Կառավարության հերթական բլեֆը
Մինչ սոցիալական իրավիճակը երկրում գնալով լարվում է, իսկ դժգոհություններն օր օրի ավելանում են, իշխանություններն անցել են հասարակությանը մոլորեցնելու՝ իրենց ավանդական գործին։ Կառավարության անցած նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշեց հիշել և ժամանակից շուտ «ուրախացնել» կենսաթոշակառուներին՝ հայտարարելով, որ նախատեսում են սոցիալական նշանակության նոր համակարգ ներդնել։
Թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ համակարգը, շատ բան դեռ անորոշ է։ Բայց Նիկոլ Փաշինյանն արդեն այն ներկայացնում է՝ որպես կենսաթոշակների 10 տոկոս բարձրացում։
Թեև իրականում այդպես չէ, հակառակ դեպքում, ուղղակի կբարձրացնեին թոշակը։
Այսինքն՝ այդ 10 տոկոսը կավելացնեին թոշակին։ Բայց չեն ավելացնում։
«Տեղյակ եք, որ արդեն այս տարվանից մենք կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալներն ընդլայնել ենք և առաջիկայում ներդնելու ենք հետևյալ համակարգը՝ հանրապետության բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի դեպքում պետք է կիրառենք զեղչեր: Եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտի միջոցով, մենք կներդնենք զեղչերի համակարգ, որն ունի շատ կարևոր մի քանի նշանակություն:
Առաջին՝ զուտ սոցիալական նշանակություն, երկրորդ՝ կանխիկի շրջանառության կրճատում, երրորդ՝ այդ առևտրի տվյալների վերլուծություն, որի արդյունքում կարելի է արդյունավետ դարձնել սոցիալական քաղաքականությունը և գտնել առավել զգայուն կետերը մեր կենսաթոշակառուների կարիքների համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա պետության և մասնավորի համագործակցության շատ կարևոր օրինակ է, որովհետև այդ զեղչերը, ինչքան որ կսահմանվեն, հույս ունենք, որ կհամաֆինանսավորվեն կառավարության, բանկային համակարգի և մասնավոր հատվածի կողմից:
«Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև բանակցում ենք, նաև բանավոր խոսակցություններ ենք ունեցել տարբեր ընկերությունների հետ՝ այս ծրագրում ներգրավելու համար, բայց, այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ ոչ բոլոր ընկերություններն են տեղյակ, որ այսպիսի գործընթաց է տեղի ունենում: Ես հիմա կառավարության նիստում բարձրաձայնում եմ, որ ահա այսպիսի նախագիծ կա, և հույս ունեմ՝ այն ընկերությունները, որոնց մենք, այսպես ասած, հասցեական չենք դիմել, իրենք էլ նախաձեռնություն կցուցաբերեն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կաշխատեն»,- նշեց կառավարության ղեկավարը։
Ավելի առաջ գնալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սրանով 10 տոկոսով բարձրացնում են կենսաթոշակները՝ «Եթե ուղիղ ասենք՝ խոսքը թոշակները 10 տոկոսով բարձրացնելու մասին է, բայց մի փոքր այլ մեխանիզմով»:
Իրականում, սակայն, սա բլեֆ է. կենսաթոշակների ոչ մի բարձրացման մասին խոսք չկա, և այն, ինչ ուզում է անել կառավարությունը, ոչ մի առնչություն չունի կենսաթոշակների բարձրացման հետ։
Կենսաթոշակների 10 տոկոս բարձրացում՝ նշանակում է, որ նախկին, ասենք՝ 40 հազար դրամի փոխարեն՝ թոշակառուն ստանալու է 44 հազար դրամ։
Բայց այդպես չէ. կենսաթոշակառուն շարունակելու է ստանալ այնքան, որքան ստացել է։
Հիշեցնենք, որ վերջին անգամ կենսաթոշակների համընդհանուր բարձրացում Հայաստանում եղել է 2020թ., այն էլ՝ ընդամենը 3 հազար դրամի չափով։
Դրանից հետո շատ ջրեր են հոսել։ Բազմաթիվ ապրանքներ կտրուկ թանկացել են։
Կենսաթոշակների այն 3 հազար դրամ բարձրացումը, որը կառավարությունն արել էր, առնվազն մի քանի անգամ քիչ է, քան թանկացումների այն հսկայական ազդեցությունը, որը կրում են կեսաթոշակառուները։
Բայց կենսաթոշակներն ուղղակիորեն բարձրացնելու փոխարեն՝ կառավարությունը մի տարբերակ է ընտրել, որը ոչ մի առնչություն չունի կենսաթոշակների բարձրացման հետ։
Խոսքն ընդամենն անկանխիկ առևտրի դեպքում որոշակի հետվերադարձի մասին է։
Այդպես են մտադիր արել, որովհետև լավ գիտեն, որ կենսաթոշակառուների շատ փոքր մասն է օգտվում, և այդ համակարգը ներդնելուց հետո էլ շարունակելու է օգտվել անկանխիկ առևտրից։ Այնպես որ, շահառուների քանակն այս դեպքում հնարավորինս ավելի փոքր է լինելու, քան այն դեպքում, եթե համատարած թոշակ բարձրացնեին։ Հետո էլ արդարանալու են, որ իրենք տվել են այդ հնարավորությունը, բայց թոշակառուները չեն օգտվում։
Եթե իսկապես նպատակը թոշակները բարձրացնելն է, փողը տվեք կենսաթոշակառուին։
Բայց հասկանալի է, որ նպատակը դա չէ։ Ինչպես միշտ, նպատակը կենսաթոշակառուներին մանիպուլյացնելն է, թե թոշակները 10 տոկոսով բարձրանալու են։
Պետք չի ասել նաև, որ այդպես խթանում եք անկանխիկի շրջանառությունը։ Անկանխիկի շրջանառությունը խթանելու բազմաթիվ այլ ձևեր կան։
Եվ հետո, ո՞ւմ հաշվին է կառավարությունն ուզում տրամադրել այդ զեղչերը։
Դատելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից՝ ոչ միանշանակ կառավարության։ Զեղչերի մի մասը դրվելու է տնտեսության ու բանկային համակարգի վրա։
Ինչպե՞ս է կառավարությունը «շահագրգռելու» տնտեսվարողներին ու բանկերին, որպեսզի մասնակցեն այս համակարգին. գուցե այն հայտնի ու անհայտ մեթոդներով, որով մարդիկ «սեփական ցանկությամբ ու անշահախնդիր» նվիրատվություններ են անում կառավարությանը։ Համակարգին միանալը կամավո՞ր է, թե՞, ինչպես սովորաբար լինում է, կամավոր-պարտադիր։
Այդպիսի համակարգի ներդրման ազդեցությունը կենսաթոշակառուների վրա միանշանակ չէ։
Արտաքուստ երևալու է, որ կենսաթոշակառուների համար որոշակի զեղչեր են գործում, բայց դա շատ քիչ բան կարող է տալ նրանց, եթե զեղչերի համակարգը համատարած չլինի։ Ճիշտ չկիրառելու դեպքում դա տանելու է նաև առևտրի ավելի կենտրոնացման՝ փոքրերից այն գնալու է խոշորների մոտ։
Կա նաև տեխնիկական ապահովվածության խնդիր։ Բացի այդ, դա լրացուցիչ ծախս է տնտեսվարողների վրա, այդ թվում՝ բանկային համակարգի նկատմամբ։ Ուսումնասիրե՞լ է արդյունքը կառավարությունը, թե այսօր կենսաթոշակառուների քանի՞ տոկոսն է օգտվում անկանխիկ առևտրից, կամ ընդհանրապես քանի՞ տոկոսն է վստահում անկանխիկ առևտրին։ Կասկած չկա, որ այդպիսիք շատ քիչ են։
Հազիվ թե այս համակարգի ներդրումից հետո էլ էապես ավելանան։ Բայց եթե նույնիսկ համարենք, որ դրանից հետո բոլոր կենսաթոշակառուները միահամուռ սկսելու են անկանխիկ ծախսել իրենց կենսաթոշակները, միևնույն է, դա կենսաթոշակների 10 տոկոս բարձրացում չէ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