«Վատն այն է, որ գին չեն ասում, վերջում են թողնում, որ մարդ ճարահատյալ տանի». խաղողագործները՝ նախարարի առաջարկի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ԱԺ-ում անդրադառնալով խաղողի մթերման խնդրին՝ ասել է, որ նախորդ տարիների դառը փորձը հաշվի առնելով՝ Կառավարությունն այս տարի առաջարկում է նախօրոք կնքել բոլոր մթերման պայմանագրերը և ֆինանսավորել միայն այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև հունիսի 30-ը:
Դա, նախարարի խոսքով, թույլ է տալիս, որպեսզի խաղողագործները ոչ թե մթերման ժամանակահատվածում իմանան, թե ում են հանձնելու խաղողը և ինչ գնով, այլ «օրինակելի ձևով կնքված գործարքներով» կարողանան նշված ժամանակահատվածում իրենց մթերող կազմակերպությանը հանձնել մթերքը:
Արարատի մարզի խաղողագործությամբ զբաղվող բնակիչները, ովքեր անցած տարի բախվել էին այս խնդրին՝ 168.am-ի հետ զրույցում ասացին, որ ոլորտը «ոտքից գլուխ խնդիր է»:
«Անցած տարի Այգավանի կոնյակի գործարանը 50 տոկոսով կրճատեց իր իսկ կնքած պայմանագրերը՝ պատճառաբանելով, որ տեղ չունեն, հենց գինը նախատեսվածից էժանանում է՝ լրիվ տարաները հինգ րոպեում դատարկվում է: Այգավանի գործարանից է կախված մեր տարածքում գնային քաղաքականությունը:
Ասում են՝ պայմանագիր. գյուղի բնակիչներից մեկին պայմանագրով օր են նշանակում, հավաքում-տանում է, ասում են, թե գրադուսը ցածր է, նա էլ պատասխանել է՝ ինչ մեղք ունի, եթե իրենք են օրը նշանակել: Եթե այդ օրն էլ չտաներ՝ չէին ընդունելու: Դիմեց դատարան, որն էլ որոշում կայացրեց, որ դեռ մի բան էլ բնակիչը պետք է գործարանին 72․000 դրամ վճարի ստացած դեղորայքի համար: Պայմանագիր կնքած շատ մարդիկ կան, որ գումար չունեն, դեղորայք գործարանն է տալիս, մթերելուց հետո գումարը գանձում են»,- ասաց խաղողագործ Արմեն Հակոբյանը:
Ժիրայր Ներսիսյանը, ով ևս խաղողագործ է՝ նշեց. «Վատն այն է, որ գին չեն ասում, վերջում են թողնում, որ մարդ ճարահատյալ տանի: Իսկ պայմանագիր կնքում են խաղող հանձնելուց մեկ ամիս առաջ: Անցած տարի 80 դրամով ենք հանձնել խաղողը»: