«Բա պատկերացրեք՝ էս վիճակով էլ Թուրքիայի հետ սահմանը բացեն». Մասնագետները՝ գյուղատնտեսության մտահոգիչ միտումների մասին
«Դուք տեղյակ եք, անշուշտ, որ մենք տնտեսական իրավիճակի առումով բավականին լավ վիճակում ենք և երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, բայց մյուս կողմից ՝ գյուղատնտեսության ոլորտում ունենք խնդիրներ, այսինքն՝ գյուղատնտեսական արտադրանքի անկում ունենք»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նա, այդուհանդերձ, նշել է, որ առկա իրողությունն անակնկալ չէ, ու գիտեն՝ ինչ անել այդ վիճակագրությունը փոխելու համար:
«Այդ ուղղություններից մեկն ինտենսիվ այգեգործության խթանումն է, ոռոգման համակարգերի զարգացումը, հետագայում անդրադարձ կունենաք հողերի խոշորացման ծրագրին, լիզինգի ծրագրերին և այլն»,- մանրամասնել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Վիճակագրական կոմիտեն հրապարակել էր տնտեսական ակտիվության 6 ամսվա ցուցանիշը. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 11.8 տոկոս, աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում՝ բացի գյուղատնտեսությունից, որտեղ անկումը 5.5 տոկոս է:
Տնտեսագիտական տարբեր շրջանակներ մեկ անգամ չէ, որ անդրադարձել են ՏԱՑ աճին՝ արձանագրելով, որ այն հիմնականում պայմանավորված է միջազգային գործոնով:
168.am–ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ արձանագրված աճը որևէ առնչություն չունի ՀՀ-ում վարվող տնտեսական քաղաքականության և օրվա կառավարության գործադրումների հետ:
«Սա հիմնականում լրացուցիչ պահանջարկով խթանված տնտեսական ակտիվություն է, իսկ այդ պահանջարկը գալիս է պատահական և արտաքին գործոններից. հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՌԴ նկատմամբ կիրառված սահմանափակումները ՌԴ-ից մեծ արտարժութային հոսք ուղղեցին ՀՀ, հաջորդը՝ ՌԴ քաղաքացիների այցելությունը ՀՀ,- նշեց տնտեսագետը՝ հղում անելով աճի կառուցվածքին,- Երբ նայում ենք, թե որ ոլորտներում է տնտեսական ակտիվությունը, տեսնում ենք, որ հիմնականում ծառայությունների ոլորտն է, առևտուրը»:
Թադևոս Ավետիսյանը գյուղատնտեսության ոլորտի մտահոգիչ միտումները դիտարկեց միջազգային իրողությունների համատեքստում:
«Սրանք ինչ եկել են իշխանության, մեր գյուղատնտեսության ոլորտում հավաքական խնդիրները խորացել են, ինչն արտահայտվել է գյուղատնտեսական արտադրության ծավալների նվազմամբ:
5.5 տոկոս անկում է արձանագրվել այն իրավիճակում, երբ աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ աշխարհի երկրները փորձում են առավելագույնի հասցնել իրենց գյուղատնտեսական արտադրությունը (մաքսիմում պետական աջակցությամբ), որովհետև կա պարենային անվտանգության խնդիր, կա գյուղատնտեսական մթերքների թռիչքաձև գնաճ միջազգային շուկաներում: Իսկ մեր երկրում՝ փաստացի գյուղատնտեսական ներուժը կրճատվում է, գյուղատնտեսության ծավալները նվազում են»,- հավելեց նա:
Ֆերմեր-գործարար Հարություն Մնացականյանը գործադիրի ձևակերպած տեսլականն իրատեսական չի համարում՝ արձանագրելով ոլորտի վերականգնմանն ուղղված ծրագրերի թերի ու ոչ հասցեական լինելը:
«Վատը գիտե՞ք՝ որն է. առաջ այսքան ծրագրեր չկային, բայց ոլորտն այսչափ անկում չէր ապրում: Պատկերացրեք՝ այսքան բան է արվում, բայց ինչքան սխալ են անում, որ դրան զուգահեռ՝ անկումը շարունակվում է:
Ծրագրերը հասցեական չեն, թերի են՝ ամբողջ արժեշղթան չեն փակում,- նշեց նա՝ թվարկելով մի շարք խնդիրներ,- Ինտենսիվ այգեգործություն են խթանում, չունեն նորմալ լաբորատորիաներ, որ գոնե ներմուծվող տնկիների որակը ստուգեն (միայն խոսում են սերտիֆիկացումից. սովորական թղթաբանություն),
այգիներ եմ տեսել՝ սովորական ծառերը ինտենսիվ ծառերի փոխարեն են տնկել, նկարել են, ցուցադրում են, գովազդում են,
պետությունը ճիշտ չի ուղղորդում տնտեսվարողներին, գյուղացիներին. պետությունը պետք է նաև ուղղորդի ֆերմերներին՝ օրինակ, ինչ ծառատեսակներ բերել-աճեցնել, որ հետագայում իրացման հետ խնդիրներ չլինեն»:
Ամփոփելով՝ Հարություն Մնացականյանն արձանագրեց, որ այսօր դաշտը դատարկ է, իսկ դրանից օգտվում են սպեկուլյանտները, ինչն էլ, ի վերջո, հանգեցնելու է առավել լուրջ խնդիրների. «Այդ սուբսիդիաները, ծրագրերը, եթե արժեշղթան չեն փակում, հակառակ էֆեկտն են ունենալու»:
«Բա պատկերացրեք՝ էս վիճակով էլ Թուրքիայի հետ սահմանը բացեն. ամբողջ լոլիկի արտադրությունը, բոստանային մշակաբույսերի աճեցումը կարող է ամբողջությամբ կանգնի»,- նկատեց գյուղատնտեսը: