Կարդարացնի՞ արդյոք Փաշինյանը Պուտինի ու Լուկաշենկոյի ակնկալիքները
Մայիսի 16-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀԱՊԿ ղեկավարների առաջին գագաթնաժողովն ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր` նվիրված 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակին և 2002 թվականի մայիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակին:
Սա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր նաև վերջին երկուսուկես տարվա ընթացքում, քանի որ կորոնավիրուսային համավարակի ընթացքում բոլոր նմանօրինակ հանդիպումներն անցկացվում էին առցանց ռեժիմով:
Նախօրեին կայացած ՀԱՊԿ ղեկավարների հանդիպման ամենաուշագրավ ելույթները վերաբերում էին ՀԱՊԿ-ում արտաքին սինխրոն դիրքորոշումներ ունենալուն, որի վերաբերյալ հարցեր բարձրացրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Այսօր կարելի՞ է ասել, որ մենք միասնական ենք մեր կազմակերպությունում և դեռ կապված ենք համերաշխության և աջակցության կապերով: Ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, մեր տեսանկյունից, միգուցե ես սխալվում եմ, կարծես թե՝ ոչ»,- նշել էր Լուկաշենկոն իր ելույթում:
Բելառուսի ղեկավարը մասնավորապես նշել է միջազգային կազմակերպություններում քվեարկության մասին՝ ակնարկելով, որ պաշտպանական կազմակերպության գործընկերներից ոմանք չեն պաշտպանում դաշնակիցների՝ Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումները։ Ավելին, նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն, որպես կառույց, ավելի համակարգված է գործում:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին պահը բաց չթողեց բարձրացնելու հարցեր, որոնք կարող են ականջահաճո լինել հայ հանրության համար, սակայն այդ հայտարարությունների արդյունավետությունը, հետևանքները, մեղմ ասած, խիստ կասկածելի են:
Նա ասաց, որ ՀԱՊԿ անդամ երկրների քվեարկության վերաբերյալ խնդիր կա, քանի որ հաճախ քվեարկություններն այնքան էլ համահունչ չեն:
«Ինչպես գիտեք, նախորդ տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին` 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման կարգի մասին դրույթով նախատեսված մեխանիզմները գործարկելու համար: Այդ փաստաթուղթը հաստատվել է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, սակայն, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր ՀՀ-ն»,- ասաց Փաշինյանը:
Հաջորդ խնդիրը, որը նա բարձրացրեց, վերաբերում էր ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդրին։
«Այդ զենքն արդյունքում օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Սա նույնպես խնդիր է, և, անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այդքան էլ չոգևորեց Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին»,- ասել է Փաշինյանը՝ զուգահեռաբար ընդգծելով ՌԴ և նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնահատուկ դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ խոսել է արտաքին քաղաքականության ոլորտում ՀԱՊԿ անդամների սերտ համակարգման կարևորության, ՄԱԿ-ում և այլ բազմակողմ հարթակներում համակարգված գործողությունների, ինչպես նաև միջազգային անվտանգության բազմապատկվող խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումների առաջմղման մասին:
Ղազախստանում խաղաղապահ գործողությունը, նրա խոսքով, հնարավորություն է տվել «կանխել ծայրահեղականների կողմից Ղազախստանում իշխանության զավթումը»։
«Հարկավոր է ընդլայնել համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության մեր գործընկերների հետ: Մեր կարծիքով՝ տեղին և ճիշտ կլիներ, և դա մենք կքննարկենք, ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալը»,- ասել է Պուտինը:
Նա խոստացել է նաև գագաթնաժողովի փակ հատվածում քննարկել Ուկրաինայի հատուկ գործողության մանրամասները։
Ինչ վերաբերում է Շվեդիայի և Ֆինլանդիայի առաջիկա մուտքին ՆԱՏՕ, ապա, ինչպես նշել է նա, այդ տարածքում ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումը, անշուշտ, կառաջացնի պատասխան։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է, որ գագաթնաժողովում ՀԱՊԿ-ին Ուկրաինայում հատուկ գործողության մեջ ներգրավելու հարցը չի քննարկվել։
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ Ռուսաստանի գլխավոր ակնկալիքը ՀԱՊԿ անդամ երկրներից ավելի մեծ քաղաքական աջակցության ակնկալիքն էր:
«Ինչպես ես հասկացա, դրվել էին հարցեր գոնե ՄԱԿ-ում միասնական քվեարկության մասին, քանի որ ռուսական կողմից քվեարկում են սովորաբար Բելառուսը, մեկ–մեկ էլ՝ Հայաստանը, իսկ մնացածը, որպես կանոն, խուսափում են կամ ձեռնպահ են մնում, ինչն ինքնին տարօրինակ է: Չեմ կարող կանխատեսել, թե կլինի՞ արդյոք կազմակերպությունում համերաշխություն, միասնականություն, որից խոսեցին գրեթե բոլորը: Դա միայն պրակտիկայում կտեսնենք»,- նման կարծիք հայտնեց Խրամչիխինը՝ շարունակելով, որ սովորաբար, ըստ ռեգիոնների, երկրները, կազմակերպությունը փորձում են դիտարկել միմիայն իրենց շահերի դիտանկյունից, խոսքն ինչպես՝ Հարավային Կովկասի, այնպես էլ՝ Միջին Ասիայի ու կոնկրետ Ռուսաստանի մասին է:
Ինչ վերաբերում է Փաշինյանի ելույթին ու բողոքին՝ ուղղված ՀԱՊԿ-ին, Խրամխիչինն ասաց, որ այս հարցում ևս պրակտիկան ցույց կտա՝ ՀԱՊԿ-ը կփոխի՞ իր մոտեցումը, թե՞ ոչ:
Իհարկե, ըստ նրա, շատ բան կախված է Ադրբեջանի գործողություններից, այսինքն՝ եթե նա որոշակի ակտիվություն ցուցաբերի, այդ դեպքում հարց կառաջանա՝ ինչպե՞ս կպահի իրեն ՀԱՊԿ-ը, եթե չլինի ակտիվություն, ապա հարց էլ չկա:
«Ակնհայտ է նաև, որ եթե Ռուսաստանն ակնկալում է համերաշխություն, համերաշխություն պետք է լինի բոլոր ուղղություններով, Հայաստանի հարցում ևս պետք է լինի սիմետրիա, միայն Ղազախստանի հարցում է այս ընթացքում եղել միասնական դիրքորոշում այս տարեսկզբին, թեև ինքը՝ Ղազախստանը, այս կառույցի ամենամեծ էնտուզիաստը չէ: Ստացվում է, որ յուրաքանչյուրն իր շահն է պահում, ու դժվար է ասել, թե ինչպես կշարժվի ՀԱՊԿ-ը»,- ասաց Խրամչիխինը՝ հավելելով, որ Ռուսաստանը, Բելառուսը ցանկանում են, որ այս փուլում ՀԱՊԿ-ն ամրապնդվի, բայց ոչ միասնականությունը ու ՀԱՊԿ պատմությունը այդ ճանապարհին մեծ խնդիր է:
Խոսելով նաև ՀԱՊԿ-ում ԱՊՀ դիտորդության մասին, ռուս ռազմական վերլուծաբանն ասաց, որ նախ հասկանալի չէ՝ ԱՊՀ-ն ինչ է:
«Պարզապես տարօրինակ է խոսել այդ կազմակերպության մասին, քանի որ որպես քաղաքական երևույթ՝ այն վաղուց դադարեցրել է իր գոյությունը, որևէ խնդիր չի լուծում, ուստի ԱՊՀ-ից ով ու ինչպես, ինչին է դիտորդություն անելու՝ ևս կդժվարանամ ասել»,- ասաց Խրամչիխինը:
Ըստ նրա, ամեն դեպքում նման հարց բարձրացվում է՝ ցույց տալու համար ՀԱՊԿ-ի գործունակությունը և այն, որ այդ կազմակերպության նկատմամբ կա հետաքրքրություն:
Հիշեցնենք, որ նախօրեին 168.am-ը անդրադարձել էր ՀԱՊԿ-ի օրակարգին, որն ըստ էության հաստատվեց նաև ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հրապարակային ելույթներով: