Ինչո՞վ է օգտակար ՀՀ-ում արտադրվող ռադիոֆարմը՝ քաղցկեղի ախտորոշման ու բուժման համար

Պետկատեն (պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա) քաղցկեղի ախտորոշման ու բուժման ընթացքը հսկողության տակ պահելու համար խիստ անհրաժեշտ հետազոտություն է։ Ինչպե՞ս է այն կատարվում։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Մարինե Արտաշեսյանի հետ։

– Ի՞նչ է Պետկատեն և ինչպե՞ս է կատարվում հետազոտությունը։

– Պետկատեն հիբրիդային ախտորոշման մեթոդ է, բաղկացած է երկու տարբեր սարքերից՝ պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա և համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ)։ Հետազոտության առաջին մասը նախատեսված է մեր կողմից բուժառուին ներարկված ռադիոֆարմ նյութի տրոհումից առաջացած գամմա ճառագայթները գրանցելու համար։ Իսկ ՀՏ-ն կիառվում է երկու նպատակով․առաջինը, որ հասկանանք, թե այդ նյութն օրգանիզմում որտե՞ղ է կուտակվել, որտեղի՞ց են գամմա ճառագայթները դուրս եկել։ Համակարգչային տոմոգրաֆիայի շնորհիվ գնահատվում է հյուսվածքի դեսիդրոմետիկ խտությունը, հետևաբար՝ համակարգչային վերլուծությունների արդյունքում ստանում ենք մեր ստացած սիգնալի ուժեղացում կամ թուլացում։ Երկու սարքերի միջոցով արդեն ստանում ենք PET ՀՏ պատկերը։

Պետկատեն ինչո՞վ է տարբերվում ՄՌՏ-ից, ԿՏ-ից։ Մարդը կարո՞ղ է գալ ու ասել, որ հենց այդ հետազոտությունն է ուզում կատարել։

Պետկատեն չունի հակացուցումներ։ Օրինակ, կոնտրաստային ԿՏ-ի դեպքում մենք ներարկում ենք յոդային լուծույթներ, որից մարդու մոտ կարող են լինել ալերգիաներ, սակայն ռադիոֆարմից ալերգիա չի լինում։ Ինչո՞վ է տարբերվում ՄՌՏ-ից։ Եթե մարդու օրգանիզմում կան մետաղական կոնստրուկցիաներ, բացարձակ հակացուցում է համարվում, չենք կարող հետազոտել, իսկ Պետկատեի միջոցով ոչ միայն կարող ենք հետազոտել այդ մարդկանց, այլև կարող ենք հայտնաբերել այդ կոնստրուկցիաների բորբոքումները։ Օրինակ՝ մետաղական կլապանների, պրոթեզների բորբոքումները։ Բացի այդ՝ ներարկում ենք նյութ, որը գնում և կպչում է քաղցկեղային բջիջներին, այսինքն՝ հենց ուռուցքային բջիջներին։ Իսկ կոնտրաստ ԿՏ-ի ժամանակ գնահատում ենք չափսերի մեծացումը, անատոմիական շեղումները։ Այսինքն, ուռուցքը պետք է հասնի այն չափսերի, որպեսզի տեսանելի լինի ՀՏ մեթոդով, իսկ Պետկատեի դեպքում չափսերը կարող են լինել շատ փոքր, բայց ախտորոշենք։

Այսինքն, եթե մարդն ունի իմպլանտ, պրոթեզ, ՄՌՏ-ի դեպքում ավելի քիչ ինֆորմացիա կլինի, քան Պետկատեի՞։

– ՄՌՏ-ով չեն կարող հետազոտել պրոթեզ ունեցողներին, որովհետև այնտեղ մագնիսական դաշտ է, որի ազդեցությամբ պրոթեզներն անհնար են դարձնում հետազոտություն կատարելը։ Ոչ մի դեպքում մարդուն չեն հետազոտում, եթե նրա օրգանիզմում կան մետաղական պրոթեզներ։ Իսկ մեր հետազոտությամբ կարողանում ենք գնահատել նաև պրոթեզների վիճակը։

– Ռադիոֆարմը արտադրվում է Հայաստանում։ Ի՞նչ է այն, որքանո՞վ է վնասում առողջությանը։

Ռադիոֆարմ պրեպարատները նյութեր են, որոնք բաղկացած են ռադիոակտիվ իզոտոպից և կենսաբանական ակտիվ միացությունից։ Ռադիոակտիվ տարրերը սինթեզվում են արագացուցչի միջոցով, որը եզակի է՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ տարածաշրջանում, քանի որ ունի երկու կարևոր հատկություն․կարող են արտադրվել մեծ ծավալի իզոտոպներ, հետևաբար՝ ստանալ ռադիոֆարմ պրեպարատների մեծ ծավալ, ինչպես նաև կարող ենք արտահանել այլ երկրներ, որովհետև մեզ շրջապատող երկրներից ոչ բոլորն ունեն այս սարքերից։ Այսինքն, այդ երկրները կարող են մեզանից գնել նյութը։ Մտնելով օրգանիզմ՝ ռադիոակտիվ տարրը տրոհվում է, և առաջանում են պոզիտրոններ, որոնք փոխազդում են շրջակա էլեկտրոնների հետ, առաջանում են երկու գամմա ճառագայթներ, որն էլ գրանցում է մեր սարքը։ Տրոհումից հետո ռադիոակտիվ տարրերը դառնում են սովորական նյութեր և որևէ ալերգիկ կամ վատ հատկություններ չունեն օրգանիզմի համար։

Օրինակ, լայն տարածում ունեցող ֆտորդեզօքսիգլյուկոզան սովորական գլյուկոզայի անալոգն է և ֆտորդեզօքսիգլյուկոզայի տրոհումից առաջանում է սովորական գլյուկոզա, ինչը կա մեր օրգանիզմում։

– Ո՞ր հիվանդությունների դեպքում է պարտադիր անցնել այս հետազոտութունը։ Կապ կա՞ ԲԿ-ների հետ։ Բժի՞շկն է ուղեգիր տալիս, թե՞ ինքնուրույն են գալիս։

– Ցանկացած հետազոտություն պետք է ունենա իր ցուցումը, որը որոշում է ուղեգրող բժիշկը։ Հետազոտությունը թանկ է, համարվում է նաև ճառագայթային մեթոդ, այնպես չէ, որ մարդը որոշի ու գա անցնի։ Պետկատեն կիրառվում է մի քանի բնագավառներում։ Ուռուցքաբանության բնագավառում կիրառվում է, երբ, օրինակ, արդեն կա հաստատված ուռուցք և պետք է հասկանալ, թե ո՞ր օրգաններում է տարածվել։ Իրականացվում է՝ մետաստազները հայտնաբերելու համար։ Սրանից բխում է բուժման հետագա պլանը՝ վիրահատական, քիմիոթերապևտիկ և այլն։ Երկրորդ՝ կիրառվում է, երբ չգիտենք, որ մարդու օրգանիզմում կա ուռուցք, և այն, թե մետաստազները որտեղի՞ց են առաջացել, և չեն գտնում առաջնային ուռուցքը։ Պետկատեն, բացի թվարկվածը՝ կարող է կիրառվել նաև բուժումը գնահատելու, ուռուցքի չափը տեսնելու և հասկանալու համար։ Ենթադրենք՝ մարդն ունի թոքի քաղցկեղ ու շուրջը կա ատելեկտազ (թոքի կամ նրա որևէ հատվածի ախտաբանական վիճակ)։ Դա թոքի նորմալ հյուսվածք է, եթե ճառագայթենք՝ ընդհանուր թոքն էլ կճառագայթենք և անիմաստ կդառնա ճառագայթը, կվնասի առողջ թոքի հյուսվածքը։ Այդ պատճառով Պետկատեի միջոցով հասկանում ենք՝ որքանն է ուռուցքը և որքանը՝ առողջ հյուսվածքը։

Կախված հիվանդության տեսակից՝ կարող են կիրառվել տարբեր ռադիոֆարմ պրեպարատներ, որոնք բնորոշ են այս կամ այն ուռուցքին։ Օրինակ՝ 18F-PSMA-1007-ը նախատեսված է շագանակագեղձի քաղցկեղի հետազոտության համար, ֆտորէստրադիոլը՝ կրծքագեղձի ուռուցքների դեպքում, և այլն։

Տարիքային սահմանափակում չկա, անգամ փոքր երեխաներին ներարկվում է նյութը, կատարվում է հետազոտություն։ Սակայն յուրաքանչյուր մարդու համար կան նախատեսված դոզաներ։ Երեխաների համար այլ դոզա է, մեծահասակների համար՝ այլ։ Կատարվում է երակային ներարկում։

Ժամանակին այս վիրահատությունը չի կատարվել․կարո՞ղ ենք ենթադրել, որ եղել են սխալ վիրահատություններ։

– Կենտրոնում կատարվում է PSMA պետկատե հետազոտությունը, որն ունի ամենաբարձր զգայունությունը՝ շագանակագեղձի ուռուցք ունեցողների համար։ 3 միլիմետրանոց ախտահարված ավշային հանգույցները, որոնք ախտահարված են, կարող են գնահատվել միայն այս մեթոդով։ Այլ մեթոդներով հնարավոր չէ գնահատել ու ուրիշ բուժում է կատարվում, սակայն եթե անեն այս հետազոտությունը, արդեն բուժման պլանը փոխվում է, կլինի այնպիսին, ինչպիսին անհրաժեշտ է հիվանդին։ Ախտահարումները կերևան, ու կտեսնենք, թե որքանով է տարածված, ու դրանից հետո կընտրվի համապատասխան բուժում։

ՀՀ-ում առաջին անգամ 2020թ․հունիսին է կատարվել Պետկատե հետազոտություն։ Սակայն մինչ այդ, ոնց եղել է նախկինում, հնարավոր բոլոր մեթոդներով, այսինքն, ինչ առկա է տվյալ պահին այդ երկրում՝ ՀՏ, ՄՌՏ է կատարվել, որոնք շատ ժամանակ ցույց չեն տվել հիվանդության տարածվածությունը։

Ճառագայթումը հասցված է մինիմալի և անգամ հղի կանանց ու երեխաների դեպքում բժշկական ցուցմամբ կարող է կատարվել։

Ռադիոֆարմ ստանալու համար անհրաժեշտ պատրաստուկները ևս ՀՀ-ո՞ւմ են արտադրվում, թե՞ ներկրվում են։

– Նախանյութերը հիմնականում ներկրվում են եվրոպական երկրներից։ Դրանցից սինթեզվում են ռադիոֆարմ պրեպարատները։ Սինթեզվում են առավոտյան և արդեն սկսվում է հետազոտման փուլը։ Այսպես ասած՝ նյութը «թարմ» է, որովհետև ներկրելիս նյութը կարող է տրոհվել, ազատ ռադիկալներ, իոններ առաջանան, նյութը դառնա անորակ։

– Ռադիոֆարմը արտահանվո՞ւմ է։

Հարևան Վրաստանն ունի բազմաթիվ ՀՏ-ներ, բայց չունի ցիկլատրոն (արագացուցիչ) և սինթեզ իրականացնող սարքեր, ու այս նյութը գնում է Թուրքիայից։ Մենք կարող ենք որպես արտահանող երկիր հանդիսանալ հենց Վրաստանի համար։ Մեր ունեցած սարքավորումները հնարավորություն են տալիս, որ դառնանք արտահանող երկիր, դա ռազմավարական նշանակություն կունենա նաև մեր երկրի համար։ Իրանում ունեն բոլոր սարքերը։

Տեսանյութեր

Լրահոս