«Թշնամին՝ դրսից, իշխանությունները՝ ներսից նույն խաղն են խաղում վերջնահաշվում». Արմեն Ռուստամյան

«Ուկրաինայում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունները վերջնականապես ամրապնդեցին այն համոզումը, որ այլևս չի գործում միջազգային ստանդարտների և նորմերի հարգման վրա հիմնված, այսպես կոչված, Հելսինկյան աշխարհակարգը»,- «Հայաստանի իրական օրակարգը» հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ տեղի են ունենում աշխարհաքաղաքական վերադասավորումներ, որոնք ուղղված են ուժային կենտրոնների շուրջ ազդեցության նոր գոտիների առաջացմանը:

«Այս համատեքստում ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցն ունի լայն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդգրկում և կարող է կանխորոշել համահայկական նշանակության խնդիրների լուծման և հայոց պետականության զարգացման հետագա ընթացքը: Հետևաբար՝ այդ գործընթացն ի սկզբանե հայության և Հայաստանի անվտանգային պահանջներին և շահերին համապատասխանեցնելու, կենսական զիջումներից խուսափելու համար անհրաժեշտ է ունենալ և պահպանել միմիայն հայեցակարգված մոտեցում: Իսկ ի՞նչ է կատարվում ներկա պահին՝ հետևյալը. միասնական ճակատով հակահայկական և պանթուրանական ծրագրերը կյանքի կոչելու՝ Թուրքիայի, Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ գործողություններին զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները ձեռնամուխ են եղել քաղաքական դարաշրջան բացելու ուտոպիստական գաղափարի իրագործմանը:

Ակնհայտ է, որ այս երկու գործընթացները կարող են տեսականորեն համընթաց լինել, եթե հնարավոր լինի տեղավորել թուրք-ադրբեջանական ծրագրերը՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու գաղափարի մեջ: Ուստի, եթե Երևանը, որպես իր կողմից ձևակերպված գերնպատակ՝ ձգտում է  այդպիսի խաղաղության, պարտավոր է չխոչընդոտել թուրքական ծրագրերին, և ըստ էության, նպաստելով դրանց իրականացմանը՝ սպասարկի թուրք-ադրբեջանական շահերը, ինչի ականատեսն էլ պատահական չէ, որ դառնում ենք այս օրերին:

Դրա վկայությունն էր Շուշիի հակահայ հռչակագիրը դատապարտելուց հրաժարվելու իշխանությունների պահվածքը: Իսկ Փաշինյանը դրանից հետո իր ասուլիսով հանդես եկավ թուրքական հայտնի նախապայմանների՝ ըստ էության ընդառաջ գնացող հստակ ուղերձներով: Հայտարարվեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման լոկոմոտիվ դերը Սփյուռքին է վերապահվում, որ Հայ դատը երբեք մաս չի կազմել ՀՀ պետական քաղաքական օրակարգին, որ սահմանների հարց, որպես այդպիսին, գոյություն չունի, որ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ անգամ տեսականորեն չի կարող ունենալ, և այլն»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

Կարդացեք նաև

Պատգամավորն ընդգծեց՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ պարտավոր ենք մտնել հարաբերությունների մեջ՝ խստորեն պահպանելով մեր կենսական շահերի հստակ շրջանակն արձանագրող կարմիր գծերը:

«Սա նշանակում է՝ բացառել Հայաստանի թուրքացումն ու Արցախի հայաթափումը: Իսկ թուրքացումը հենց այն է, որ Հայաստանը կենսական զիջումների արդյունքում իրավական առումով վերածվում է առերևույթ գոյություն ունեցող, բայց Թուրքիայից լիովին կախյալ կցորդ պետության: Գնալով ավելի բացահայտ է  դառնում, որ թշնամին՝ դրսից, իսկ օրվա իշխանությունները՝  ներսից, վերջնահաշվում  նույն քաղաքականությունն են տանում՝ ամեն կերպ ստիպելու հայ ժողովրդին դադարեցնել  սեփական շահերի համար պայքարը»,- եզրափակեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս