ԱՆ-ում սոցիալապես անապահով խմբերի անձանց բուժօգնության ծրագրի բյուջեն պակասեցվել է՝ ուղղվելով այլ ծրագրերի և պարգևատրումների

Հաշվեքննիչ պալատն ամսվա սկզբին հանրայնացրեց Առողջապահության նախարարության 2021թ. հաշվեքննության տարեկան արդյունքները: Հաշվեքննությունն իրականացվել է 2022 թ. փետրվարի 14-ից ապրիլի 30-ը, աշխատանքները համակարգել է ՀՊ անդամ Աբրահամ Բախչագուլյանը:

Հաշվեքննության ուշագրավ հատվածների մասին.

Պարգևատրումներ, պարգևատրումներ, հավելյալ հավելավճարներ

Օրինակ, տեղեկանում ենք, որ Կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ՝ «Սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնություն ծրագրի բյուջեով նախատեսված 27 միլիարդ 205 միլիոն 517 հազար դրամից 610 միլիոն 516 հազար դրամը պակասեցվել է և տեղափոխվել այլ ծրագրերի վրա՝ այդ թվում՝ 70 միլիոն 516 հազար դրամն ուղղվել է «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածին: Ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում:

Դեկտեմբերի 16-ի մեկ այլ որոշմամբ էլ՝ կրկին պարգևատրումներին ու խրախուսումներին է ուղղվել 21 միլիոն դրամ, որը միջծրագրային բաշխման արդյունքում վերցվել է «Հանրային առողջության պահպանում» ծրագրից:

Ի վերջո, տեղեկանում ենք, որ նախարարության կողմից կատարված վերաբաշխումների արդյունքում պարգևատրման ֆոնդը կազմել է 2020 և 2021 թթ. պետական բյուջեով հաստատված աշխատավարձի ֆոնդի 42.28 տոկոսը՝ նախատեսված 30 տոկոսը գերազանցելով 12.28 տոկոսով:

Ի դեպ, մեկ այլ դրվագում էլ Առողջապահության նախարարությունը դեկտեմբերին 15 միլիոն 787 հազար դրամի վերաբաշխում է կատարել, որից 1 միլիոն 791 հազար դրամն ուղղելով «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածին՝ այն դեպքում, երբ սահմանված թվով 180 հաստիքային միավորը 2021 թ. ընթացքում փոփոխության չի ենթարկվել:

Ավտոմեքենաներ և տրանսպորտային նյութեր

2021 թ. հունվարի 1-ի դրությամբ նախարարության հաշվեկշռում առկա է եղել թվով 12 ծառայողական մեքենա, ապրիլի 1-ին հաշվեկշռից դուրս է գրվել «Տոյոտա» մակնիշի 060 LL 60 պետհամարանիշի մեքենան՝ պայմանավորված 2020 թ. ռազմական գործողությունների ժամանակ Շուշի քաղաքի մերձակայում զինված հարձակման ենթարկվելու և այնտեղ թողնելու հանգամանքով:

Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում ԱՆ հաշվեկշռում եղել է 8 մեքենա: Ինչպես տեղեկանում ենք, սակայն, նախարարությունը չպահպանելով Կառավարության որոշման պահանջը՝ մեքենաները ձևակերպել է՝ որպես հերթապահ ծառայողական մեքենաներ:

Հաշվեքննողներն անհամապատասխանություններ են արձանագրել նաև բենզինի չափաքանակների և կտրոնների տրամադրման առնչությամբ:

Ներքին գործուղումներ՝ թերի փաստաթղթերով և առանց դրանց

Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ այս էպիզոդում ևս կան թերացումներ. մասնավորապես՝

Առողջապահության նախարարությունը չի պահպանել Կառավարության պահանջը, և գործուղման ծախսերի հատուցումը կատարել է ոչ թե գործուղման մեկնելուց առնվազն մեկ օր առաջ, այլ աշխատակիցների՝ գործուղումից վերադառնալուց հետո, ուշ,

2021 թ. 4-րդ եռամսյակի ներքին գործուղման փաստաթղթերը լրացվել են թերի, չեն ստորագրվել գործուղվող աշխատակցի կողմից: Առանձին դեպքերում բացակայել են գործուղման թերթիկը, ծախսերի հաշվետվությունը,

11 դեպքում գործուղման ծախսերի հաշվետվությունները չեն ստորագրվել, սակայն դա չի խանգարել նախարարությանը կատարել ծախսերի փոխհատուցում,

Անգամ արձանագրվել է գործուղման հրամաններին հետադարձ ուժ տալու 3 դեպք:

Նախարարության կարիքների համար գնումներ

Հաշվեքննիչ պալատն այստեղ արձանագրել է «Նատալի Ֆարմ» և «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ների կողմից մատակարարման պայմանագրով նախատեսված ժամկետների խախտում:

Եթե առաջին դեպքում ուշացման դեպքով նախարարության պարզաբանումը հաշվեքննողն ընդունել է ի գիտություն, ապա երկրորդ դեպքում՝ ֆորսմաժորի մասին կցված գրության մասին հավաստումը չի ընդունվել:

Ի դեպ, այս դեպքում՝ «Մ.Լ.Ն. Ֆարմ»-ը մանկական ինսուլիններին ձեռքբերման գնման պայմանագրով պարտավորությունները պետք է կատարեր ոչ ուշ, քան մինչև 2021 թ. դեկտեմբերի 15-ը, սակայն մանկական ինսուլինները մատակարարել է դեկտեմբերի 28-ին միայն, իսկ նախարարությունը չի հաշվարկել և չի գանձել շուրջ 200 հազար դրամ տույժը:

Շարունակելի…

Տեսանյութեր

Լրահոս