
Բայդենի գործունեությանը հավանություն տալու մակարդակն իջել է մինչև ռեկորդային 36 տոկոս. Reuters

Ամերիկացիների կողմից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջո Բայդենի աշխատանքի հավանության մակարդակը երկրում գնաճի բարձրացման ֆոնին այս շաբաթ իջել է մինչեւ ռեկորդային 36 տոկոս: Մայիսի 24-ին այդ մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այն հարցման արդյունքները, որն ինքը կատարել է Ipsos սոցիոլոգիական ծառայության հետ համատեղ:
Ինչպես նշում է գործակալությունը, սույն ցուցանիշն անցյալ շաբաթվա համեմատությամբ նվազել է 6 տոկոսային կետով:
Հարցման այն մասնակիցների թվից, որոնք ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներ են, որի անդամ է Բայդենը, պետության ղեկավարի աշխատանքին հավանություն է տվել 72 տոկոսը (4 տոկոսային կետով պակաս, քան մեկ շաբաթ առաջ): Հարցման մասնակիցների 59 տոկոսը հավանություն չի տալիս նախագահի գործունեությանը:
Հարցումը կատարվել է մայիսի 23 – 24-ն ԱՄՆ-ի 1 005 չափահաս բնակիչների շրջանում: Վիճակագրական սխալանքը կազմում է 4 տոկոսային կետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: