոռոգման ջուր կա: Մեկ էլ պարզվում է՝ Ալբերտ Բաբայանը դիմում էոստիկանություն, թե ապօրինի ծառահատում էտեղի ունենում գիտական կենտրոնում: Հարուցում են քրեական գործ ու Նարեկ Տերյանը հունվարին ոչ թե նայում է իմ գրած ռազմավարական ծրագրին, ֆինանսավորման նոր առաջարկներին, այլ ասում է՝ փայտ եք ծախսել: Փետրվարին մեր դիմումով դուրս եկանք: Ն.Տերյանը հայտարարեց, որսառեցնում էծրագիրը, մինչև քրեական գործը չկարգավորվի: Քրեական գործն այսօր պաշտոնապես կասեցված է, ձևակերպումը հետևյալն է՝ մեղավոր որոշելն անհնար է: Այսինքն, շինծու գործ էր: Մենք այլևս չենք ուզում համագործակցել Էկոնոմիկայի նախարարության հետ»: