Կապիտալ ծախսերը թերակատարվել են 55 տոկոսով, պատճառները մի քանիսն են. Ֆինանսների նախարար
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ առաջին եռամսյակում կապիտալ ծախսերը թերի են կատարվել՝ 55 տոկոսով։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը դժվարացավ ստույգ պատասխան տալ հնչեցված հարցին, որովհետև արդյո՞ք կան այնպիսի պատճառներ, ինչի համար նախատեսել էին ավելի շատ կապիտալ ծախսեր, բայց կատարել են 55 տոկոսով, թե՞ դա գործընկեր նախարարությունների ավելորդ լավատեսության հետևանք է, ասաց նախարարը՝ շարունակելով.
«Նախատեսում էին, որ պետք է մեկ եռամսյակի ընթացքում մեծ ծավալով աշխատանքներ կատարեն, բայց իրականում այդպես չի ստացվել։ Այդուհանդերձ, այս հարցը գտնվում է Կառավարության ամենակարևոր հարցերի թվում։ Մենք երբ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի քննարկումն էինք սկսում կառավարությունում, ամենաառաջին քննարկման շրջանակներում զեկուցել ենք նաև ցածր կատարողականի մասով։ Վարչապետի հանձնարարությունն է եղել, որ այսուհետ մեր բոլոր գերատեսչությունները ներկայացնեն այն պատճառները, ինչի արդյունքում պետք է պարզել, թե որտեղ ավելի լավ կարելի է կազմակերպել աշխատանքը»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։
Ըստ նախարարի, այդուամենայնիվ այստեղ հարցն ունի երկու կողմ՝ եթե շատ խիստ մոտենան այն լավատեսությանը, որ գործընկեր նախարարություններն առաջին եռամսյակի համար ունեցել են ավելի մեծ ծախս, ապա չէին ցանկանա, որ հաջորդ տարվա ծախսերի համար վերցնեն ավելի ցածր թվեր, որպեսզի կատարողականի խնդիր չունենան։ Նրա կարծիքով՝ այստեղ մոտեցումը պետք է լինի միջին։
«Այս տարվա ընթացքում, եթե արդեն նկատել եք, առաջին եռամսյակի, տարվա ընթացքում էլ դա կնկատվի, ԵՄ ֆինանսավորման աղբյուր ունեցող որոշակի ուղղություններով նախատեսել ենք որոշակի մասնաբաժիններ՝ ֆինանսավորման։ Շատ կարևոր էինք համարում նման պլանավորումը, որպեսզի նաև մեր գործընկերներին տեսանելի լինի, որ մենք ծախսային ուղղությունը կարևորում ենք, և դա արտահայտված է մեր պետական բյուջեում։ Օրինակ՝ Հյուսիս-Հարավի հետ կապված՝ ներկայում գործընկերները բանակցում են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ուղղությամբ արձանագրելու նպատակով։ Մենք հասկանում ենք, որ սա խոշորագույն ծրագիր է, այն նաև մեր միջազգային գործընկերների տեսանկյունից հատուկ է իր նշանակությամբ, և իրենք էլ են մի քիչ ավելի զգույշ ու ուշադիր, քան, եթե լիներ ավելի փոքր ծրագիր»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։