Բաժիններ՝

Աճ կա՞, թե՞ չկա. ինչի՞ հաշվին են ցուցանիշներն այսքան լավը. Պարզաբանում են տնտեսագետները

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության 6 ամսվա ցուցանիշը. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 11.8 տոկոս: Աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում, բացի գյուղատնտեսությունից, որն անկում է գրանցել 5.5 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 44 տոկոսով, այդ թվում՝ արտահանումը՝ 36.3, իսկ ներմուծումը՝ 48.7 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.8 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 26.9, առևտրի շրջանառությունը՝ 10.7, շինարարությունը՝ 12.7 տոկոսով: Աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 14.8 տոկոսով: Սպառողական գնաճը կազմել է 8.1 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 7.8:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պնդում է, որ սա վերջին 15 տարվա լավագույն ցուցանիշն է առաջին կիսամյակի աճի վերաբերյալ, 2007 թվականից նման աճ չենք ունեցել:

168.am տնտեսագետներ Հրանտ Միքայելյանից, Լիլիա Ամիրխանյանից, Արմեն Գրիգորյանից հետաքրքրվել է, թե որքանո՞վ են օբյեկտիվ այս ցուցանիշները, ի՞նչ կշիռ ունի այս աճի ցուցանիշում միջազգային գործոնը:

Կարդացեք նաև

Հրանտ Միքայելյանը Վահան Քերոբյանի հայտարարություններին ի պատասխան՝ հիշեցնում է 2018 թվականի ցուցանիշները.

«Մենք շատ լավ ցուցանիշներ ունեինք 2018թ. առաջին եռամսյակում՝ մինչև, այսպես կոչված, հեղափոխությունը և 2018թ. ևս կունենայինք շատ լավ ցուցանիշներ, եթե չլինեին քաղաքական այդ գործընթացները»:

Տնտեսական աճի մասին պաշտոնական ցուցանիշներին անդրադառնալով՝ Հրանտ Միքայելյանը դրանք հիմնականում պայմանավորեց միջազգային կոնյունկտուրայով, ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներով:

«ՌԴ-ն որոշակի հոսքեր ուղղորդել է հարակից երկրներ, այդ թվում՝ Հայաստան: Սակայն պետք է հաշվի առնել ևս մեկ կարևոր հանգամանք՝ դա ցածր բազայի էֆեկտն է, որովհետև 2020թ. ՀՀ-ն ունեցել է 7.2 տոկոս տնտեսական անկում, իսկ 2021թ.՝ նախաճգնաժամային մակարդակի չվերադարձավ: Ընդհանուր գործոնների մեջ այս գործոնի կշիռը բարձր է:

Եթե խոսում ենք դրսի ազդեցության մասին, ապա պետք է նկատել, որ արդեն հունիսին մի շարք ոչ արևմտյան երկրներից մեծացել էին հոսքերը ՀՀ ուղղությամբ»,- հավելեց նա:

Ի դեպ, տնտեսագետն անլուրջ համարեց գյուղատնտեսության ոլորտում շարունակ անկումային վիճակի մասին Վահան Քերոբյանի «արդարացումը», թե դա պայմանավորված է մեթոդաբանական խնդիրներով՝ հիշեցնելով, որ անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ որևէ մեթոդաբանական փոփոխություն չկա, մինչդեռ ոլորտում առկա են լրջագույն խնդիրներ՝ ցանվող տարածությունների, անասունների գլխաքանակի կրճատում, Արցախում հողերի կորուստ:

Լիլիա Ամիրխանյանն այս ցուցանիշներում ևս ընդգծեց միջազգային գործոնների ազդեցությունը՝ նկատելով նաև, որ արձանագրված աճը հանրային լայն շրջանակների վրա ազդեցության տեսանկյունից շատ ավելի սեղմ էֆեկտ ունի:

