«Սննդի հիգիենայի» մասնագետը՝ որպես բժիշկ-փորձագետ, վերլուծել և հաստատել է 31 բ/կ-ներից ստացված թվով 4042 հայտ. Հաշվեքննություն՝ ԱՆ-ում
168.am-ը երեկ անդրադարձել էր Հաշվեքննիչ պալատի՝ Առողջապահության նախարարության 2021թ. հաշվեքննության տարեկան արդյունքների ուշագրավ մի քանի դրվագների:
Այս հրապարակմամբ՝ այդ դրվագները կամբողջացվեն:
Այսպիսով, պետպատվերի շրջանակներում մատուցված ծառայությունների վերաբերյալ հաշվեքննությունից տեղեկանում ենք, որ 2021 թ. առաջին կիսամյակում 405 բ/կ–ների հաստատված կատարողականի դիմաց Առողջապահության նախարարության կողմից պակաս է վճարվել 7 միլիարդ 845 միլիոն 788 հազար դրամ: Արձանագրված այս և այլ խնդիրների նկատմամբ իրականացվել են հետհսկողական միջոցառումներ, որի արդյունքում նախ 9 ամիսների ընթացքում զգալի նվազել են կազմակերպություններին կատարված պակաս վճարումները, իսկ տարվա կտրվածքով՝ պայմանագրային պարտավորությունները կատարվել են գրեթե ամբողջ ծավալով:
Թերացումներ են առկա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների ծրագրով ֆինանսավորման ժամանակ. մասնավորապես, նախարարության կողմից չի տրամադրվել ըստ բ/կ-ների հաշվառված քաղաքացիների անհատական նույնականացման տվյալները, ինչը սահմանափակել է հաշվեքննողների կողմից բնակչության թվաքանակի հիման վրա կատարված ծախսերի հաշվարկման արժանահավատության գնահատման հնարավորությունը:
Քանի որ բժշկական մի շարք ծառայություններ իրականացվում են դեպքերի անհատական վարման միջոցով, հետաքրքիր արձանագրումներ են արվել նաև այս հատվածում:
Հիշեցնենք՝ դեպքերի անհատական վարումն իրականացվում է ՀՀ ԱՆ ՊԱԳ Փորձագիտական գնահատման և մշտադիտարկման առաջին և երկրորդ բաժինների կողմից, որտեղ փաստացի աշխատակիցների թիվը, ըստ հաշվեքննության, 2021 թ. եղել է 30:
Պարզվում է, սակայն, փորձագետները, լինելով մեկական ոլորտի նեղ մասնագետ, հաստատել են 1-5 տասնյակ հիվանդությունների խմբերի հայտեր, ընդ որում՝ այդ հաստատումները կատարվել են հիվանդությունների խմբերի գերակշիռ մասի համար կլինիկական ուղեցույցների բացակայության պարագայում:
Մասնավորապես՝
– «սննդի հիգենայի» մասնագետը, որպես բժիշկ-փորձագետ, վերլուծել և հաստատել է 31 բ/կ-ներից ստացված թվով 4042 հայտ, որի մեջ ներառվել են ուռոլոգիական, ուռուցքաբանական, ինտերվենցիոն սրտաբանական, կենսաքիմիական-բիոքիմիական, վարակիչ հիվանդությունների խմբերում ներառված հայտեր,
– «արդյունաբերության պլանավորման» մասնագետը՝ որպես մշտադիտարկող բժիշկ-փորձագետ, պետք է վերլուծեր և հաստատեր 7 բ/կ-ներից ստացված հայտեր, սակայն համաձայն «Արմեդ» համակարգից արտահանված տվյալների՝ ոչ մի հայտ չի հաստատել,
– «սիրտ-անոթային բուժման մեթոդների» մասնագետը, որն աշխատանքի ընդունվելու պահին ունեցել է միայն 2 տարվա ստաժ, որից միայն 1 տարին՝ բժշկության ոլորտում, փաստացի, որպես գլխավոր փորձագետ, վերլուծել և հաստատել է 4 բ/կ-ներից ստացված հայտեր՝ շուրջ 3142 հայտ՝ տարբեր հիվանդությունների գծով, այդ թվում՝ գենետիկական, իմունաբանական, գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական և այլն:
Այստեղ հետաքրքրական է նախարարության դիրքորոշումը, որով մասնավորապես հայտնել են, թե անհնար է սահմանված թվով 97 բժշկական օգնության և սպասարկման տեսակներին վերաբերող աշխատանքների կատարման համար ունենալ 97 նեղ մասնագիտացված բժիշկ-փորձագետներ, և թե լրացուցիչ մասնագիտական պարզաբանման անհրաժեշտության դեպքում ՊԱԳ-ի կողմից պարբերաբար գրավոր կամ բանավոր հարցումներ են արվում ԱՆ տվյալ ծառայությունների գծով խորհրդականներին:
Այս դիտարկմանը հաշվեքննողն արձագանքել է՝ նկատելով. «Ներկայացված պարզաբանումը ևս մեկ անգամ հիմնավորում է հաշվեքննողների կողմից ներկայացված այն դիրքորոշումը, որ հիվանդությունների գերակշիռ մասի համար կլինիկական ուղեցույցների բացակայության պարագայում այդ ոլորտի նեղ մասնագետ չհանդիսացող փորձագետի կողմից հայտերի գնահատումը չի կարող լինել արդյունավետ»:
Կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ֆինանսավորման ժամանակ ևս խախտումներ են մատնանշվել:
Վերջինը պայմանավորված է հանգամանքով, որ վերապրոֆիլավորված բ/կ-ների կողմից կատարված աշխատանքները էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում չեն արտացոլվել, իսկ ֆինանսավորումն իրականացվել է բ/կ-ների կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագիրների հիման վրա, ինչը հաշվետվողականության ոչ լիարժեք մեխանիզմ է, քանի որ չկա ընթացիկ հսկողություն:
Միևնույն ժամանակ, հաշվեքննությամբ հաստատվել է, որ չի իրականացվել Covid 19-ի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման շրջանակներում դեպքերի անհատական վարում և ներկայացված հաշվետվությունների արժանահավատությունը ստուգելու ընթացիկ հսկողական միջոցառումներ:
Ի դեպ, արձանագրվել է նաև, որ 2021 թ. չի իրականացվել նախարարության գործունեության նկատմամբ ներքին աուդիտ, ինչպեսև՝ նախարարության կողմից բուժհիմնարկներում ուսումնասիրություններ: