Ի՞նչ խնդիր է դնելու Կրեմլը Փաշինյանի առջև

ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի 16-ին Մոսկվայում՝ մասնավորապես Կրեմլում, նախատեսվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, որին կմասնակցեն Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սադիր Ջապարովը, Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, հանդիպումը նվիրված է լինելու Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակին։

Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն կազմակերպության պատասխանատվության ոլորտում տիրող իրավիճակը, դրա զարգացման հեռանկարները և կընդունեն հայտարարություն՝ նվիրված ՀԱՊԿ-ի տարեդարձին։

Ի դեպ, հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունն է նախագահում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:

Հարկ է նշել, որ ուկրաինական պատերազմը սկսվելուց ի վեր սա Պուտինի և ՀԱՊԿ գործընկերների նման ձևաչափով առաջին հանդիպումն է։ Ըստ մի շարք ռուսաստանցի և բելառուս վերլուծաբանների, Ռուսաստանը մտածում է ՀԱՊԿ-ն ամրապնդելու, ընդլայնելու մասին:

168.am-ի տեղեկություններով՝ իրական օրակարգը միայն մասամբ կապ ունի այն ծրագրի հետ, ինչը ռուսական կողմն ու ՀԱՊԿ-ը ներկայացրել են՝ որպես պաշտոնական հաղորդագրություն:

Ըստ մեր աղբյուրների, ՌԴ ղեկավարությունը նպատակ ունի նախ շոշափել, հասկանալ, ի վերջո, ուկրաինական պատերազմի հարցում գործընկերների վերաբերմունքը, հստակ գիտակցելով, որ բոլորը պահպանում են ընդգծված չեզոքություն՝ բացառությամբ Բելառուսի: ՌԴ որևէ գործընկեր չի միացել նաև Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու ՌԴ քայլին:

Բացի պարզապես դիրքորոշումներ հասկանալը, ըստ մեզ փոխանցված տեղեկության, նպատակ կա կորզել ի աջակցություն Ռուսաստանի դիրքորոշումներ և քայլեր:

168.am-ի աղբյուրների խոսքով, Կրեմլը հույս ունի ստանալ կոնկրետ աջակցություն՝ գոնե դիվանագիտական տեքստերի տեսքով: Միևնույն ժամանակ Ռուսաստանում հասկանում են, որ սա դժվար խնդիր է, քանի որ Ուկրաինայում պատերազմ սկսելու որոշումը ՀԱՊԿ բոլոր գործընկերների հետ քննարկված որոշում չի եղել: Այստեղ կրկին բացառության ռեժիմում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով տեղյակ էր ՌԴ նախագահի ծրագրերից: «Սակայն ուկրաինական հարցը լիովին շրջանցել ՌԴ գործընկերները չեն կարողանա վաղ թե ուշ, գուցե դա չլինի այս փուլում հրապարակային, կլինեն ոչ պաշտոնական բանակցություններ այս հարցով: Բնականաբար, ծիծաղելի կլիներ խոսել Մոսկվայի կողմից ռազմական աջակցության ակնկալիքի մասին, այստեղ այլ աջակցության մասին խոսք կլինի: Բացի այդ, պետք է գնահատել նաև այն, որ այս ամիսների ընթացքում ՌԴ-ն իր գործընկերներին բարդ դրության մեջ չի գցել»,- ասացին մեզ:

Այս համատեքստում հատկապես մարտահրավերային է Նիկոլ Փաշինյանի իրավիճակը, ով, որպես ՀԱՊԿ նախագահող, փորձեց «վայելել» տարեսկզբին Ղազախստանում ՀԱՊԿ պատմության մեջ անցկացված առաջին խաղաղապահ կարճատև օպերացիայի «դափնիները»: Եվ չի բացառվում նաև, որ ՀԱՊԿ նախագահողի վրա ուկրաինական պատերազմի հարցում աջակցության նոր խնդիրներ դրվեն, որը Նիկոլ Փաշինյանին, ով վերջերս ավելի ակտիվորեն սկսել է աշխատել Արևմուտքի հետ, մասնավորապես՝ եվրոպական հարթակում սկսելով քննարկել Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցերը, գցելու է աշխարհաքաղաքական փակուղու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս