1998 թվականից ի վեր ինչ-որ մեկը խոսե՞լ է Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու մասին, դրա տեսական հավանականությունը եղել է բոլոր իշխանությունների օրակարգում. Ալեն Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել էին ԱԺ նախագահին հունիսի 3-ին արտահերթ նիստ գումարելու առաջարկով՝ օրակարգում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հարցը։ Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարությամբ հրաժարվել է մասնակցել արտահերթ նիստին։
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կարձագանքի ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը՝ ուղղված ՔՊ անդամներին, եթե տղա են, թող գան խորհրդարան և մասնակցեն արտահերթ նիստին։
«Մենք եկել ենք այստեղ տղայությամբ չափվելո՞ւ, եթե այդպես էր, թող ինքը գար նախորդ նիստերին մասնակցեր, այլ ոչ թե միկրոֆոնը շուռ տար անհասկանալի, ինձանից է հեռու նստում, Ռուբինյանից է հեռու նստում, թե վարչապետին է ուզում մոտիկ նստել՝ անհասկանալի է։ Կամ նիստերին գալիս գրանցվում ու դուրս է գալիս, որովհետև իր նյարդային համակարգը… Այդ հյուրանոցը, որ կառուցել էր Սևանի ափին, թող Շուշիում կառուցեր, Սերժ Սարգսյանն էլ գնար բացմանը։ Սեյրան Օհանյանի տան վերաբերյալ խոսակցությունները, այդ ասաբնյակը ֆրանսիական ոճով թող Ստեփանակերտում կառուցեին։ Թող Ագնեսա Խամոյանը Ցվետանա Պասկալևայի նման ծրագրեր անի Արցախի մասին։ Բոլորի հետ կապված այնքան օրինակներ կբերեմ»,- հարցին ի պատասխան՝ հակադարձեց Ալեն Սիմոնյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ իշխանությունն աննախադեպ բան է արել ու շարունակում է անել Արցախի համար, և Արցախը փրկում են ոչ թե կենտրոնով շրջապտույտ անելով, այլ Արցախը փրկում են գործով, ինչն ընդդիմությունը չի անում։
ԱԺ նախագահը նաև ասաց, որ ընդդիմությունն արտահերթ նիստով փորձում է իր դեմքը փրկել։
«Իրենք հայտարարել էին, որ դուրս են գալու փողոց և այլևս չեն վերադառնալու, այդպես են անում այդ իրավիճակից դուրս գալու համար։ Արցախի բանակցությունների հետ կապված գործընթացները մաքսիմալ թափանցիկ են։ Ինչու եմ ասում մաքսիմալ, որովհետև, բնականաբար, կան բաներ, որոնք չես կարող ասել։ Սակայն ընդհանուր առմամբ մեր ժողովրդին ամեն ինչ ասվում է, և Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ որևիցե գործընթաց, որը չի ներառի Արցախի կարծիքը, որը չի ներառի ՀՀ քաղաքացիների կարծիքը՝ չկա»:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի մասին, ինչպես օրեր անց հայտարարեցին ՔՊ-ի շատ անդամներ, տեղյակ չեն եղել, որ Նիկոլ Փաշինյանը նման փաստաթուղթ է ստորագրելու։ Դրա մասին տեղյակ չեն եղել նաև Արցախում շատերը: Փաստաթղթի գոյության և այն ստորագրելու մասին տեղյակ չլինելու մասին հրապարակավ հայտարարեց նաև ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը:
Դիտարկմանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանությունը հայտարարում էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ այսօր դրա մասին որևէ խոսք չկա, Ալեն Սիմոնյանը պատճառաբանեց, թե «Ամեն պահի իրավիճակ է փոխվում, բանակցություններն իրավիճակ են փոխում, և հիմա ասվում է, որ այնտեղ կա բնակչություն, որն ունի իրավունքներ, և այդ իրավունքից է պետք բխեցնել կարգավիճակը։ Իսկ 1998 թվականից ի վեր ինչ-որ մեկը խոսե՞լ է Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու մասին։ 1998 թվականից սկսած Արցախի՝ Ադրբեջանի կազմում, այսպես ասած, տեսական հավանականությունը եղել է բոլոր իշխանությունների օրակարգում՝ «Մադրիդյան սկզբունքներ», Արցախը Մեղրիով փոխարինելու սկզբունքները և այլն։ Ես չեմ ասելու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև դա նշանակում է՝ բանակցություններից առաջ, դրա ընթացքում ինչ-որ գիծ դնել և ասել, որ սրանից հետո մենք չենք խոսելու»,- շեշտեց ԱԺ նախագահը։