«Քրեական գործ են բացել, իբր կողային հայելիներ եմ գողացել․ Նիկոլը երևի վախենում է ավանակի վրա թարս նստելուց»․ խուզարկել են Սևադա Ղուկասյանի տունը

Իրավապահ մարմիններն այսօր վաղ առավոտից սկսել են խուզարկություններ իրականացնել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների բնակարաններում և տներում։

Վաղ առավոտյան՝ ժամը 06։00-ի սահմաններում, իրավապահները խուզարկություն են իրականացրել նաև Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչ Սևադա Ղուկասյանի տանը։ Սևադան հանրությանն առավել հայտնի է իր ակցիայով, երբ ավանակին բերել էր Երևան՝ ԱԺ շենքի մոտ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին ավանակի վրա թարս նստեցրած տաներ հայրենի գյուղ։

168.am-ն այսօր կեսօրին կապ հաստատեց Սևադա Ղուկասյանի հետ, հարցրեցինք, թե ի՞նչ են փնտրել իրավապահներն իր տանը և արդյոք որևէ բան հայտնաբերե՞լ են, թե՞ ոչ։

«Վրաս մի քրեական գործ են բացել, իբր Կոմիտասում ավտոմեքենայի կողային հայելիներ եմ գողացել։ Դե, հեռախոսս էլ է առգրավված, մայիսի 9-ից իրենց մոտ է․․․ Ուղղակի մի բան գիտեմ, որ այսօրվա մեր ոստիկանապետն ու իր տեղակալը՝ Ցուցուլյան Կամոն, այն ժամանակ, որ հասարակ օպերներ էին Իջևանում, մենք էլ ակտիվ երիտասարդներ էինք, իրենք պետք է լավ իմանային, որ, եթե նույնիսկ բոլոր պահանջվող գործիքներն ինձ տային, մի հատ մեքենա բերեին, 5 ժամ էլ ժամանակ տային, ասեին՝ այս 1 հատ հայելին քանդի, ես չէի կարող։ Եթե իրենց օպեր հալով այդքանը չեն տիրապետում, ուրեմն․․․ Դրանց մանկության երազանքը «միլպետ» դառնալն է եղել, այսօր ակամայից նստել են անհամապատասխան վայրում։ Վիրավորական է, էլի, ես հայելի գողացո՞ղ եմ․․․»,- ասաց մեր զրուցակիցը։

Սևադան նաև հավելեց, որ այսօրվա խուզարկության համար հիմք է հանդիսացել նաև թմրանյութ պահելը և օգտագործելը․

«Պարզվում է՝ վրաս մի ուրիշ գործ էլ են բացել։ Մայիսի 5-ին, որ Ֆրանսիայի հրապարակում մի տղա մահացավ, իբր հնարավոր է, որ կասկածյալ եմ, որ կարող է ես այդ մարդուն այդ բանը տված լինեմ, թե ինչ։ Թե ի՞նչ է սրանց նպատակը, ինչո՞ւ են այս էժան, պրիմիտիվ, ճղճիմ միջոցներին դիմում, չեմ հասկանում․․․ Բնականաբար, որևէ բան չի հայտնաբերվել, չկա, որ մի հատ էլ հայտնաբերվի»։

Սևադան շուրջ 1 ամիս առաջ տնից դուրս է եկել և Երևանում՝ Ֆրանսիայի հրապարակում, ակտիվ մասնակցում է ընդդիմության հանրահավաքներին, ուստի նրան հարցրեցինք, թե տանն ովքե՞ր են եղել, երբ իրավապահները ժամանել են․

«Ես ապրիլի 25-ին տանս հրաժեշտ եմ տվել, ասել եմ՝ մինչև Նիկոլը հրաժարական չտա, հետ չեմ գալու, ու այդ օրվանից մինչև հիմա փողոցում եմ․․․ Տանը հիվանդ մայր ունեմ, փոքր երեխա ունեմ, հո դուք հիմար չե՞ք, արա․․․

Պատասխան են տալու … Ես մի բան եմ հասկանում, որ գլխիս ուզում են մի բան սարքեն, կալանավորեն, մեկուսացնեն։ Նիկոլը երևի շատ ա վախենում ավանակի վրա թարս նստելուց, ուզում է ինձ էվակուացնի, բայց մենք դրան էլ ենք պատրաստ։ Ես չտանեմ, մեկ ուրիշը կտանի, մեկ է, Նիկոլն ավանակի վրա թարս նստած պետք է ամբողջ Հայաստանով ֆռա, հետո դեպի Ադրբեջան գնա։ Ես դա ակցիա չեմ համարում, այլ լուրջ գործողություն։ Պատասխան են տալու հատ-հատ։ Այդ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին էլ խորհուրդ կտամ, որ իր գյուղի տունը ծախի, անունը չասեմ, էլի, ինքը կհասկանա՝ ում եմ ասում, ինչ եմ ասում, որովհետև իր գյուղ մտնելն այսօրվանից հետո շատ բարդ է լինելու, շատ դժվար է լինելու, իզուր մնալու է, ծիծեռնակները բույն են դնելու այդ տանը, ափսոս, հերը լավ մարդ էր․․․»։

Սևադա Ղուկասյանը մեզ է տրամադրել նաև խուզարկության որոշման լուսանկարը, ինչպես նաև տեսանյութ, երբ իրավապահները խուզարկում են իր տունը։

Տեսանյութեր

Լրահոս