«Հայր և որդի գիտակցաբար գնացին պատերազմ… հիմա նորից պիտի պայքարենք, հույսներս մեզ վրա դնենք». Ազատամարտիկի կին
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 36-ամյա արցախցի Արթուր Աղաջանյանը, ով Արցախի առաջին պատերազմում կորցրել էր հորը՝ Էդիկ Աղաջանյանին, մանկուց գիտակցել էր, թե ինչ հողի վրա է ապրում։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, Արթուր Աղաջանյանն առաջիններից էր, ով մեկնեց ռազմաճակատ՝ հայտարարելով, որ իր հոր ազատագրած հողերը պաշտպանելու հերթն իրենն է։
Այսօր Աղաջանյանների տանը՝ Արթուրի և հոր փառքի անկյունում, բազմաթիվ լուսանկարների, մեդալների, պատվոգրերի հետ միասին, նաև նրանց անկատար երազանքն է դրված՝ հայր ու որդի երազում էին լուծել Արցախի հարցը, որպեսզի իրենց որդիներն այլևս պատերազմ չտեսնեն։
Արթուր Աղաջանյանի մայրը՝ Լիդա Աղաջանյանը, թեպետ 1994 թվականին պատերազմում կորցրել է ամուսուն, բայց ասում է՝ գլուխները բարձր էին պահում, որովհետև հաղթանակած էին, ու իրենց երեխաներն ապրում էին ազատագրված հողում։
«Երբ արցախյան շարժումը սկսվեց, ամբողջ ազգը ոտքի կանգնեց, իմ ամուսինն առաջին օրվանից մասնակցել է ցույցերին, հետո արդեն՝ պատերազմին։ Ճիշտ է, նա զոհվեց, բայց կարծես թե գլուխներս բարձր ենք պահել, որովհետև հաղթել ենք։ Իսկ 44-օրյա պատերազմը, չգիտեմ… այսքան զոհեր տվեցինք, բայց պարտվեցինք, այսինքն՝ մենք չենք պարտվել, մեր զինվորը չի պարտվել, մեր տղաներին դավաճանել են։ Ամուսինս էլ է շատ հայրենասեր եղել, որդիս էլ։ Պատկերացրեք՝ գնացել էր Ռուսաստան, լավ աշխատում էր, լավ էլ վաստակում էր, բայց հետ եկավ Արցախ, ասում էր՝ չէ, մեր հողը քաղցր է։ Դե, հողն այնքան քաղցր էր, որ իրեն տարավ…
Սեպտեմբերի 27-ին երբ պատերազմը սկսվեց, Արթուրը երեխաներին Ստեփանակերտից բերեց գյուղ ու գնաց գերեզմաններ, հոր ծննդյան օրն էր, ասաց՝ գնամ հայրիկին հաջող անեմ՝ գամ։ Կռվել է Ջաբրայիլում, Վարանդայում, Հադրութում։ Զոհվել է Վարանդայում հոկտեմբերի 10-ին, բայց մենք լուր չենք ունեցել մինչև հոկտեմբերի 26-ը։ Որդիս զոհվել էր, մենք չգիտեինք, մտածում էինք՝ կապ չկա, դրա համար էլ չի զանգում։ Հոկտեմբերի 27-ին Արթուրին հուղարկավորեցինք Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում։ Երբ ամուսինս զոհվեց, Արթուրը 9 տարեկան էր, մյուս տղաս՝ 4, իսկ աղջիկս 2 տարեկան էր»,- ասաց Լիդա Աղաջանյանը։
Տիկին Լիդայի խոսքով՝ Արթուրը մասնակցել է նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմին, օրեր շարունակ չեն կարողացել նրա հետ կապ հաստատել, հետո զանգահարել է ու ասել, որ ամեն ինչ կարգին է։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ հույսով սպասել են, որ Արթուրը կզանգի…
«Ինձ հիմա ապրելու համար ուժ են տալիս Արթուրի երեխաները, օգնում եմ հարսիս՝ Արթուր կնոջը, որպեսզի միասին մեծացնենք երեխաներին։ Մենք չգիտենք՝ Արցախի հարցն ինչ է դառնալու։ 1994 թվականին մենք հաղթել էինք, մի տեսակ արխային էինք, ո՞վ կմտածեր, որ կարող է 30 տարի հետո այսպես լինի։ Վերքը կարծես թե մի կերպ սպիացել էր, բայց տղաս զոհվեց, սա ահավոր բան է, հայր և որդի գիտակցաբար գնացին պատերազմ… հիմա նորից պիտի պայքարենք, բայց ինչքան՝ չգիտեմ, հույսներս մեզ վրա պետք է դնենք»,- հավելեց տիկին Լիդան։
Այսօր Արթուրի կինը՝ Էլինան, իրենց երկու երեխաներին՝ տղային՝ 14-ամյա Էդուարդին, և աղջկան՝ 11-ամյա Լինային, դաստիարակում է՝ որպես հայրենիքին արժանի զավակներ, ասում է՝ թեկուզ միայնակ, բայց պետք է նրանց հասցնի իրենց երազանքներին։
«Մենք ոչ միայն ամուսիններ ենք եղել, այլև ընկերներ, ինձ համար Արթուրը մարդու իդեալ էր՝ բարի աշխատասեր, հարգանքով, նվիրված, Արթուրին բոլորն էին սիրում։ Արցախում բոլոր կանաք դեմ չեն եղել, որ իրենց ամուսինները պատերազմ գնան, որովհետև մենք պայքարող ազգ ենք։ Արթուրն ասում էր՝ որ ես չգնամ, ո՞վ պետք է գնա, երբ նրան ճանապարհում էի, վերջում ասաց, որ՝ սիրում եմ քեզ, ու գնաց… որևէ մեկը չէր պատկերացնում, որ այս պատերազմն այսպիսի ավարտ կունենա, բոլորս մտածում էինք, որ քառօրյա պատերազմի նման կլինի։ Պատերազմի օրերին բոլորիս հույս էր տալիս, ասում էր՝ ամեն ինչ լավ կլինի։
Արթուրի զոհվելուց 6 ամիս անց սառնարանի տակից նրա գրած նամակը գտա, երևի սառնարանի վրա է դրել, ընկել է։ Նամակում բարի խորհուրդներ էր տվել, համոզված էր՝ հաստատ հետ չի գալու, երևի զգում էր»,- պատմեց Էլինա Աղաջանյանը։
Արթուրն իր նամակում կնոջը գրել էր, որ երեխաներին ուշադիր լինի, այնպես, ինչպես ժամանակին իր մայրն է իրենց ուշադիր եղել, երեխաներին էլ խրատել, որ լավ մարդ լինեն, որ ինքը պատերազմ է գնում, որպեսզի իր երեխաներն էլ իր կյանքով չապրեն։
«Եթե վերադառնամ, այս թուղթը վառելու եմ, որ որևէ մեկդ չտեսնի»,- նամակում գրել է Արթուրը։
«Հանուն երեխաների պիտի ապրենք։ Ասում են՝ շարժումը կյանքի հոմանիշն է՝ առաջնորդվում ենք դրանով, որպեսզի երեխաները չընկճվեն, ձգտում եմ ամեն ինչ անել, որպեսզի իրենց նպատակներին հասցնեմ, չգիտեմ՝ ինձ մոտ դա որքանով կստացվի։ Տղաս միշտ ասում է, որ մի քանի տարի անցնի, մենք էլ կգնանք կպայքարենք ու մեր հողերը հետ կվերցնենք, հայրիկիս վրեժը կլուծեմ։ Տղայիս ասածներն ինձ և՛ վախեցնում, և՛ ուժ են տալիս, բոլորս էլ մեր երեխաների համար վախենում ենք, ամեն ինչ անում ենք, որ վատ բանի չհանդիպեն։ Բայց երևի հայի ճակատագիրն է՝ միշտ պայքարել։ Ուղղակի պիտի ուժեղ լինել, ես ո՛չ առաջինն եմ, ո՛չ էլ վերջինը, ինձ նման շատերը կան, հույս, հավատ ու ուժ է պետք ունենալ»,- եզրափակեց Էլինա Աղաջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում