ՆԳՆ-ում լինելու է նաև ոստիկանությունը, որի պետին նշանակելու է ոչ թե ՆԳ նախարարը, այլ վարչապետը. Արա Ֆիդանյանը
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ ոչ թե ոստիկանությունն են դարձնելու Ներքին գործերի նախարարություն, այլ ստեղծելու են նախարարություն, որի կազմում լինելու է նաև ոստիկանությունը։
«Ինչո՞ւ եմ ասում՝ նաև ոստիկանությունը, որովհետև նախատեսվում է նաև այլ գերատեսչություններ ևս ներառել ՆԳՆ-ում։ Մասնավորապես՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն, Միգրացիա և այլն։
Ինչ վերաբերում է ոստիկանության քաղաքականացմանը, ապա հենց այս բարեփոխումների բուն նպատակը, թերևս, ոստիկանությանն ապաքաղաքականացնելն է, հնարավորինս զերծ պահել դրանից։ Բազմիցս նշել եմ, որ ոստիկանությունն ապաքաղաքականացված կառույց է, մինչդեռ ՆԳՆ ձևավորման արդյունքում ոստիկանությունը զերծ կմնա քաղաքական որևէ գործընթացից, որովհետև Ներքին գործերի նախարարը լինելով քաղաքական պաշտոնյա, հենց նախարարն է լինելու քաղաքականացված, ոչ թե ոստիկանությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արա Ֆիդանյանը։
Ըստ փոխոստիկանապետի, թեպետ ՆԳ նախարարը լինելու է քաղաքական անձ, բայց ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնողը լինելու է առանձին անձ, որը լինելու է ապաքաղաքականացված մարդ, ոստիկանության սպա։ Նրա նշանակումը լինելու է ոչ թե ՆԳ նախարարի, այլ վարչապետի կողմից։
Միաժամանակ նա ընդգծեց, որ միգրացիայի և վիզաների վարչություններն իրականացնում են միմյանց շատ մոտ գործառույթներ, հետևաբար՝ մեկ միասնական կառույցում նրանց աշխատանքն ավելի արդյունավետ կլինի։
«Այս պահին ՆԳՆ-ի ձևավորման համար դրամաշնորհ, որպես այդպիսին, չի տրամադրվել, կան որոշակի օժանդակություններ Պարեկային ծառայության ձևավորման գործընթացում։ ՆԳՆ-ի հարցում հնարավոր է, որ մենք դիմենք մեր միջազգային գործընկերներին աուդիտի անցկացման խնդրանքով, որովհետև անչափ կարևոր է, որպեսզի մենք ինքներս այս պահին հասկանանք, թե ինչ ռեալ գործառույթներ պետք է կատարի ոստիկանությունը ՆԳՆ-ում»,- շեշտեց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ ՆԳՆ ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը հավանաբար խորհրդարան կներկայացնեն սեպտեմբերին, որից հետո արդեն ըստ քննարկումների արդյունքների՝ պարզ կլինի, թե այն ինչ ընթացք կունենա։