«Ինչո՞ւ են ժողովրդի մեջ սերմանում, թե պարտությունը մեր ճակատագիրն է, ո՛չ, մեր ճակատագիրը հաղթանակն է». Շիրակցի ազատամարտիկ

Արցախյան առաջին ազատամարտի մասնակիցներն այս օրերին ցավով են ընդունում այն իրականությունը, որը տեղի է ունենում Արցախի շուրջ։ Բերձորը, Աղավնոն հանձնելու մասին լուրերը նրանցից շատերի մոտ կրկին ոտքի կանգնելու ու պայքարելու մեծ ցանկություն են առաջացրել, սակայն, ինչպես նշում են՝ զենքն  իշխանության ձեռքին է, որը չեն օգտագործում, իսկ պայքարողներին թողել են անզեն։

Արցախյան առաջին և 2016 թվականի ապրիլյան  պատերազմների մասնակից 60-ամյա Հարություն Սարգսյանը, ով 1990-ականներին Արցախում երեք անգամ վիրավորվել ու երեք անգամ վիրահատվել է, ասում է՝ մեկ ուրիշը գուցե այդ ամենից հետո չապրեր, բայց ինքն ապրեց, որպեսզի տեսնի, թե ինչպես են սերունդները գալու ու շենացնելու Արցախը։

Հարություն Սարգսյանը Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից է, 1992 թվականին, երբ արդեն ծնվել էին նրա երեք որդիները, իսկ չորրորդ որդու ծնվելուն քիչ ժամանակ էր մնացել՝ մեկնեց Արցախ․ ասում է՝ հողի կանչով։

«Երկու մտերիմ ընկեր ունեի, երկուսն էլ Արցախում զոհվել էին, նրանց զոհվելու լուրն առնելուց առաջ հստակ որոշել էի, որ պետք է միանամ իրենց։ Գնացի, բայց առանց իրենց, 29-30 տարեկան էի, հավատում էի, որ ամեն գնով հաղթելու ենք, հատկապես 1993 թվականին։ Իսկ 2020 թվականին, տեսնելով՝ ինչ է կատարվում, ի սկբանե հասկացել էի, որ ձախողելու են։ Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ ազատամարտիկ ընկերներով գնացինք զինկոմիսարիատ, որպեսզի գնայինք Արցախ, մեզ ասացին՝ սպասեք, մինչև հիմա սպասում ենք, որ կանչեն։ Եթե մեր ձեռքին զենք լիներ, մենք առանց նրանց կանչելու՝ կգնայինք, զենք չկար, ու մեզ ասում էին՝ զենք չունենք, որ ձեզ տանք, սպասեք։ Երեք օր Երևանում անիմաստ սպասեցինք, բայց չտարան առաջնագիծ, այդ ժամանակ էլ զգացինք, որ ինչ-որ բան այնպես չի գնում»,- 168.amի հետ զրույցում ասաց Հարություն Սարգսյանը։

Կարդացեք նաև

Հիշում է՝ ամեն մի տարածք ազատագրելիս՝ հաղթանակ տոնելու հավատն ավելի էր ամրապնդվում։

«Մենք կարծես աստղերի մեջ լինեինք, աստղերին հավասար, ո՞վ կմտածեր, որ տարիներ անց իշխանության կգան մարդիկ, ովքեր չեն կարողանալու այդ հաղթանակը պահել»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարություն Սարգսյանը մասնակցել է Տոնաշենի, Մեծ Շենի, Թալիշի, Մատաղիսի և այլ գյուղերի ազատագրմանը, և մտքով չի էլ անցել, որ տարիներ անց երկու որդիները կընտրեն զինվորականի մասնագիտություն և երկուսն էլ կծառայեն իր ազատագրած Մատաղիսում։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունը հատուկ եկել էր այդ հողերը տալու համար, որի համար ինքը չէր էլ պայքարել։ Ախր, այս ժողովուրդը մեղք է, պետք է ոտքի կանգնի, ինչպես կանգնեց 1988 թվականին՝ հանուն իր հայրենիքի։ Այդպես չի կարելի գալ ու մաս-մաս հանձնել, մենք դա ազատագրել ենք՝ մահը մեր աչքի առաջ ունենալով, մեր ընկերների կյանքի ու արյան հաշվին։ Հենց այս պահին ես «ատդուշի» կգնամ, ինձ հետ էլ կգան իմ երկու որդիները, այսպես հնարավոր չէ։

