Ինչի՞ց է անհանգստանում ու կրկին սպառնում Ալիևը
Մինչ Ղազախստանում շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները տևական դադարից հետո, իսկ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրվում է, հակափաշինյանական հանրահավաքներն ու ակցիաները նոր թափ են հավաքում Բագրատ սրբազանի գլխավորությամբ, Ադրբեջանի բռնապետը նոր սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին։
Ալիևը, որը պատրաստվում է Փաշինյանի հետ իբրև թե Խաղաղության համաձայնագիր ստորագրել, Հայաստանին անվանում է «թշնամի»։ Նախօրեին օկուպացված Շուշիում ծավալուն ելույթի ընթացքում Ալիևը հիշեցրել է անցած երեքուկես տարիների ընթացքում Բաքվի ռազմական գործողությունների հետևանքները և ասել․
«Մենք թշնամուն իր տեղը ցույց տվեցինք, և այսօր թշնամին ուժասպառ է մեր առաջ։ Այսօր առանց այլ միջոցների դիմելու անհրաժեշտության, բացառապես մեր պահանջով՝ վերադարձվում են Ղազախի չորս գյուղերը։ Վերադարձվում են մե՛ր պահանջով, տեսնում եք՝ ինչպես պետք է լինի։ Այսուհետ այդպես է լինելու»։
Ալիևը որևէ բառ չի ասել հայկական կողմի պահանջների մասին՝ արդյո՞ք Բաքուն էլ իր հերթին է պատրաստվում Հայաստանին վերադարձնել օկուպացրած տարածքները:
Շարունակելով սպառնալ, նա նշել է, թե բոլորը գիտեն՝ ինչի է ընդունակ Ադրբեջանն ու այդ երկրի բանակը։
«Ոչ ոք չի կարող մեզ ինչ-որ բան թելադրել կամ խառնվել մեր ներքին գործերին։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում»,- ասել է Ալիևը, հավելելով, որ «եթե կրկին տեսնեն, որ Հայաստանում ռևանշիստները գլուխ են բարձրացնում, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, և եթե տեսնեն, որ այս սպառազինությունը հասնում է կրիտիկական կետի, թող ոչ ոք իրենցից չնեղանա»։
Սրան զուգահեռ՝ Ալմաթիում կայացան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները՝ 4 ժամ տևողությամբ, ղազախական կողմի հրավերով։ Բանակցությունները շարունակվում են նաև այսօր։ Արտգործնախարարական բանակցությունների ֆոնին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ոչ միայն խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, այլև առաջ գնալ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում։
«Կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք պետք է, մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները։ Դա անել, իհարկե, այն ընկալումով, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր վարչական և մաքսային ընթացակարգերը կհամաձայնեցվեն երկկողմանի համաձայնությամբ փոխադարձության սկզբունքին համաձայն»,- ասել է Արարատ Միրզոյանը, ըստ էության խոսելով, այսպես կոչված, միջանցքի Ադրբեջանի պահանջից։ Իր հերթին՝ Բայրամովը գոհունակություն է հայտնել ապրիլի 19-ի, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի մեկնարկից և պայմանավորվածությունների իրականացման ընթացքից, որոնք, նրա խոսքով, կայացել են սահմանված ժամկետներում։ Հանդիպումից առաջ հայտարարվել էր, որ հանդիպումը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի շուրջ է լինելու:
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին, Ալիևի սպառնալիքներին ու Ղազախստանում շարունակվող հանդիպմանը, ասաց, որ Ադրբեջանի քաղաքականությունը, ռազմական պահվածքը, ինչպես նաև հռետորաբանությունը չի փոխվում և թերևս չի փոխվելու, քանի որ դրան դիմադրություն, գոնե մեկ հաջողված «ետմղում» տեղի չի ունեցել վերջին տարիների ընթացքում։
Սա, նրա խոսքով, ադրբեջանական կողմին թույլ է տալիս անվերջ շարունակել նման տակտիկան՝ հռետորաբանությունն ու քաղաքականությունը, քանի որ ուժի գործոնը բերում է Ադրբեջանին, փաստորեն, անընդհատ հաջողություններ։
«Եվ պարբերաբար անելով մտածված նման հայտարարություններ, ադրբեջանական կողմը փորձում է մնացյալ խնդիրները լուծել, ինչպես նաև արտաքին խաղացողներին, Հայաստանին պարտադրել այդ լուծումները։ Բացի այդ, կա շտապողականության գործոնը, պայմանավորված ինչպես՝ աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ ՀՀ ներքաղաքական զարգացումներով, ինչ խոսք, այդ տարրը ևս գոյություն ունի։ Ուստի այս հռետորաբանությունը պետք է ընկալել՝ ինչպես բանակցությունների, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական ու ՀՀ ներքին զարգացումների կոնտեքստում»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, նախարարների բանակցությունները երկար են տևում և ձգվում են երկու օր, քանի որ կողմերն արդեն կոնկրետ համաձայնագրի տեքստում ընդգրկվող հարցեր են բանակցում։
«Գլխավոր շատ հարցեր համաձայնեցվել են, փաթեթները միմյանց փոխանցվել, իսկ ներկայումս, ինչպես հասկանում եմ, ընթանում է փաստաթղթում ընդգրկվելիք տեքստերի համաձայնեցումների գործընթացը, որը բավականին մանրամասն ու երկարատև աշխատանք է պահանջում։ Սակայն, կրկին հաշվի առնելով նույն պատճառները, կարծում եմ, կողմերը պետք է որ շտապեն դա անել, կամ գոնե Ադրբեջանի դեպքում այդ հանգամանքն ավելի ուժեղ է զգացնել տալիս, հատկապես, երբ Երևանում ցույցեր են տեղի ունենում, թեև որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները»,- ասաց վերլուծաբանը։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Ադրբեջանը ռազմական սադրանքների կամ ավելի լայնածավալ գործողությունների դիմի, վերլուծաբանը պատասխանեց, որ շատ հանգամանքներ՝ մասնավորապես կողմերի միջև ուժային բալանսի բացակայությունը, Ադրբեջանի՝ ոճային սցենարներից չխուսափելու հանգամանքը թույլ են տալիս կանխատեսել, որ հարաբերությունների չկարգավորվածության պայմաններում ամեն բան հնարավոր է։
«Սակայն ՀՀ սահմաններին տեղակայվել են եվրոպացի դիտորդներ, որոնց ներկայության նպատակը, կարծում եմ, ոչ միայն դիտելն է, այլև զսպող դերակատարությունը, եթե նույնիսկ դա չաշխատի, ապա նրանց չգրված նպատակը նաև արևմտյան քաղաքական զսպման համար հիմքեր ստեղծելն է։ Կարծում եմ՝ չպետք է որ լինեն լայնածավալ գործընթացներ, սակայն այս հակամարտության դեպքում բանաձևերով ու հստակ տրամաբանությամբ չենք կարող կանխատեսումներ անել»,- ասաց Խրամչիխինը։
Հիշեցնենք, որ Ալիևի սպառնալիքներին զուգահեռ՝ Բագրատ սրբազանի շարժումն արդեն Երևանում լուրջ հիստերիայի ալիք է բարձրացրել բռնապետ Ալիևի երկրում, որտեղ ԶԼՄ-ները, փորձագիտական համայնքն ու քաղաքական շրջանակներն ակտիվորեն քննարկում, վերլուծում են իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները, մինչև անգամ խոսում են Ադրբեջանի ու Թուրքիայի հնարավոր միջամտության սցենարների մասին՝ թիրախավորելով Սրբազանին ու Հայ Առաքելական եկեղեցին։