Թուրքիայի նախագահականը գիրք է հրատարակել, որի մեջ անդրադարձ կա Հայաստանին
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունն այդ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ գիրք է հրատարակել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թուրքիայի առանցքային դերը տարածաշրջանային համագործակցությունը և կայունությունն ամրապնդելու հարցում» անվանումով այդ գիրքը երկլեզու է՝ թուրքերեն և ռուսերեն, կազմված է 5 գլխից, որոնցում ներկայացված է Թուրքիայի «նախաձեռնողական և մարդասիրական դիվանագիտությունը»:
Առաջին գլխում ներկայացված է տարածաշրջանային բախումները դադարեցնելու և խաղաղություն հաստատելու ուղղությամբ Թուրքիայի ջանքերը: Այդ շրջանակում նկարագրվել են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու ուղղությամբ Թուրքիայի դիվանագիտական նախաձեռնությունները և դրանց արդյունքում ԹՀ-ում անցկացված հանդիպումները:
Երկրորդ գլխում անդրադարձ է կատարվել ԹՀ-ի միջնորդական ջանքերին՝ ուղղված աշխարհում այնպիսի ճգնաժամերի լուծմանը, որոնք ծանր անդրադարձ էին ունենում բազմաթիվ երկրների վրա: Մասնավորապես խոսվում է Ուկրաինայի նավահանգիստներից պարենի արտահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հարցում Թուրքիայի դերակատարման մասին:
Երրորդ գլխում ներկայացվել է ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի ջանքերը:
Չորրորդ գլուխը վերաբերում է Արևելյան Միջերկրականում իրավիճակին: Նշվել է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում պաշտպանում է իր իրավունքները, որոնք բխում են միջազգային իրավունքից և հիմնված են արդարության վրա:
Հինգերորդ գլուխը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տարածաշրջանային համագործակցության գործընթացներում Թուրքիայի բազմակողմանի նպաստը, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունները, Բաքվի և Թուրքիայի միջև ուղիղ (տրանսպորտային) կապի ապահովման ուղղությամբ ջանքերը և նախկին հակամարտության գոտիներն առևտրի համար վերաբացումը: