
Մեծ Բրիտանիայի ՊՆ Բեն Ուոլեսը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին չի հավակնում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, որը երկրի հաջորդ վարչապետի գլխավոր հավակնորդներից մեկն էր համարվում, հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո: Այդ մասին Ուոլեսը հայտարարել է Թվիթերի իր պաշտոնական էջում՝ շեշտելով, որ ուզում է կենտրոնանալ Մեծ Բրիտանիան անվտանգ պահելու գործի վրա:
«Գործընկերներիս և ընտանիքիս հետ մանրակրկիտ քննարկումից հետո ես որոշում եմ կայացրել չմիանալ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար մրցապայքարին: Շատ շնորհակալ եմ իմ խորհրդարանական և այլ գործընկերներից, ովքեր խոստացել էին աջակցել ինձ: Հեշտ չէր նման որոշում կայացնելը, բայց ես ուզում եմ կենտրոնանալ իմ ներկայիս աշխատանքի և այս մեծ երկիրը անվտանգ պահելու վրա», – գրել է Բեն Ուոլեսը:
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հավանական թեկնածուներից են արտգործնախարար Լիզ Թրասը, պետնախարար Փեննի Մորդոնտը, բնակարանային և կոմունալ տնտեսության, համայնքների և տեղական ինքնակառավարման նախարար Մայքլ Գովը, ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը և պահպանողական այլ գործիչներ, ովքեր կպայքարեն Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի և որպես հետևանք՝ նաև երկրի վարչապետի պաշտոնի համար: Քանի որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մոդելի երկիր է, իսկ խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատում 2019 թ. ընտրությունների արդյունքներով մեծամասնություն է կազմել Պահպանողականների կուսակցությունը, այդ պատճառով հաջորդ վարչապետն ընտրվելու է պահպանողականների թեկնածուներից:
Հուլիսի 7-ին Բորիս Ջոնսոնը հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոններից հրաժարվելու որոշման մասին: