
«Մեզ համար այդ համաձայնագիրը որևէ նշանակություն չէր ունենա, եթե չստորագրվեր օկուպացված Շուշիում»․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արաբական Masdar ընկերությունը Բաքվի հետ համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանում 1 ԳՎտ հզորությամբ արևային ու 1 ԳՎտ հողմային կայանների կառուցման մասին:
Մեզ համար դա չէր ունենա որևէ նշանակություն, եթե այդ համաձայնագիրը չստորագրվեր օկուպացված Շուշիում՝ «Բաքվի էներգետիկ շաբաթ» միջոցառումների շրջանակներում: Masdar-ի հետ Բաքուն աշխատում է 2018-ից ի վեր, կողմերն արդեն հասցրել են մի քանի նախագիծ իրականացնել ու ստորագրել մի շարք համաձայնագրեր: Ուստի, արաբներին Շուշի բերելը, շոուին մասնակից դարձնելն ունի բացառապես քաղաքական նպատակ:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀ գործող պսևդո-իշխանությունները կապում են իրենց կողմից իրականացվող էներգետիկ քաղաքականությունը, «կանաչ» էներգետիկայի զարգացման հեռանկարները հիմնականում նույն Masdar-ի հետ (Արմեն Սարգսյան, ականջդ կանչի):
Հիշեցնեմ, որ դեռևս 2019 թ. հուլիսին Masdar–ի և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» միջև ստորագրվեց համաձայնագիր՝ արևային ֆոտովոլտային (200մՎ), հողմային (200մՎ) և լողացող արևային էներգետիկայի ոլորտներում (100մՎ) համագործակցություն ծավալելու նպատակով:
Ես, իհարկե, չեմ ակնկալում, որ Երևանը տարակուսանք կհայտնի ընկերության ներկայացուցիչներին, առավել ևս՝ դուրս կգա համաձայնագրից: Սակայն պարզ է, որ հենց այդպես պետք իրեն դրսևորի Պետությունը»: