«Աստրազենեկա»-ն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզի պատճառ դառնալ

Բրիտանա-շվեդական «Աստրազենեկա» դեղագործական ընկերությունն առաջին անգամ խոստովանել է, որ իր դեղամիջոցը կարող է առաջացնել մահացու կողմնակի ազդեցություն՝ թրոմբոզ։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։

Ըստ աղբյուրի, ընկերության դեմ խմբակային հայց է ներկայացվել, քանի որ Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ մշակված պատվաստանյութը լուրջ վնաս է հասցրել հիվանդներին կամ նույնիսկ հանգեցրել է մահվան։

Տուժածները և մահացածների հարազատները «Աստրազենեկա»-ից մինչև 100 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում են պահանջել։

Տուժածներից մեկը Ջեյմի Սքոթն է, ում ուղեղում 2021 թվականի ապրիլին պատվաստանյութը ստանալուց հետո արյան մակարդուկ և արյունազեղում է առաջացել։

«Պատվաստանյութը կարող է շատ հազվադեպ դեպքերում առաջացնել թրոմբոզ՝ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով (TTS): Դրա պատճառներն անհայտ են»,- նշում է թերթն ու հավելում՝ այս հիվանդությունը մահացու է լինում դեպքերի մոտ 20%-ում։

«Աստրազենեկա» պատվաստանյութի ներարկում ստացածների մոտ թրոմբոզի և թրոմբոէմբոլիայի մասին հաղորդումներ սկսել են հայտնվել 2021 թվականի գարնանը: Դրանից հետո որոշ երկրներ ժամանակավորապես դադարեցրել են դեղամիջոցի օգտագործումը, սակայն ընկերությունն ինքը բացառել է թրոմբոզի հավանականությունը։

Տեսանյութեր

Լրահոս