Ինքս Արցախի տեղանքը լավ գիտեմ, այդ թվում՝ Շուշին, այն հնարավոր չէր այդքան շուտ գրավել, հեչ մեկ անգամ իմ մտքով չի անցել, որ թշնամին այդպես հեշտ ու հանգիստ կգրավի, դա բերդ էր։ Հատուկ սրանք հանձնեցին»,- շեշտեց նա։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարություն Սարգսյանը լռակյաց է դարձել, մտածում է՝ ինչպե՞ս ստացվեց, որ ազատագրված հայրենիքի մի մասը հանձնվեց, ասում է՝ որդին մինչև վերջ Քարվաճառում կանգնած է եղել, պատրաստ կռվելու, բայց որդուն ու մյուս զինվորականներին հանել են Քարվաճառից ու այն հանձնել։

Ազատամարտիկն իր լռությունն արտահայտում է գրելով՝ ստեղծագործում է, արդեն երեք գրքերի հեղինակ է։

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ծնվեց «Հողի սերը» բանաստեղծությունների ժողովածուն, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ «Հոգու սարսուռներ»-ը։

Պատմում է, որ 90-ականների հաղթանակից հետո, բոլորովին այլ՝ հաղթանակ տարածի հոգեվիճակում գրել և տպագրել է «Բաժանող կամուրջներ» ժողովածուն։

«Ինչո՞ւ են ժողովրդի մեջ սերմանում, թե պարտությունը մեր ճակատագիրն է, ոչ, մեր ճակատագիրը հաղթանակն է, ինչպես մի անգամ արդեն եղել է։ 90-ականներին մենք անտառներում նույնիսկ ուտելու ոչինչ չունեինք, սնվում էինք միայն հաղթանակ տանելու գաղափարով։ Մեր հրամանատարությունը մեզ ասում էր՝ դիմացեք, առջևում այս կամ այն հայկական գյուղն է, հենց ազատագրեցինք, ամեն ինչ էլ կուտեք, ու մենք առաջ էինք գնում՝ հավատալով հաղթանակին։ Ասում էին՝ առաջ գնանք, այնտեղ ամեն ինչ կար։ Հիմա ի՞նչն է փոխվել, որ պարտվածի կարգավիճակում պետք է ապրենք, նույն մարդիկ չե՞նք»,- նշեց ազատամարտիկը։

Ըստ նրա, պատերազմի դաշտում իրենց համար մահը բնական էր դարձել, գիտեին՝ ինչու են զոհվում, ասում է՝ նույնիսկ դրա վերաբերյալ բազմաթիվ կատակներ էին անում։

«Երբ մի անգամ ինձ արդեն պետք է տանեին առաջնագիծ, շատ վտանգավոր հատված էր, հրամանատար տղաները հարցրեցին՝ Հարութ, ամուսնացա՞ծ ես, երեխաներ ունե՞ս, պատասխանեցի՝ բա ոնց, ամուսնացած եմ, 3 ու կես երեխա ունեմ։ Բոլորը խառնվեցին իրար, թե՝ այ տղա, ի՞նչ 3 ու կես երեխա, ասացի՝ 3 երեխաս ծնվել են, 4-րդ էլ՝ շուտով, սա տղերքը հաճախ էին հիշեցնում, ու ժամերով ծիծաղում էինք իմ պատասխանից իրենց զարմանքի վրա։

Այսօր որդիներս են ծառայում, մեկին ուղարկում ենք դիրքեր, մյուսին ընդունում ու ինքներս մեզ աչքալուսանք անում, հայրենիք, հող է, պետք է պահեն։

Ուժն է ծնում իրավունք, սա հենց այնպես ասած խոսք չէ։ Վստահ եմ, եթե համախմբվենք, կապ չունի՝ ինչ վիճակում ենք հիմա, կրկին հաղթանակ տոնելու ենք։ Չպետք է մեկն աջ քաշի, մյուսը՝ ձախ, բոլորս մի ուղղությամբ պետք է գնանք։ Ամիսներով չեմ քնում, մտածում եմ, ցավ եմ ապրում, գոնե կարողանում եմ ապրումներս թղթին հանձնել, որպեսզի կարողանամ ապրել, դժվար է։ Բայց իմ մեջ հույսը վառ եմ պահում, որ հաղթելու ենք, կրկին ոտքի ենք կանգնելու»,- եզրափակեց Հարություն Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս