Հայաստանում կորոնավիրուսի 6-րդ ալիքն է. մեկ շաբաթում գրանցվել է 1849 դեպք

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ ներկայացրեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի նախորդ շաբաթվա տվյալները, նախ այդ ժամանակահատվածում Երևանում իրականացված խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն արձանագրվել, չկան նաև սննդային թունավորման դեպքեր: Սակայն, ՀՎԿԱԿ փոխանցմամբ, գրանցվել են վարակիչ հիվանդությունների դեպքեր. աղիքային վարակի՝ 149, օդակաթիլային վարակի՝ 140, մանկական վնասվածքների՝ 95, մակաբուծային հիվանդությունների՝ 6, քիմիական թունավորումների՝ 19, կծվածության՝ 42, և կորոնավիրուսի 1077 դեպք է գրանցվել՝ նախորդ շաբաթվա 815 դեպքի համեմատ:

Իսկ Առողջապահության նախարարությունից փոխանցել են, որ օգոստոսի 1-ից օգոստոսի 7-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք: Արվել է 4115 թեստավորում, կա 1352 առողջացած, գրանցվել է մահվան 2 դեպք: Փաստացի բուժում է ստանում 2161 պացիենտ:

Համաճարակաբան, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերի աճին՝ նշեց, որ Հայաստանում 6-րդ ալիքն է, որը պայմանավորված է նոր շտամի ձևավորմամբ: Այն իր ուժգնությամբ նման է 4-րդ ալիքին, թեթև չէ:

«6-րդ ալիքը կարող ենք մեղմել՝ խթանիչ դեղաչափեր ստանալով»,- ասաց համաճարակաբանը:

Կարդացեք նաև

Հարցին՝ արդյո՞ք մուտացիայի ենթարկվելու դեպքում թեթև է լինում հիվանդությունը, Մերի Տեր-Ստեփանյանը պարզաբանեց. «Ինչքան վիրուսը մուտացիայի է ենթարկվում, այնքան հիվանդության ծանրության աստիճանը իջնում է: Այսինքն, ծանր դեպքերը, որ ունեինք Դելտա շտամի ժամանակ՝ Օմիկրոնի դեպքում այդքան չկա: Հստակ ունեինք 20 տոկոս թոքաբորբ, 5 տոկոս ծանր դեպք, մոտ 1.5 տոկոս մահ: Իսկ հիմա 0.2 տոկոս են կազմում ծանր դեպքերը, մահն էլ՝ ավելի քիչ»:

Դիտարկմանը, որ հարևան Վրաստանում ևս կա կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ, արդյո՞ք այդ երկրում հանգստացողների վերադարձից հետո ՀՀ-ում կտրուկ աճ կլինի, համաճարակաբանը նշեց, որ Վրաստանի թվերը մոտ են ՀՀ թվերին, շաբաթական մոտ 1500 դեպք են արձանագրում:

«Բայց եթե նայում ես իրենց բնակչության թվին, որը մոտ 5 միլիոն է, մեզանից հետ են այս պահի դրությամբ: Այնպես որ, միայն բերելով չէ, ներսում էլ ունենք տարածում»,- եզրափակեց Մերի Տեր-Ստեփանյանը:

Հավելենք, որ Եվրոպայում ևս COVID-19 դեպքերի հանկարծակի աճ կա՝ պայմանավորված «Օմիկրոնի» BA.4 և BA.5 ենթատարբերակներով։

Տեսանյութեր

Լրահոս