Հայտնի են պետական բուհերի տարբեր բաժիններում թափուր տեղերի վերջնական տվյալները
2022/2023թթ. ուսումնական տարվա ընդունելության քննությունների մրցույթն ավարտված է՝ հիմնական և լրացուցիչ փուլերն ամփոփված են: ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս հիշեցրեց, որ այս տարի ևս կիրառվել է մեկ մասնագիտություն, մեկ բուհ սկզբունքը, ինչը ենթադրում է, որ դիմորդն առաջին փուլում հայտագրում էր մեկ բուհ և իր նախընտրած մեկ մասնագիտությունը, և արդեն լրացուցիչ փուլով հնարավորություն է տրվում հիմնական փուլի մրցույթը չհաղթահարած դիմորդներին՝ դիմելու և համալրելու թափուր մնացած տեղերը:
ԿԳՄՍՆ պաշտոնյան ներկայացրել է այս տարվա ընդունելության քննությունների ընդհանուր պատկերը՝ վիճակագրական տվյալներով: Բուհերին հատկացված էր 22.000 տեղ՝ պայմանավորված ՀՀ-ում գործող բուհերի լիցենզավորված տեղերի քանակով: Այս տարի հայտագրված դիմորդների թիվն էր՝ 13.887, որից միասնական քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար:
Թափուր է մնացել 14.158 տեղ, որից 13.900՝ վճարովի, 258-ը՝ անվճար:
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենաշատ դիմորդների թվով առաջնագծում էին մի քանի հիմնական մասնագիտություններ՝ Իրավագիտություն, Բուժական գործ, Միջազգային հարաբերություններ, Հանրային կառավարում, Կիրառական մաթեմատիկա և այլն: Նախորդ տարվա համեմատ կրկին թափուր են մնացել մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում պահանջարկ ունեն, առաջնային են, սակայն ցածր գրավչություն ունեն և նույնիսկ անվճար տեղերի համար դիմողներ չեն եղել: Դրանք հիմնականում բնագիտական մասնագիտություններն են՝ քիմիա, աշխարհագրություն, երկրաբանություն, քիմիական տեխնոլոգիաներ»,- իրազեկել է Լուսինե Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հումանիտար-հասարակագիտական մասնագիտությունների ոլորտում ևս թափուր տեղեր կան: Նա առանձնացրել է Մանկավարժական համալսարանում Սուրդոմանկավարժություն, Մշակութաբանություն, Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ և այլ մասնագիտությունները:
168.am-ը ներկայացնում է պետական համալսարաններն ու թափուր տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների: Ընտրել ենք այն մասնագիտությունները, որտեղ թափուր տեղերը շատ են: Խոսքը առկա և ոչ հեռակա թափուր տեղերի մասին է:
Համաձայն dimord.am-ի տվյալների՝ օրինակ, Երևանի պետական համալսարանի «Մաթեմատիկա» բաժնում կա 17 վճարովի թափուր տեղ, «Մեխանիկա» բաժնում՝ 14, «Ֆարմացիա» բաժնում՝ 45, «Աշխարհագրություն» բաժնում՝ 3 անվճար և 29 վճարովի թափուր տեղ կա, 30 վճարովի թափուր տեղ մնացել է
«Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժնում: «Արվեստաբանություն», «Մշակութաբանություն», «Կովկասագիտություն», «Հնագիտություն և ազգագրություն», «Փիլիսոփայություն», «Սոցիոլոգիա», բաժիններում թափուր է համապատասխանաբար՝ 18, 15, 11, 19, 24,
21 վճարովի տեղ: Քիչ դիմորդներ են ընտրել նաև «Սոցիալական աշխատանք» և «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտությունները. երկու բաժնում էլ կա 36 թափուր տեղ:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Տնտեսագիտություն» բաժնում կա՝ 92, «Էլեկտրաէներգետիկա»-ում՝ 38 թափուր տեղ, «Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ»-ում՝ 26 թափուր տեղ: Խոսքը միայն Երևանի և ոչ մարզային մասնաճյուղի մասին է:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում «Դիզայն» բաժնում, որքան էլ զարմանալի է՝ առկա է 101 թափուր տեղ: «Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում» բաժնում՝ 54, «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում» բաժնում՝ 40, «Շենքերի նախագծում» բաժնում՝ 34 թափուր տեղ: «Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ» բաժնում թափուր է մնացել 1 անվճար, 50 վճարովի տեղ, «Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ» բաժնում անվճար 3 և վճարովի 40 տեղ է մնացել, «Ջերմագազամատակարարում և օդափոխություն»,-ում կա 1 վճարովի և 40 անվճար տեղ, «Տնտեսագիտություն»-ում՝ 117, «Զբոսաշրջություն»-ում 49, «Սերվիս»-ում՝ 37, «Գեոդեզիա և կադաստր»-ում՝ 58 վճարովի տեղ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Բնապահպանություն և բնօգտագործում բաժնում» թափուր է մնացել՝ 29, «Վիճակագրություն»-ում՝ 24 տեղ:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնում թափուր է մնացել 59 տեղ, «Սուրդոմանկավարժություն»-ում՝ 1 անվճար և 23 վճարովի տեղ է մնացել թափուր, «Լոգոպեդիա» բաժնում՝ 35, «Հայոց լեզու և գրականություն» բաժնում 61 թափուր տեղ կա: «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն»-ում՝ անվճար 1 և վճարովի 30, «Ինֆորմատիկա»-ում՝ վճարովի 2, անվճար 35, «Քիմիա»-ում՝ 3 անվճար, 18 վճարովի, «Կենսաբանություն»-ում՝ 3 անվճար, 32 վճարովի տեղ կա, «Աշխարհագրություն»-ում՝ 4 անվճար, 35 վճարովի, «Պատմություն»-ում 74 վճարովի թափուր տեղ կա: «Կերպարվեստ» բաժնում թափուր է՝ 38, «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնում՝ 47, «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնում՝ 33, «Հասարակագիտություն»-ում՝ 46 թափուր տեղ է մնացել: 59 վճարովի թափուր տեղ առկա է «Հոգեբանություն» բաժնում: «Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն» բաժնում թափուր է 14 տեղ:
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի «Մասնագիտական մանկավարժություն, անգլերեն լեզու և գրականություն» բաժնում թափուր է մնացել 85 տեղ, «Մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն լեզու և գրականություն»-ում՝ 47, «Մասնագիտական մանկավարժություն, ֆրանսերեն լեզու և գրականություն»-ում՝ 42, «Թարգմանչական գործ՝ ռուսերեն և հայերեն լեզուներ»՝ 5, «Թարգմանչական գործ՝ ռուսերեն, անգլերեն և հայերեն լեզուներ»՝ 3, «Թարգմանչական գործ՝ ֆրանսերեն և հայերեն լեզուներ»՝ 7, «Թարգմանչական գործ՝ իսպաներեն և հայերեն լեզուներ»՝ 8 թափուր տեղեր են մնացել: «Սերվիս» և «Զբոսաշրջություն» բաժիններում համապատասխանաբար 54 և 55 թափուր տեղ կա:
Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում ամենաշատ թափուր տեղ կա հետևյալ բաժիններում. Նախնական զինվորական պատրաստություն՝ 41, Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ՝ 30:
Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնում թափուր է մնացել՝ 40, Սոցիալական մանկավարժություն բաժնում՝ 29, Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ՝ 20, Պատմություն՝ 19, Ռուսաց լեզու և գրականություն՝ 15, Դեղագործական քիմիա՝ 21 տեղ:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Վոկալ արվեստ-ժող. Երգեցողություն» բաժնում թափուր է մնացել՝ 15, «Վոկալ արվեստ-ջազ-փոփ երգեցողություն»-ում՝ 17 տեղ:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ինտերիերի դիզայն» բաժնում թափուր է մնացել՝ 14, «Դիզայն» բաժնում՝ 28 տեղ:
Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Կինոարվեստ» բաժնում կա՝ 25, «Օպերատորություն»-ում՝ 11 թափուր տեղ:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Լրագրություն» բաժնում թափուր է մնացել 28 տեղ:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում «Ագրոբիզնես և ֆինանսներ» բաժնում թափուր է 84 վճարովի տեղ: 1 անվճար և 79 վճարովի տեղ թափուր է «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» բաժնում: «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն» բաժնում 8 անվճար և 27 վճարովի տեղ է թափուր մնացել: «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն» բաժնում կրկին 8 և 32 վճարովի թափուր տեղ է մնացել, Ճշգրիտ գյուղատնտեսություն բաժնում՝ 5 վճարովի և 35 անվճար, «Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր»-ում 5 անվճար և 35 վճարովի տեղեր են մնացել: «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» բաժնում թափուր է 7 անվճար, 46 վճարովի, «Պարենամթերքի տեխնոլոգիա» բաժնում՝ 21 վճարովի, 149 անվճար, «Սննդամթերքի անվտանգություն»-ում՝ 6 անվճար, 28 վճարովի, «Անասնաբուժություն»-ում՝ 6 անվճար, 51 վճարովի տեղ:
Հավելենք, որ բուհերի հեռակա ընդունելության քննություններրը դեռևս չեն մեկնարկել: Հայտագրումները սկսվում են սեպտեմբերի 5-25-ը, քննությունները կանցկացվեն հոկտեմբերի վերջին 10-օրյակում: