Փաշինյանն իր վրա վերցրել է Բերձորի բնակիչների ապահովումը, Արցախն իր վրա վերցրել է Աղավնոն, իսկ Սուսի մասին, պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը չի էլ լսել. Հայկ Նահապետյան
«4 տարի անց ի՞նչ իրողություն ունենք. պատերազմում պարտություն, ԼՂԻՄ տարածքների կորուստ՝ Շուշի, Հադրութ, ազատագրված բոլոր տարածքների հանձնում, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելով, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 40-50 կմ Ադրբեջանի կողմից զավթում, ծնկի եկած չվերազինված բանակ, ժողովրդի մոտ ծանր բարոյահոգեբանական վիճակ, ռազմագերիներ, բանակցային գործնթացի փոփոխություն, ՀՀ-ի համար ոչ շահեկան 3 փաստաթուղթ»,- «Հայելի» ակումբում ասել է փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր․ «Ես գիտեմ, որ նոյեմբերի 6-ին պատրաստ էր փաստաթուղթ, որտեղ գրված է եղել «Մեղրիի միջանցք»։ Հայաստանի իշխանությունները չեն ստորագրել, ու խնդիրը հասել է մինչև նոյեմբերի 9-ը։ Նաև ճնշում է եղել, թե Ստեփանակերտը կվերցնենք։ ՀՀ իշխանությունները հասկացել են, որ դա դատավճիռ կլինի իրենց ժառանգների համար և չեն ստորագրել, ու մտել է այդ լղոզված 9-րդ կետը։ Նիկոլ Փաշինյանը միջանցքի մասին խոստում չի տվել, միջանցքի մասին խոստումը Ադրբեջանին ու Թուրքիային տվել է Վլադիմիր Պուտինը»։
Անդրադառնալով այս հայտարարություններին՝ Հայկ Նահապետյանը նշեց․ «Այն, ինչ ասաց Արամ Սարգսյանը՝ դա կարող էր ասել 1.5 տարի առաջ: Ինչո՞ւ ասաց, որովհետև դրանով պետք է լրացներ Նիկոլ Փաշինյանի այն միտքը, թե այս պարտությունների մեջ Ռուսաստանն է մեղավոր, որովհետև ՌԴ-ն է դաշնակցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և նրանց ռազմական հաղթանակն ուղղակիորեն կապում է ՌԴ կեցվածքի հետ: Սա արձանագրվում է ու, ասենք, ինչ կեցվածք պետք է լինի ՌԴ-ի կողմից: 44 օր Արցախի ինքնապաշտպանական ուժերը պատերազմել են. այդ փամփուշտները, արկերը, հրթիռները որտեղի՞ց: Ո՞վ էր տալիս, միգուցե Արամ Սարգսյանի սիրած Ա՞ՄՆ-ն»:
Նա կարծիք է հայտնել, որ Փաշինյանի առջև խնդիր է դրվել, որ ՌԴ-ն տարածաշրջանում պետք է ներկայացված չլինի, բայց հիմա ՌԴ-ն խաղաղապահ առաքելությամբ ներկայացված է Արցախում:
Հարցին՝ ինչ-որ բան հնարավո՞ր է անել Բերձորի հետ, նա պատասխանել է. «Պատկերացրեք, եթե այդտեղ 3000-4000 հայ ապրեր, և եթե բնակչությունը պետք է տարհանվեր, ապա նվազագույն բնակարանային, սոցիալական խնդիրները ապահովվեին: Արդյո՞ք դա ՀՀ և Արցախի իշխանությունների համար փաստարկ չէր լինի, որ տարհանված բնակիչներին 1 օրում հնարավոր չի տեղավորել, և դա ռուսական կողմին միգուցե հնարավորություն տար, որ ժամանակի առումով առայժմ պետք չէ տարհանել: Իսկ հիմա տարածքն ահագին հայաթափվեց, ու նվազ քանակով բնակչություն է մնացել, Փաշինյանն իր վրա վերցրել է Բերձորի բնակիչների ապահովումը, Արցախն իր վրա վերցրել է Աղավնոն, իսկ Սուսի մասին, պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը չի էլ լսել: Այստեղ գնդակն ընդդիմության դաշտում է. մարտահրավերներին համարժեք կեցվածք պետք է դրսևորի»: