Բաժիններ՝

«Մինչև վերջնական բուժումը միշտ էլ կա կրկին խաղալու վտանգ». Հոգեբանը՝ խաղամոլությունից ազատվելու մասին

Հաճախ են ծնողները, կանայք իրենց որդիներին ու ամուսիններին խաղամոլությունից ձերբազատելու համար տարբեր խորհուրդներ հարցնում՝ փորձելով այդ ճահճից նրանց դուրս բերելու ճանապարհներ գտնել:

Խաղամոլության, դրանից ձերբազատվելու ճանապարհների շուրջ զրուցել ենք Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս Սիրինա Առաքելյանի հետ:

– Տիկին Առաքելյան, ո՞ր դեպքում և ինչպիսի՞ հոգեբանության տեր անձինք են գայթակղվում ու ընկնում այդ ճահիճը:

– Կան մի շարք հետազոտություններ, որ զբաղվել են հենց այս խնդրի ուսումնասիրությամբ։ Դրանց մի մասը մոլեխաղերից կախվածության հակվածությունը կապում է անձի՝ ռիսկին հակվածության գծի հետ, մյուսները՝ ինտելեկտի, վերլուծականության, ռեֆլեքսիվության, կանխատեսման և այլնի հետ։ Ես ավելի շատ հակված եմ կարծել, որ դա ձևավորվում է մի շարք գործոնների ազդեցության արդյունքում։ Ինձ համար այս հարցում կարևոր են անձի իմպուլսիվ վարքի հակվածությունը, ռիսկայնությունը, անձի էքստերնալությունն ու մտածողության միստիկ բնույթը, ինչպես նաև անձի հասունությունը, պատասխանատվությունը։

Կարդացեք նաև

Եթե մարդը 1-2 անգամ այցելել է խաղատուն, կարո՞ղ է իրեն զսպել ու այլևս չգնալ:

Կարող է, դա շատ անհատական բնույթ է կրում։

Շատ են ծնողները կամ կանայք հարցնում, թե ինչպե՞ս հետ պահեն ամուսիններին կամ որդիներին՝ խաղատուն այցելելուց: Տանն այդ հարցը կարո՞ղ է լուծվել, թե՞ անպայման հոգեբանի է պետք դիմել:

Բոլոր կախվածությունների դեպքում էլ ընտանիքի անդամների, հարազատների մեջ ձևավորված է լինում յուրահատուկ գերհուզական վերաբերմունք այդ երևույթների հանդեպ, ինչը հաճախ վերածվում է համակախվածության։ Սա այլ, բարդ հոգեբանական առանձին աշխատանք ենթադրող խնդիր է։ Էլի չբացառելով ընտանիքի անդամների կամ հարազատների օգնությամբ այս խնդիրը հաղթահարելու շատ հազվադեպ հնարավորությունը, այնուամենայնիվ, կյանքը ցույց է տալիս, որ սովորաբար հնարավոր չի լինում։ Սակայն այս առումով պետք է նշեմ, որ շատ կարևոր է հարազատների աջակցությունը խնդրի հաղթահարման ընթացքում։

Վերջնական բուժվել հնարավո՞ր է, չկա՞ կրկին խաղատուն այցելելու վտանգ, որքա՞ն ժամանակ է պահանջվում բուժման համար, և հիմնականում ո՞ր տարիքի մարդիկ են դիմում Ձեզ, ինչպե՞ս են բացատրում, ի՞նչն է իրենց դրդել դառնալ խաղամոլ:

– Մինչև վերջնական բուժումը միշտ էլ կա կրկին խաղալու վտանգ։ Ի դեպ, նշեմ, որ ներկայումս արդեն այդքան ակտուալ չէ խաղատուն «այցելելը»․ հիմնականում մոլեխաղերից կախվածություններն օնլայն տարբերակով են դրսևորվում, օնլայն խաղադրույքներ են անում։

Հաճախ է պատահում (գրեթե բոլոր դեպքերին բնորոշ է), որ թերապիայի ընթացքում իրենց «բաց են թողնում, չեն դիմանում գայթակղությանը» և խաղում են։ Այս դեպքերում կրկին շարունակվում է թերապևտիկ աշխատանքը։ Երբեմն անհրաժեշտ է լինում կենսակերպի փոփոխություններ անել, որպեսզի աշխատանքն առավել արդյունավետ լինի։

Դիմում են տարբեր տարիքի անձինք, բուժման տևողությունը շատ անհատական է, խաղալու դրդապատճառները ևս յուրաքանչյուրի մոտ շատ անհատական են․ մեկի մոտ հարազատներից մեկն է «սովորեցրել», մեկը ընկերների հետ է գնացել, մյուսը մտածել է, որ դրանով ֆինանսական ինչ-որ խնդիրներ կկարողանա լուծել, և այլն։

Հավելեմ, որ հիմա տարբեր թաղամասերում նաև խաղամոլությանը նպաստող խմբեր են ձևավորվել, որ նույնիսկ տվյալների արգելափակման կամ փող չունենալու դեպքերում փող են տալիս «հատուկ պայմաններով» ու տանուլ տալու դեպքում ստիպված են լինում շատ գումար վճարել:

Տեսանյութեր

Լրահոս