«Բնականաբար, օտարերկրացիների ներհոսքից հանրային սննդի ոլորտում կա աշխուժություն, այդ ոլորտի հետ ուղղակի և անուղղակի առնչություն ունեցող սեկտորը, այդ հատվածը դրական էֆեկտը զգում է: Ի դեպ, դա ևս բավական ռիսկային է, քանի որ չունես երաշխիք, որ առաջիկա երկու ամիսներին այդ աշխուժությունը պահպանվելու է՝ առնվազն կա անորոշություն: Այսինքն՝ սա մեծ կախվածություն է առաջացնում արտաքին գործոններից. այսինքն՝ արձանագրված աճերը տնտեսության արդյունքով չեն ապահովված»,- պարզաբանեց տնտեսագետը:

Անդրադառնալով տնտեսական այտիվությունն ապահոված մյուս ոլորտին՝ շինարարությանը, մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ոլորտում արձանագրված էֆեկտը եկամտարհարկի վերադարձելիության սպասվող չեղարկումն է, որն արագացրել է գործարնքերը և բերել բումի:

Տնտեսագետն ուշադրություն հրավիրեց գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկմանը՝ դա համարելով մտահոգիչ ցուցանիշ:

«Գյուղատնտեսության ոլորտն առաջին եռամսյակում 5.4 տոկոսանոց անկում էր գրանցել, առաջին կիսամյակի տվյալներով՝ 5.5 տոկոսանոց: Սա բավականին խնդրահարույց է և ուղղակի առնչություն ունի բարեկեցության մակարդակի հետ, որովհետև գյուղատնտեսական արտադրանքը նախ քո արտահանելի արտադրանքի զգալի մասն է, և երկրորդը՝ քո բնակչության զբաղվածության էական հատվածը ևս այս ոլորտին է առնչվում: Կարելի է ասել, որ ոլորտի անկումը վերջնարդյունքում ենթադրում է բնակչության եկամուտների անկում»,- եզրափակեց Լիլիա Ամիրխանյանը:

Արմեն Գրիգորյանն արձանագրեց՝ թվերը հրապարակված են, բայց չկա վերլուծություն, թե դրանք ինչ ազդեցության հետևանք են կամ ինչ կառուցվածք ունեն։

«Նույն Վիճակագրական կոմիտեի մեկ այլ հրապարակման մեջ ներկայացված է, օրինակ, հացը թանկացել է շուրջ 20 տոկոսով, իսկ մարդկանց թոշակն ու նպաստները չեն ավելացել։ Թանկացել են առաջին անհրաժեշտության սպառման ապրանքները՝ մակարոնեղենը՝ 29 տոկոս, բրինձը՝ 14,6 տոկոս, միսը՝ 11,6 տոկոս, կաթնամթերքը, պանիրը՝ 11 տոկոս, բանջարեղենը՝ 45,8 տոկոս, իսկ կարտոֆիլի գինը մի փոքր նվազել է, բայց պահպանել է գնաճի 145 տոկոսը։

Հագուստի և կոշիկի գնաճն ավելի քան 10 տոկոս է։ Արտաքին առևտրի հրապարակված ցուցանիշներից եթե հանենք հանքարդյունահանման չափը, կտեսնենք, թե ի՞նչ է մնում տակը,- մանրամասնեց տնտեսագետը՝այս համատեքստում անդրադառնալով տնտեսական աճի կառուցվածքին,- Օրերս ՊԵԿ-ը հրապարակեց 2022 թվականի խոշոր հարկ վճարողների ցուցակը, որի առաջին տասնյակում 4 հանքարդյունահանող ընկերություն կա, որոնք վճարել են ամբողջ 1000 հարկատուների 18 տոկոսը՝ 128,7 մլրդ դրամ։

Սա նշում եմ, որ հասկանալի լինի՝ ՀՀ-ում վարվող այս կոշտ նեոլիբերալ տնտեսական կուրսը չի կարող լինել ներառական և ունի զրո ազդեցություն մարդկանց սոցիալական վիճակի վրա։

Թվերը փոխվում են, դրանց ներկայացման մեթոդաբանությունները վերանայվում, իսկ ՔՊ նախարարներն ու պատգամավորները աջ ու ձախ հպարտանում են այդ թվերով, գրառումներ են անում, բայց դրանից մարդկանց կյանքի որակը չի լավանում, հակառակը՝ օր օրի վատանում է»:

Տեսանյութեր

Լրահոս