«Տպավորիչ հանրահավաք», «Խաչակրաց արշավանք ընդդեմ Փաշինյանի»․ Ադրբեջանում անհանգստանում են Փաշինյանի իշխանության համար

Տավուշի թեմի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Սրբազան շարժումը» և մայիսի 9-ին հրավիրված առաջին իսկ բազմահազարանոց հանրահավաքը հայտնվել է միջազգային, մասնավորապես՝ արևմտյան և ռեգիոնալ մամուլի էջերին։

Սակայն առանձնահատուկ ինտենսիվությամբ երևանյան իրադարձությունները, նախօրեին և այսօր, լուսաբանում է ադրբեջանական մամուլը՝ թիրախավորելով, և կեղտոտ արշավ տանում՝ ինչպես Հայ Առաքելական եկեղեցու, Վեհափառ Հայրապետի, այնպես էլ՝ Բագրատ սրբազանի դեմ։

Ադրբեջանական մամուլում տեղ գտնող հատկապես վերլուծական նյութերում զուգահեռաբար անցնում է երկու ուղղություն՝ մեկը, որ Երևանն ու Բաքուն հաջողությամբ առաջ են շարժվում դեպի Խաղաղության համաձայնագիր, և Բաքուն գոհ է այս փուլի արդյունքներից, և երկրորդը՝ իրավիճակը Երևանում կարող է Բաքվի համար անկանխատեսելի ընթացք ունենալ, երբ Փաշինյանը չկարողանա պահել իշխանությունը, ինչով էլ վտանգի տակ կհայտնվի, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրը, որի համար արժե, թերևս, շտապել։

Այս ֆոնին հարկ է հիշեցնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մայիսի 8-ի հայտարարությունը. նա հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացն իրեն ուրախացնում է, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք ԱԳՆ ղեկավարների հանդիպումից։

Կարդացեք նաև

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ տարածաշրջանը պետք է հասնի կայունության»,- նշել էր նա։

Էրդողանը հավելել էր, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին բոլոր ոլորտներում:

Հայաստանյան մի շարք փորձագիտական շրջանակներ այս հայտարարությունը պայմանավորեցին նաև ներհայաստանյան և հակափաշինյանական շարժման հետ՝ հիանալի գնահատելով հայաստանյան ներքին տրամադրությունները։

«Հայաստանում իրավիճակը համակարգված թեժանում է։ Բագրատ սրբազանը, ով իր համախոհների հետ եկել էր Երևան, տպավորիչ հանրահավաք անցկացրեց հրապարակում, որտեղ դիմեց հավաքվածներին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը»,- գրում է ադրբեջանական «Մինվալ»-ը՝ շարունակելով, որ Փաշինյանն, անկասկած, դիմակայեց ցուցարարների առաջին «հարձակմանը», բայց ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները…

Ընդ որում՝ այս լրատվամիջոցի պատրաստած վերլուծական նյութում ներկայացվում են իրավիճակի զարգացման մի քանի սցենարներ՝ Բագրատ սրբազանին կապելով ընդդիմադիր գործիչների հետ, այդ ամենը ներկայացնելով այն նույն «սոուսով», ինչն անում են ՀՀ իշխանական քարոզչական շրջանակները։

Մի քանի վերլուծական նյութեր է պատրաստել ադրբեջանական Caliber-ը՝ թիրախավորելով Հայ Առաքելական եկեղեցին, իսկ լրատվամիջոցի վերլուծաբաններից մեկը «Խաչակրաց արշավանք Փաշինյանի դեմ» վերտառությամբ հոլովակ էր պատրաստել, խոսելով հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս վիճակի, ՀՀ ներքաղաքական վիճակի, Բագրատ սրբազանի, շարժման, ինչպես նաև եկեղեցու մասին։

Հոլովակում ներկայացվում է, որ եկեղեցին իբրև թե դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը։ Ադրբեջանական մամուլում նույնաբովանդակ հոդվածները շատ են, սակայն կարմիր թելի նման բոլոր հրապարակումներում նկատվում է Ադրբեջանի մտահոգությունը Հայ Առաքելական եկեղեցու և անձամբ Բագրատ Սրբազանի ակտիվության շուրջ։

Ի դեպ, թուրքագետ Վարուժան Գեղամյանն էլ այսօր տարածել էր ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ալի Հաջիզադեի հոդվածի հետևյալ հատվածը. «Եթե հարևան երկրի ավերիչ ուժերը, որոնց աջակցում և սնում են նախկին իշխանությունները, փորձեն ուժով տապալել իշխանությունը, դա կարող է այդ երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի անդունդը:

Քաոսից, անարխիայից և քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, կարծում եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը, հաշվի առնելով աշխարհագրական մերձությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության կարևորությունը, կարող են դիտարկել այս երկիր սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը՝ օրինական կառավարությանը աջակցելու համար»։

Այնպես որ՝ թյուրքական երկրներում կարծես զգում են Փաշինյանի թուլացող դիրքերը և արդեն իսկ հրապարակային առաջարկում են իրենց զորակցությունը՝ չվարանելով նշել նաև դրանց տարբերակները։

Տեսանյութեր

Լրահոս