Բաժիններ՝

Ձորերին ձեռք տալ պետք չէ. Ո՞ւմ է պետք քո բացառիկ ճարտարապետությունը, եթե լրիվ ավերում ես. Քաղաքաշինության դոկտոր

Գործադիրը հաստատել է Կառավարության օրակարգում որպես չզեկուցվող հարց ներառված Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների ներկայացրած՝ Երևան համայնքում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը:

Ծրագրով նախատեվում է ՀՀ մայրաքաղաք Երևանում, իսկ ավելի ստույգ՝ Կենտրոն վարչական շրջանի Ձորագյուղ ազգագրական թաղամասի 1-ին փողոց 21/3, 21/4, 21/5 հասցեներում գտնվող տարածքում կառուցել, ըստ ծրագրի հեղինակների՝ միջազգային չափանիշներին համապատասխան և ռելիեֆային անկումով հողատարածքի համար նախատեսված ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր:

Համալիրում ներառվելու են բնակելի և բիզնես տարածքներ, բայց նաև հատուկ մշակութային միջոցառումների համար նախատեսված սրահ (արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ որոշակի նմուշների ցուցադրության մասով), երեք հարկից բաղկացած ավտոկայանատեղի և ճարտարապետական նորագույն լուծումներով այգի:

Ծրագիրը ներառելու է նաև հարակից տարածքների բարեկարգում և ընդհանուր առմամբ կարող է լավ սկիզբ դառնալ Հրազդանի կիրճի ճարտարապետական միջավայրի ձևավորման և հետագա զարգացման համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կատարել մոտ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։

Բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցման արդյունքում նախատեսվում է ստեղծել 150-200 նոր աշխատատեղ։

Ներդրումային ծրագրի հեղինակները նախատեսել են այն ավարտել մոտ 2-3 տարում։ Մտածել են նաև բնակելի հատվածի համար տեսարանների ապահովման մասին, այսպես՝ պետք է լինի բաց պատշգաբներով հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը, Արարատ կոնյակի գործարան, ինչպես նաև Հաղթանակի կամուրջ: Գրասենյակային հատված, որը կլինի դեպի ժայռերը ընկած շենքի ետնամասում, իր մեջ ներառելով «գաղտնի այգի» անվանումը կրող այգի՝ շենքի հետնամասում, սրճարան, որը կապահովի Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի այցելուների, գրասենյակներում աշխատող անձնակազմի, ինչպես նաև բնակիչների պահանջները, կլինիկա, մանկապարտեզ, որը կլուծի թե բնակիչների, և թե գրասենյակային աշխատակիցների երեխաների նախակրթական խնդիրները, մարզասրահ։

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը կարծում է, որ կառուցապատողը ճիշտ չէ և չի հասկանում, թե ձորերը «վերացնելու» իմաստը որն է:

«Պարիսպով փակում են, որ հանկարծ չիմանաս՝ այնտեղ ձոր է: Ստացվում է՝ ցանկացած մեծահարուստ ինչ տեղ ուզի, կարող է վերցնե՞լ: Վաղը Հանրապետության հրապարակի մեջտեղի հատվածն են ուզելու, տալո՞ւ են: Ձորերին ձեռք տալ պետք չէ: Թամանյանի գլխավոր պլանով Մարկ Գրիգորյանի սխալը տեսեք, թե որն է. Բաղրամյան պողոտայի փոխարեն՝ Թամանյանը մեծ մագիստրալ արել էր մի փողոց ներքև՝ դեպի ձոր, այսինքն՝ Այգեձորի փողոցը: Իսկ մյուս դեպքում պետք է Կոմիտասի փոխարեն լիներ Արամ Խաչատրյան փողոցը: Կենտրոնական փողոցները որ լինեին Արամ Խաչատրյանն ու Այգեձորի փողոցները, արդեն կգնային դեպի ձոր, և այն կընդգրկվեր քաղաքային ստրուկտուրայի մեջ: Իսկ Մարկ Գրիգորյանը մի փողոց վերև արեց, ու ձորն այդպես մնաց բարձիթողի վիճակում: Հիմա էլ որոշ բաներ կարելի է անել, բայց կառուցապատողը ճիշտ չէ: Թող դեպի Դավիթաշեն տանող հատվածում անի, այնտեղ էլ ձոր կա. եկել է այստեղ՝ ի՞նչ է ուզում: Ձորի էֆեկտը բնության մեջ է. պետք է լինի բնություն, ծառ ու ծաղիկ, ոչ թե ստոմատոլոգիական կենտրոն: Հիմա, որ ատամն այդտեղ հանեն, երկու ատա՞մ է աճելու: Ո՞ւմ է պետք քո բացառիկ ճարտարապետությունը, եթե լրիվ ավերում ես»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը:

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով, նախկին Ձորագյուղ թաղամասի շենքերը կան, ինչպես, օրինակ, Փարաջանովի տունը, շենքերը, որոնք հիմքեր ունեն, եթե համալիրը դրանց տեղն է լինելու, որևէ խնդիր չկա, եթե այդ ամենից դուրս չի գալու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս