
Անհրաժեշտություն է առաջացել ևս թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդեռլանդների թագավորություն․ Կառավարությունը հաստատեց ԱՆ չզեկուցվող նախագիծը

Զոհված զինծառայողների դիակներից և մասունքներից ևս 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ կուղարկեն Նիդեռլանդներ՝ ԴՆԹ փորձաքննության․ որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում՝ ի թիվս չզեկուցվող այլ հարցերի։ Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը կհատկացվի 31 միլիոն 125 հազար դրամ:
Հիմնավորմամբ նշվում է, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիակների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունները կատարվել են ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնում 2020 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2022 թվականը, և թեև նույնականացվել են բազմաթիվ անճանաչելի փոփոխված, մասնահատված, կմախքացած, այրված աճյուններ և մասունքներ, սակայն դեռևս առկա են ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել ԴՆԹ բնութագրեր։
«ՀՀ քննչական կոմիտեի, անհատ կորածների միջազգային հանձնաժողովի և «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստորագրված հուշագրի շրջանակներում, «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող թվով 100 (բարդ նմուշ) ոսկրային փորձանմուշներ են ուղարկվել Նիդեռլանդների թագավորություն ICMP կազմակերպություն ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով: Ֆինանսավորումն իրականացվել է USAID կազմակերպության կողմից:
Սակայն դեռևս առկա են բարդ, վնասված, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել անձի նույնականացման համար պիտանի ԴՆԹ բնութագրեր: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ևս թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդեռլանդների թագավորություն՝ Անհայտ Կորածների Միջազգային Հանձնաժողովի համապատասխան ԴՆԹ փորձաքննություների լաբորատորիա, վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման և գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար։ Վերջինիս համար անհրաժեշտ է 75,000 ԱՄՆ դոլար»,- մանրամասնում են Առողջապահության նախարարությունից։