Սպասվում են ցավալի զիջումներ, ուստի Չալաբյանին պատժում են դրանց մասին չլռելու համար. Խաչիկյան

Հունիսի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ քննվեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ԱԺ մի խումբ պատգամավորների, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի ներկայացրած երաշխավորությունները մերժելու որոշումը։

Դատավորը հունիսի 24-ին որոշում չկայացրեց՝ հաջորդ դատական նիստի օր նշանակելով հուլիսի 21-ը, թեև խոսքը վերաբերում էր հրատապ քննության ենթակա՝ մարդու անազատությանը վերաբերող դեպքի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը դատավորի կողմից դատական հաջորդ նիստի օրը մոտ մեկ ամսով հետաձգելու փաստը դիտարկեց քաղաքական հակառակորդներին լռեցնելու մոլուցքով՝ պայմանավորված իշխանության վարած քաղաքականությամբ։

«Ավետիք Չալաբյանի շուրջ կատարվողը քաղաքական հակառակորդին լռեցնելու նպատակով ընթացող գործընթաց է։ Մարդուն փորձում են լռեցնել ու կասեցնել նրա այն գործունեությունը, որը կապված է՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի անվտանգության հետ՝ առնչվելով մեր երկրի ռազմարդյունաբերությանը։ Բանակի հետ կապված, մեղմ ասած, կա անգործություն, արհամարհանք և անտաբերություն, և դա՝ հետպատերազմյան երկրում, ուստի բանակի արդիականացմամբ, ռազմական ներուժի բարձրացմամբ զբաղվող մարդկանց մեկուսացնելով՝ այս իշխանությունը լուծում է մի շատ առարկայական խնդիր՝ այդ մարդիկ ազատության մեջ բարձրաձայնելու էին այդ խնդիրները, անազատության մեջ՝ նրանց կփորձեն լռեցնել։ Պարզ է արդեն, որ մոտ ապագայում կանխատեսվում են ցավալի զիջումներ՝ Հայաստանից Արցախ գնացող ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շուրջ։ Ճանապարհը փոխվելու է, որովհետև ադրբեջանցիները նոր երթուղի են կառուցել մեզ համար, իսկ մենք պետք է այդ ճանապարհով գնանք՝ թողնելով Լաչինը, Աղավնոն։ Այս ամենի մասին աղմուկը մեծ չէ, իսկ եթե Ավետիք Չալաբյանն ազատության մեջ լիներ, ֆիզիկապես կգնար, կտեսներ, կբարձրաձայներ այնպես, ինչպես արեց Փառուխի դեպքում։

Հիմա նրա այդ գործունեությունն են կասեցրել. չէ՞ որ նույն Արցախի Փառուխ գյուղում կատարվածը և դրա շուրջ բարձրացված մեծ աղմուկն ինչ-որ առումով զսպող գործոն դարձան։

Հավատացեք՝ եթե Քարագլխի վերաբերյալ աղմուկն այդքան մեծ չլիներ, հիմա իրավիճակն այլ կլիներ»,- ասաց Խաչիկյանը՝ նկատելով՝ Չալաբյանին պատժում են Հայաստանից, Արցախից արվող զիջումները կանխելու փորձի, դրանց վերաբերյալ լռություն չպահպանելու համար։

«Նրան պատժում են չլռելու համար։ Ամեն գնով պահելու են կալանքի տակ. դատական գործընթացները դա են ցույց տալիս»,- ասաց Խաչիկյանը։

Նրա փոխանցմամբ, սակայն, ի հեճուկս իշխանությունների գործողությունների և ցանկությունների, Չալաբյանի շուրջ կատարվողն առաջացրել է իշխանությունների սպասածի ճիշտ հակառակը՝ Չալաբյանի վարկանիշը միայն աճել է։

«Շատ հեղինակավոր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, անվանի գործիչներ իրենց մտահոգությունն են հայտնել՝ նշելով, որ հենց այս կալանավորումից հետո պատրաստ են ոչ միայն աջակցել Չալաբյանին նրա մասնագիտական, այլ նաև քաղաքական գործունեության մեջ, եթե Չալաբյանը գնա այդպիսի քայլի»,- ասաց Խաչիկյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս