Ուսանողներին կացարանով ապահովելու համար կա դրամաշնորհային ծրագիր, Զեյթունի հանրակացարանում նույնիսկ կան զեղչային պայմաններ. Լուսինե Գրիգորյան
2022/2023թթ. ուսումնական տարվա ընդունելության քննությունների մրցույթն ավարտված է՝ հիմնական և լրացուցիչ փուլերն ամփոփված են:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ այս տարի ևս կիրառվել է մեկ մասնագիտություն, մեկ բուհ սկզբունքը, ինչը ենթադրում է, որ դիմորդն առաջին փուլում հայտագրում էր մեկ բուհ և իր նախընտրած մեկ մասնագիտությունը, և արդեն լրացուցիչ փուլով հնարավորություն է տրվում հիմնական փուլի մրցույթը չհաղթահարած դիմորդներին՝ դիմելու և համալրելու թափուր մնացած տեղերը: Ընդունելության քննությունները բոլոր բուհերում սահմանված են եղել միասնական չափանիշներով, երկու միասնական քննության պարտադիր պայմանով:
«Այս տարի հայտագրված դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 13887, միասնական քննություններին մասնակցել է 11587 դիմորդ: Առաջին և երկրորդ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել 9729 դիմորդ: Հատկացված ավելի քան 1900 անվճար տեղերից համալրվել է 1670-ը: 22.000 տեղից թափուր է մնացել մոտ 16.000 տեղ՝ անվճար ու վճարովի տեղերը միասին: 22.000-ը պայմանավորված է ՀՀ-ում գործող բուհերի լիցենզավորման տեղերի քանակով: Դա նշանակում է, որ բուհերը պատրաստ էին ծառայություն մատուցել 22.000 դիմորդի, իսկ միասնական քննությունների արդյունքում դրանք չեն համալրվել: Թափուր տեղերը մեծ մասամբ ոչ պետական բուհերում են: Ոչ պետական բուհերի համար հատկացված է եղել 7500 տեղ, որից համալրվել է 131-ը: Ինչպես նախորդ տարիների ընթացքում, այս տարի ևս մրցույթը հիմնականում մի քանի մասնագիտության շրջանակում է իրականացել՝ իրավագիտություն, բուժական գործ, ստոմատոլոգիա, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում և կիրառական մաթեմատիկա:
Մասնագիտությունները, որոնք առաջնային են, պահանջարկ ունեն աշխատաշուկայում, նույնիսկ անվճար տեղ հատկացնելու պարագայում մնացել են թափուր: Դրանք հիմնականում վերաբերում են բնագիտական մասնագիտություններին: Հիմնական թափուր տեղերը մնացել են Ագրարային համալսարանում, ԵՊՀ-ում՝ օրինակ, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկայում 5 անվճար տեղ մնացել է թափուր:
Քիմիա, աշխարհագրություն, երկրաբանություն, քիմիական տեխնոլոգիաներ մասնագիտությունները ևս անվճար տեղերի մասով մնացել են թափուր: Հումանիտար, հասարակագիտական մասնագիտությունների գծով ևս ունենք թափուր տեղեր: Մանկավարժական համալսարանում, օրինակ, սուրդոմանկավարժություն, մշակութաբանություն, գրադարանային, տեղեկատվական աղբյուրներ բաժիններում կան թափուր տեղեր: Ագրարային համալսարանում՝ մեքենասարքավորումների ճարտարագիտություն, հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն, տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրոէկոլոգիա, անասնաբուժություն, կենդանագիտություն, կենսատեխնոլոգիա բաժիններում կան թափուր տեղեր:
Ագրարային համալսարան ընդունվել է 40 դիմորդ: Նշված մասնագիտություններն ունեն պահանջարկ, ուղղակի գրավչությունը բարձր չէ դիմորդների շրջանում: Անվճար լինելու հանգամանքը ևս չի խրախուսում դիմորդներին՝ դիմելու այդ մասնագիտություններով»,- մանրամասնեց Լուսինե Գրիգորյանը:
Նրա կարծիքով՝ հասարակությունը լայն իրազեկվածություն չունի կրթական համակարգի մասին, և այստեղ մեծ աշխատանք ունեն անելու նաև բուհերը, գործատուները: Տեղյակ չեն աշխատատեղերի գրավչության առումով: Ավելին, ԿԳՄՍՆ պաշտոնյայի խոսքով, դիմորդները չեն պատկերացնում, որ այդ մասնագիտություններով հետագայում կարող են սոցիալական հարց լուծել կամ ունենալ բարձր աշխատավարձ: Խրախուսման գործիքները մշակման փուլում են՝ օրինակ, քննարկվում էր ագրարային մասնագիտություններում ուսանողներին բարձր կրթաթոշակ տրամադրելու հարցը:
168.am-ի հարցին՝ այս տարի ՀՀ բուհերում թափուր շատ տեղեր կան, արդյո՞ք սա պայմանավորված չէ նաև բարձր վարձավճարներով, ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը պատասխանեց.
«Վերջին պատճառը, որ կարող է լինել՝ դրանք վարձավճարներն են, որովհետև թեկուզև 2021թ.-ի հետ համեմատած՝ վարձավճարների էական բարձրացում չի եղել՝ հատկապես բնագիտական ուղղություններով: Չեմ կարծում, որ վարձավճարը լինի պատճառ, ընդհակառակը, այս տարի դիմորդների թիվն ավելի շատացել է՝ նախորդ տարվա համեմատ: Այս տարի ունեցել ենք՝ 13887, իսկ 2021թ.՝ 13128 դիմորդ: Թափուր տեղերում վարձավճարի բարձրացում չի եղել»:
Մեր դիտարկմանը՝ այս ամենին գումարվել են նաև վարձով բնակարանների գները, որոնք ևս շատ բարձր են։ Հնարավո՞ր է սուբսիդավորել կամ ուսանողներին ինչ-որ ձևով կացարան հատկացնել, որովհետև մարդիկ այս պահին բնակարան գտնելու խնդիր ունեն, Լուսինե Գրիգորյանը նշեց.
«ՀՀ-ում բուհերից շատերն ունեն հանրակացարաններ, բացի դրանից՝ յուրաքանչյուր տարի ուսանողներին կացարանով ապահովելու համար դրամաշնորհային ծրագիր կա՝ բյուջեով նախատեսված: Օրինակ, Զեյթունի հանրակացարանը գոյություն ունի, և նախարարությունն ունի մշակած կարգ, որի համաձայն՝ այդ հանրակացարանում ուսանողները կարող են դիմել և բնակվել: Նույնիսկ կան զեղչային պայմաններ: Սուբսիդավորումը պետությունը հենց այդ դրամաշնորհի միջոցով է անում»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետն անդրադարձավ նաև հեռակա ընդունելության կարգին՝ տեղեկացնելով, որ ամրագրվել է միասնական քննություններով ընդունվելու պայմանը: Քննությունը պետք է կազմակերպի Գնահատման և թեստավորման կենտրոնը: Հայտագրումը կլինի առցանց՝ dimord.am կայքում: Հայտագրումները սկսվում են սեպտեմբերի 5-25-ը, քննությունները կանցկացվեն հոկտեմբերի վերջին 10-օրյակում: