«Զոռով ապրում ենք․ խանութներից առևտուր եմ անում, հետո պարտքերը քիչ-քիչ տալիս ենք»․ տեղահանված արցախցի ընտանիքն օգնության կարիք ունի

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հազարավոր արցախցիներ են տեղահանվել։ Նրանց մեծ մասն այսօր ժամանակավոր բնակություն է հաստատել Հայաստանում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակետրտում՝ հույսով, որ մի օր վերադառնալու են իրենց հայրենի տուն։

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) գյուղում ևս տեղահանված ընտանիքներ կան։ Նրանք նույնպես կորցրել են ամեն ինչ՝ տուն, ապրուստ, գերեզմանոցները, պատերազմում զոհվել են նրանց հարազատները։

Սեդա Ավանեսյանը Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղից է, 44-օրյա պատերազմի ժամանակ տեղափոխվել  էին Հայաստան, այնուհետև վերադարձել Արցախ՝ Իվանյան գյուղ․

«Մենք Հին Մարաղայից ենք եղել, մեր տղան, որ հիվանդացել է, եկել ենք Նոր Մարաղա, որ Ստեփանակերտին մոտ լինի, հետո էլ այնտեղից են հանել։ Երեք հետի դուրս ենք եկել․․․»։

Տիկին Սեդան այսօր ապրում է որդու, հարսի և 2 թոռների հետ։ Պարբերաբար մի քանի օրով հյուրնկալում են նաև աղջկան և նրա 4 երեխաներին։ Աղջկա ամուսինը պատերազմի առաջին օրերին է զոհվել, Եռաբլուրում է հուղարկավորված։

Արցախցի այս ընտանիքը մի փոքրիկ տան մեջ ապրում են 10 հոգով։ Վարձավճարը 50.000 դրամ է, Արցախի կառավարությունն է վճարում, սակայն կոմունալ ծախսերն իրենք են հոգում։ Իսկ ընտանիքն ապրում է որդու հաշմանդամության թոշակով՝ 30.000 դրամ, և երեխաների նպաստով՝ նույնպես 30.000 դրամ․

«Զոռով ապրում ենք․․․ Խանութներից առևտուր եմ անում, հետո պարտքերը քիչ-քիչ տալիս ենք»։

Իվանյան գյուղի մոտակա խանութում ընտանիքը 100.000 դրամից ավելի պարտք է կուտակել․․․

Ընտանիքին օգնել ցանկացոցները կարող են կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ 097110509, Սեդա Ավանեսյան։

Տեսանյութեր

Լրահոս